Լավրովն ու հայ-թուրքական սահմանի բացումը

Լավրովն ու հայ-թուրքական սահմանի բացումը

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանին ու Թուրքիային մեկնարկել բանակցություններ Հայաստան-Թուրքիա փակ սահմանը բացելու ուղղությամբ։



Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Regional Post — Caucasus»-ին տված հարցազրույցի ընթացքում: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ուներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապասառեցման գործընթացում, որը տեղի ունեցավ 2007-2009 թթ., իսկ հետագայում առկախվեց:



«Սկզբունքորեն շատ կարեւոր է, որ կողմերը դրսեւորեն պայմանավորվելու եւ լուրջ պատասխանատու որոշումներ կայացնելու կամք: Վստահ եմ, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են կարգավորել առկա խնդիրները: Սակայն շատ բան հենց իրենցից է կախված: Չէ որ քաղաքական գործչի որակական կարեւոր հատկանիշ է նաեւ լավատեսությունը, բացի դժվարությունները տեսնելու եւ իրատեսորեն վերլուծելու կարողությունից, քանի որ լավատեսությունն է, որ հնարավոր է դարձնում իրականացնել սեփական երկրի քաղաքացիների ցանկությունները:



Երբ Անկարան եւ Երեւանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց աջակցել ամենաակտիվ կերպով»,- ասել է Լավրովը` հավելելով որ կարեւոր կլիներ, որպեսզի ԵԱՏՄ արտաքին սահմանի այդ հատվածը բացվեր եւ մարդիկ կարողանային ազատ շրջանառել իրենց ապրանքներն ու ծառայությունները: