Մի անտարբեր ու անպատասխանատու չինովնիկի ձեռքով

Մի անտարբեր ու անպատասխանատու չինովնիկի ձեռքով

Եթե դուք երբեւիցե անցել եք Արգիշտի փողոցով, անպայման ականատես եղած կլինեք այդ թաղամասում տիրող, այսպես կոչված, սոդոմ-գոմորին: Դա հայտնի «Գլենդել Հիլզ» նորակառույց թաղամասն է, որ կարծես ոչ թե բնակչության համար է ստեղծված, այլ տասնյակ հարյուրավոր մեքենաների կայանատեղի է: Մայրաքաղաքային կոչվող զորամասի զինծառայողները հիմնականում պայմանագրային ծառայողներ են, ամեն օր նրանք գալիս են ծառայության սեփական մեքենաներով:



Մի աննկարագրելի վիճակ է հատկապես առավոտյան, երբ զինվորական մասի դիմաց գտնվող գինու-կոնյակի գործարանից շարասյուն է դուրս գալիս՝ հսկա ցիստեռներով, դուրս են գալիս նաեւ զորամասի բեռնատար մեքենաները՝ զինվորներով լցված, բարձր, խլացուցիչ ազդանշաններով՝ սարսափազդու մի վիճակ։ Այնպիսի խցանում, որ մարդիկ հազիվ են կենդանի դուրս պրծնում այդ փակուղուց: Եթե հաշվի առնենք նաեւ շրջապատի բնակելիների, բանկերի, ուսումնական հաստատությունների, բազմաթիվ ձեռնարկությունների մեքենաները, որոնց համար անվճար կայանատեղի է Արգիշտի փողոցը, որտեղ չկա ոչ մի գույնի գիծ եւ տեսախցիկ, պատկերը պարզ կլինի:
Այս տարածքում է գտնվում նաեւ «Գլաձոր» համալսարանը, որը մի ներշնչող շենք է՝ իր բակով, այգիներով, ջրավազանով եւ կից բազմաթիվ կառույցներով:



Տնօրեն Ջհանգիրյանին քիչ է թվացել այդ ամենը, եւ նա ցանկացել է այդ ընդհանուր, բոլորին հատկացված եւ ծանրաբեռնված փողոցից եւս մի խոշոր հատված մտցնել իր տարածքի մեջ: Չինական պարսպի նման կառուցված հսկա պատը մի օրում արագությամբ քանդեց եւ այդ նեղ, դժվարանցանելի ճանապարհից մի մեծ հատված սեփականացրեց, նույնիսկ զինվորական մասի կարգավիճակը հաշվի չառնելով՝ ավելացրեց իր տիրույթը եւ մի նոր ջհանգիրյանական պարսպով սեփականացրեց ընդհանուր տարածքը:



Բնականաբար, Ջհանգիրյանն առանց թույլտվության չի արել սա։ Նա Երեւանի քաղաքապետարանից թույլտվություն է ստացել՝ հենց իր աչքի առաջ հանրային տարածքը զավթելու եւ մի հսկա թաղամասի բնակիչների կյանքը դժոխքի վերածելու համար։



Ուզում եմ հարց ուղղել քաղաքապետարանին՝ ո՞վ է այն անտարբեր, անպատասխանատու, շահամոլ չինովնիկը, որ ստորագրել է այդ թույլտվության տակ: Եվ դա այնքան արագությամբ կատարվեց՝ հսկա պատը մի օրում քանդվեց, եւ նույն արագությամբ էլ տեղում նորը կառուցվեց, որ մենք՝ բնակիչներս, չհասցրինք անգամ ուշքի գալ։ Եվ այս ամենը՝ մի աչքածակ, անկուշտ պաշտոնյայի, մի անփույթ, անտարբեր չինովնիկի թեթեւ ձեռքով:



Զորամասի պաշտոնյաները կարող էին կանխել այդ չինական պարսպի կառուցումը, չէ՞ որ ամենից շատ իրենց է խանգարում, երբ հրահանգ է լինում շարասյունով շտապ դուրս գալ զորամասից։ Բայց չարեցին: Եվ քանի որ հողհատկացումն այլեւս անդարձ է արվել, եւ վերադարձ հնարավոր չէ, ապա պետք է պատժվի այդ թույլտվությունը տվողը: Այդ նեղ, կարելի է ասել, ծանրաբեռնված Արգիշտի փողոցում, «Գլաձորի» դիմաց մի կիսախարխուլ, ավերված շենք կա, որի վրա արդեն երկու տարի է՝ հայտարարություն է փակցված վաճառքի մասին:



Հիմա Երեւանում յուրաքանչյուր թիզ հողն աճուրդի է հանվում, պատկերացրեք՝ եթե վաճառվի նաեւ այդ հատվածը, ի՞նչ կկատարվի այդ թաղամասում: Գոնե հանեք այդ հայտարարությունը, քանդեք այդ շենքը, բարեկարգեք տարածքը եւ լայնացրեք փողոցը, որ երթեւեկել լինի, ապրել ու տեղաշարժվել լինի այս հսկա թաղամասում:



Վալյա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ