Օսկանյանը չի բացառում, որ դաշինքը կլքի որեւէ ուժ

Օսկանյանը չի բացառում, որ դաշինքը կլքի որեւէ ուժ

«Համախմբում» կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր համագումարից հետո կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացրեց, որ դեռեւս ընթացքի մեջ է «Ժառանգության» հետ բանակցությունները։ Նրա խոսքով՝ Ծառուկյանի հետ «հետեւողական քննարկումներ» չեն ունենում, ասաց, որ բոլորի հետ կոնտակտներ ունեն։



Հետընտրական ակտիվ գործողությունների մասին հարցին Օսկանյանը պատասխանեց․«Ամեն ինչ պետք է անել, որպեսզի կանխել, թույլ չտալ։ Կարծես թե ժողովուրդն այս անգամ վճռական է տրամադրված, սփյուռքն է մասնակցություն ունենալու, սպասենք, տեսնենք։ Բայց որ ժողովրդի կամքը մասսայաբար ոտնահարվում է, ես կարծում եմ, որ դրան բավարար արձագանք պիտի լինի եւ քաղաքական ուժերի եւ հասարակության կողմից»։ Ներկայացնում ենք «Հրապարակ»-ի հետ ունեցած հարցուպատասխանը։



-Պարոն Օսկանյան, առաջադրումների փուլն արդեն սկսվել է, ձեր դաշինքում կարծես հապաղում են, զուգահեռ հակասական լուրեր կան տարաձայնությունների մասին։ Ի՞նչ սկզբունքով է ձեւավորվելու դաշինքի ցուցակը։



-Դեռ ժամանակ ունենք, կներկայացնենք։ Կվերջնականացնենք, այն ուժերը, երբ վերջնական որոշում կկայացնեն դաշինքում լինելու, այն ժամանակ վստահ եմ, որ բավական հաջող ցուցակ կկազմենք։ Տարակարծություններ կարող են լինել, բայց վստահ եմ՝ լավ ցուցակ կկազմենք։



-Օրերս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց դաշինքից դուրս գալու հնարավորության մասին, ասաց, որ ցուցակի ձեւավորման հարցում գզվռտոց կա։ Ի՞նչ գզվռտոցի մասին է եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ այլ ուժեր եւս հեռանան դաշինքից։



-Գզվռտոց բառը ճիշտ բառ չէ, բնական է, որ ամեն մի քաղաքական ուժ իր խնդիրներն է դնելու, եւ քաղաքական ուժերը, երեւի թե ելնելով ցուցակի կազմից, վերջնական որոշում կկայացնեն՝ ուզո՞ւմ են մնալ դաշինքում, թե չեն ուզում։ Մի քանի օրվա ընթացքում մեր մոտ պարզ կդառնա։



-Այսինքն՝ հնարավո՞ր եք համարում, որ ի վերջո ցուցակի շուրջ տարաձայնությունների արդյունքում ի սկզբանե դաշինք ձեւավորելու մասին հայտարարած երեք ուժերից որեւէ մեկը ներկայացված չլինի։



-Անկեղծորեն դժվար է ասել՝ ինչպիսի վերջնական տեսք կունենա դաշինքը։



-Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դերակատարում ունի՞ դաշինքում ։



-Չէ, Սամվել Բաբայանը էդպես դերակատարում չունի, ես կարծում եմ՝ ինչ-որ պահի ինքը իր որոշումը կհայտնի, բայց խորհրդարանական մասնակցություն նա մեր դաշինքի հետ չունի։



Բաբայանը մեզ հետ զրույցում ըստ էության խոստովանեց դաշինքի հետ ունեցած կապի մասին, ասաց, որ եթե ինքը ձեւավորեր ցուցակը, առնվազն առաջին տասնյակում չէին լինի այդ մարդիկ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ ցուցակ է տեսել Բաբայանը։



-Իրեն պետք է հարցնեք, բայց ցուցակի կազմման հարցում ինքը դերակատարում չունի։



-Քաղաքական ուժերից շատերը որդեգրել են սկզբունքը, որ ցուցակում ընդգրկվածները պարտադիր պետք է նաեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն։ Ձեզ մոտ գործելո՞ւ է այդ սկզբունքը։



-Ցանկալի է, բայց պարտադիր չէ։