Էրդողանն ուռկանը նետել է և հանել չորս հոգի

Էրդողանն ուռկանը նետել է և հանել չորս հոգի

Այս օրերին աշխարհում այնքան ռեզոնանսային իրադարձություններ են զուգահեռ կատարվում, որ դժվար է դրանցից մեկի վրա կենտրոնանալ: Եթե արեւի շարժմանը հետեւելով արեւելքից դեպի արեւմուտք հայացք նետենք, ապա թեկուզ միայն վերջին մեկ-երկու օրում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջին արտասահմանյան այցով ժամանեց Ճապոնիա, որտեղից մեկնելու է Չինաստան եւ Հարավային Կորեա` օրակարգում ունենալով հատկապես Հյուսիսային Կորեայի առաջնորդին Չինաստանի օժանդակությամբ զսպաշապիկ հագցնելու, միջուկային փորձարկումները կանխելու կամ գոնե դրանց առավել արդյունավետ հակազդելու հարցը: 



Մերձավոր Արեւելքում Դամասկոսի դատական բարձրագույն ատյանում պայթյուններ որոտացին` ահաբեկչությունն ընդհուպ մոտեցնելով Բաշար Ասադի իշխանության միջնաբերդին: Իրաքում էլ հաստատվեց, որ Մոսուլի Հին քաղաքի ազատագրման մարտերում ոչնչացվել է ISIS-ի հերթական պարագլուխը, ով եղել է համացանցում ISIS-ի զինյալների եւ համակիրների հիմնական հավաքագրողը: Թուրքիայում իշխանության հակա-եվրոպական հիստերիային, անմիտ հայտարարություններին եւ քայլերին միացան համացանցի թուրք ցանցահենները` հարձակումներ իրականացնելով Նիդեռլանդների եւ Գերմանիայի հանրային ու պետական կառույցների էլեկտրոնային կայքերի հանդեպ:
Աֆրիկյան մայրցամաքում՝ Սահարայում շարունակվեց զանգվածային սովամահությունը, որը, համաձայն ՄԱԿ-ի գնահատումների, ամենածանր հումանիտար աղետն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր եւ կարող է ավարտվել մի քանի տասնյակ միլիոն մարդու սովամահությամբ:



Եվրոպայում բոլորի ուշադրությունը երեկ եւ նախօրեին գամված էր Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությանը: Ամենքին հետաքրքրողն աշխարհահռչակ հակաիսլամիստ, Նիդեռլանդներում մահմեդականների արտաքսումը եւ Ղուրանի արգելումը քաղաքական ծրագիր դարձրած Գիրտ Վիլդերսին տրվող ձայներն էին: Ընդհանուր առմամբ, Նիդեռլանդների ընտրությանը մասնակցում էր 28 կուսակցություն, եւ դրանցից 27-ը հրաժարվել էր Վիլդերսի հետ հետընտրական կոալիցիա կազմելուց, ինչը նշանակում էր, որ Վիլդերսը որքան էլ ձայն հավաքի, միեւնույն է` կառավարություն չի կազմավորի, ոչ էլ նույնիսկ կառավարության կազմում կհայտնվի: Նիդեռլանդներում ոչ մի կուսակցություն 25%-ից ավելի քվե չի ստանում արդեն 130 տարի, եւ վերջին անգամ ոչ-կոալիցիոն կառավարություն կազմվել է 19-րդ դարի վերջին:



Սակայն բոլորին հետաքրքրում էր Վիլդերսի քվեների քանակը, քանի որ դա Եվրոպայում աջ ծայրահեղական, ամբոխավարական տրամադրությունների ցուցիչ էր: Կեսգիշերին հայտնի դարձավ, որ վարչապետ Ռուտեի կուսակցությունը 33 մանդատ է ստացել Վիլդերսի 20 մանդատի դիմաց: 19-ական մանդատ էին ստացել նաեւ էսթաբլիշմենթը ներկայացնող երկու այլ կուսակցություններ: Եվրոպայում բոլորը հանգիստ շունչ քաշեցին. Brexit-ի եւ Թրամփի ընտրությամբ սկզբնավորված անպատասխանատու ամբոխավարության հաղթարշավը Նիդեռլանդներում կասեցվեց: Մնում է Ֆրանսիայի ընտրություններում Լը Պենը նույնքան տպավորիչ պարտվի:



Ամերիկայում, ինչպես հունվարի 20-ի պաշտոնամուտից ի վեր գրեթե ամեն օր, իր ռեպերտուարի մեջ էր նախագահ Թրամփը` նորից առիթ տալով հիշելու ամերիկյան հոգեբանի խոսքը. «Եթե Դոնալդ Թրամփն աննորմալ վարք ունի, դա դեռ ապացույց չէ, որ նա հոգեկան հիվանդ է: Մի վիրավորեք հոգեկան հիվանդներին»: Դեռ 100 օր չի անցել նախագահի պաշտոնն ստանձնելուց, Թրամփը 2020-ի վերընտրման նախընտրական հիմնադրամ է ձեւավորել եւ այդ հիմնադրամի ֆինանսավորմամբ գնացել էր Միչիգան` նախընտրական արշավի: Այս մարդը, ակներեւաբար, ունակ չէ նախընտրական արշավից բացի ուրիշ մի գործունեության: Մարտի 15-ին նա նորից յոթ մահմեդական երկրներից քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագրի նոր տարբերակ ստորագրեց, որը, սակայն, նախորդի նմանությամբ, նույնիսկ դեռ ուժի մեջ չմտած, վիճարկվեց եւ արգելափակվեց դատարաններում: 



Դատավորները նոր տարբերակում դարձյալ սահմանադրության խախտումներ էին տեսել: Սակայն դատարանները նախանձելի վիճակում են ԱՄՆ Կոնգրեսի հետախուզական մարմինների հարցերով հանձնաժողովի համեմատությամբ: Վերջինիս առհասարակ չի հաջողվում Սպիտակ տնից ստանալ որեւէ թուղթ կամ ապացույց Թրամփի թվիթերյան գրառման, այնուհետ վերահաստատած ամբաստանության առնչությամբ, թե իր հեռախոսազանգերը նախընտրական շրջանում Օբամայի ցուցումով գաղտնալսվել են: Օրեր են անցել, վերջնաժամկետներ են խախտվել, Թրամփը ոչ մի հիմնավորում չի ներկայացնում: Այժմ էլ Սպիտակ տնից մեկնաբանում են, թե Թրամփն Օբամա ասելով՝ Օբամային նկատի չի ունեցել: Իսկ ո՞ւմ է նկատի ունեցել… Դե, եկ ու հոգեբանի բառերը մի հիշիր:



Խելահեղության դափնիները` Էրդողանին



Այդուհանդերձ, ոչ Հյուսիսային Կորեայի բռնապետը, ոչ ISIS-ի պարագլուխները, ոչ Նիդեռլանդների Վիլդերսը, ոչ էլ Թրամփի ռեալիթի-շոուները չեն կարող Էրդողանից խլել շաբաթվա խելահեղության դափնին: Երեւի աշխարհում չկա միջազգային լրատվությանն առնչվող մեկը, ով չի լսել, թե ինչպես են Նիդեռլանդներում անցյալ շաբաթավերջին արգելել Թուրքիայի ԱԳ նախարարի ինքնաթիռի վայրէջքը, «persona non-grata» հայտարարել եւ երկրից արտաքսել չալմայապատ մեկ այլ նախարարի, Ռոտերդամի թուրքական հյուպատոսարանի առջեւ հավաքված ցուցարարներին էլ ձիավոր ոստիկաններով ու շներով ցրել:



Թուրքիայում ամբողջ քաղաքական դաշտը դրանից հոգեկան տրավմա է ապրել: Բոլորը գոչում ու պահանջում են Նիդեռլանդների դեմ դեմարշ, Էրդողանն ու AK-ն էլ իրենց ողջ մտավոր ունակությունները լարել են մի լուծում գտնելու, որով մի կողմից Նիդեռլանդների դեմ հրապարակավ հայհոյախոսեն, քաղաքական կապեր խզեն, մյուս կողմից, սակայն, հոլանդական բիզնեսին չնեղացնեն, նրանք Թուրքիայից իրենց ներդրումները չհանեն:



Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ ծավալված քաղաքական փոխհրաձգության, դիվանագիտական դեմարշների եւ Թուրքիայի հանդեպ ուրվագծվող տնտեսական ճնշումների ողջ իրարանցման մեջ, սակայն, ամենախոսուն դրվագը մի զվարճալի եւ չգիտես` Էրդողանին, AK-ին, թե Թուրքիային ոչնչացնող տեղեկություն էր: Թուրք նախարարներին Եվրոպայից արտաքսելուց ի վեր Էրդողանը փրփուրը բերանին աղմկում ու սպառնում էր, որ ինքը Եվրոպայի դեմ կհանի ողջ աշխարհը, մասնավորապես՝ Իսլամական կոնֆերանսի երկրներին, որտեղ այժմ Թուրքիան նախագահում է: Մինչդեռ աշխարհը, գոնե իսլամական աշխարհը Եվրոպայի դեմ հանելու կամ նվազագույնը գոնե Թուրքիային զորակցող հայտարարությունների հասնելու Էրդողանի հավակնություններից ու ջանքերից ահա թե ինչ ստացվեց:



Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն օրերս մի նյութ տարածեց՝ «Աշխարհը դատապարտում է Նիդեռլանդներին» վերտառությամբ` «աշխարհ» անվան ներքո թվարկելով չորս անձի անուն: Մեկը քաղաքական կուսակցության անդամ էր՝ Թունիսից, մյուսը քաղաքական գործիչ էր՝ Մավրիտանիայից, երրորդը նախկին պաշտոնյա էր՝ Իրաքից, չորրորդը` քաղաքականապես հայտնի դեմք Եգիպտոսի հալածվող ընդդիմությունից: Էրդողանի նետած ուռկանը ողջ աշխարհից ընդամենը չորս հոգու էր կարողացել հանել, որոնց անուն առ անուն թվարկել էր «Անադոլու» գործակալությունը: Դա մոնումենտալ լուր էր` Էրդողանի խելահեղության պատասխանը եւ Թուրքիայի մերժվածության ցուցիչը միաժամանակ:



Թուրքիայի շուրջ մեկուսացման օղակը սեղմվում է, եւ երկրի ներսում խնդիրները բազմապատկվում են տպավորիչ պրոգրեսիայով: Եթե ներկա ընթացքը ձգվի մինչեւ ապրիլի 16-ը, ապա կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել, որ Սուրբ Հարության տոնին Թուրքիան կհատի գոյության ու կործանման ռուբիկոնը: Սահմանադրական հանրաքվեում Էրդողանի տապալվելու դեպքում անգամ Էրդողանի կուսակիցներն են մարգարեանում, թե երկրում կսկսվեն քաղաքացիական բախումներ, ինչը վերջնահաշվում նշանակում է քաղաքացիական պատերազմ եւ Թուրքիայի փլուզում ներսից:



Էրդողանի հաղթանակի դեպքում արտաքին անբարյացակամությունն ու ճնշումները կահագնանան` Թուրքիային դեպի քաոս ու փլուզում հրելով դրսից: Տեսնենք՝ ռուբիկոնն ինչպես կհատվի Սուրբ Հարության տոնին:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ