Կգումարենք-կհանենք, կբազմապատկենք, աճպարար կհրավիրենք, աստրոնոմ՝ կհաշվեն

Կգումարենք-կհանենք, կբազմապատկենք, աճպարար կհրավիրենք, աստրոնոմ՝ կհաշվեն

Վերջին օրերին էլ տեղեկություններ են հասնում, որ Հովսեփյան-Խաչատրյան լարվածությունը սրվել է։ «Ծառուկյան դաշինքով» առաջադրված Լյովա Խաչատրյանը, սակայն, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրեն ոչ մեկը չի կարող խոչընդոտել։



- Ամեն մեկն իր գործն է անում, ազատ տեղաշարժվում եմ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենիքում։ Ինչ կլինի հետո, իհարկե, չգիտեմ, որովհետեւ Ընտրական օրենսգիրքն այլ վեկտորներ է ցույց տալիս, ամեն օր ճակատամարտեր, թեժ մարտեր։



- Ի դեպ, իշխանական Ձեր գործընկերները վերջերս ԲՀԿ-ին հաճախ են հիշեցնում, որ ԸՕ-ն ընդունվել է ընդդիմության հետ լայն կոնսենսուսի արդյունքում, մինչդեռ Դուք օրերս հանդես եկաք այն փոխելու առաջարկով։



- Ես կոնսենսուսի մասնակից չեմ եղել, դեմ եմ եղել եւ բազմիցս եմ ասել այդ մասին, որ երկիր չսիրող, ժողովուրդ չսիրող մարդիկ են նման օրենսգիրք գրել, որպեսզի բոլորին բոլորի դեմ հագնեն։ Հիմա էլ շարունակում եմ առաջարկել՝ քանի ուշ չէ, եկեք հրաժարվենք, պատերազմող երկրի համար շռայլություն է նման առճակատումներով գնալ ընտրությունների։ Հաստատ ուշ չէ, մի քանի օգնականներով կարող են փոխել։



- Իսկ Ձեր մարզում ո՞վ ում է «հագել», ինչպես Դուք ասացիք։



- Գիտեք, մրցապայքարը դեռ չսկսված՝ արդեն բախումներ կան, ոչ մեկի մոտ ոչինչ չի բացառվում, քանի որ այս ԸՕ-ն առճակատման ուղեցույց է։



- Պարոն Խաչատրյան, Ձեր ընտրատարածքում մեծ հավակնություննե՞ր ունեք, մարզպետը դաշնակցական է, Ձեր դեմ, ըստ որոշ լուրերի, Աղվան Գառնիկիչն է աշխատում։



- Իմ կատարած աշխատանքները, իմ վարվելաձեւը, բաց լինելը, ժողովրդի կողքին լինելը, ցանկացած պահին ինձ իմ տան մեջ հյուր գալը՝ իրենց պրոբլեմներով, սա զուր չի կարող անցնել, եւ ես երջանիկ եմ, որ այն եզակի մարդկանցից եմ, որն անհատական քարոզարշավ է իրականացնելու իր ընտրատարածքում։



- Աղվան Հովսեփյանը Ձեզ չի՞ խանգարում կամ խանգարելու։



- Բայց ինքը կարծես թե իրավունք չունի ի պաշտոնե խառնվելու։



- Բայց տեղեկություններ կան, որ խառնվում է։



- Դե, եթե տեսնեմ, ապա մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ մատնացույց կանեմ այդ մասին։



- Իսկ ինչո՞ւ երբեմնի ընկերները դարձան ոխերիմ թշնամիներ, նախկինում Ձեր եւ Աղվան Հովսեփյանի ջերմ հարաբերությունների մասին բոլորը գիտեին, նաեւ ասում էին, որ համատեղ բիզնեսներ ունեք։



- Ես ոխերիմ թշնամի չունեմ, ոչ ոխերիմ թշնամի էլ չունեմ, ես չգիտեմ, իմ մոտ նման զգացողություն չունեմ, մնացածն իրեն պետք է հարցնեք։ Եկեք խոսենք ընտրական հարաբերություններից, անձնական հարաբերությունները թողնենք այդ դաշտում։



- ԲՀԿ-ի էլեկտորատն Արագածոտնում ո՞ւմ է ընտրելու, Ձեր նախկին կուսակիցներից երկուսը՝ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, ՀՀԿ-ի թեկնածուներ են։



- Ես ոչ մեկի դեմ պայքարելու խնդիր չունեմ, ես կարող եմ միայն մի բանի համար պայքարել, որ ժողովուրդը նորից վստահի ինձ, որովհետեւ ես միշտ հասանելի եմ եղել եւ իրենց կողքին։ Իսկ ԲՀԿ-ի ձայները կգնան ԲՀԿ-ին, Խաչատրյան Լյովայինը՝ Խաչատրյանին, մնացածներինն էլ՝ իրենց, կգումարենք-կհանենք, կբազմապատկենք-կբաժանենք, աճպարար կհրավիրենք, աստրոնոմ, էլի ուրիշ մասնագետներ, կհաշվեն ու կորոշեն, թե ով է անցնելու խորհրդարան։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ