Մեծ աղմուկ Դանիելի շուրջ

Մեծ աղմուկ Դանիելի շուրջ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր sut.am կայքով մի մեծ իրարանցման կենտրոնում հայտնվեց։ Ամերիկյան սկանդալի՝ ութերգեյթի նմանությամբ մի բացահայտում իրականացրեց՝ 134 կրթական հաստատությունների տնօրենների ինքնախոստովանությունները ձայնագրելով։ Դրանից հետո Դանիելի դեմ կեղտոտ կամպանիա սկսվեց, որն անսպասելի չէր։ Նախ առաջ մղվեցին համընդհանուր ատելության թիրախում հայտնված դպրոցի տնօրենները, որոնց անունից «Ազատություն» ռադիոկայանով ելույթ ունեցավ թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը։



Անպարտելի տնօրենն իրեն ընտրակեղծարարի նման չէր պահում, ծիծաղելի արդարացումներ էր բերում եւ դեռ մի բան էլ «մուննաթ» էր գալիս՝ մեղադրելով Դանիելին եւ նրա թիմին՝ իրեն գաղտնի ձայնագրելու եւ իր իրավունքը խախտելու համար։ Իշխանական թերթերից մեկում նախօրեին հայտնվեց երիտասարդ իրավապաշտպանին «նվիրված» մի մեծ հոդված, որը «հերոսացրել» է Դանիելի հորն ու մորը, տատիկին՝ ներկայացնելով, թե քանի բողոք են նրանք ներկայացրել ոստիկանություն, երբ, ինչ կերպ են փակվել այս բողոքները։ Իոաննիսյանը, բնականաբար, պատասխանեց սրան։ Նա կարծիք հայտնեց, որ իր ընտանիքին եւ անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները թերթին փոխանցել են իրավապահ մարմինները։



«Իրավապահ համակարգը կեղտոտ հնարքների է դիմել՝ իմ անձնական կյանքին վերաբերող նյութերը փոխանցելով թերթերից մեկին, եւ դա անսպասելի չէր ինձ համար»,- ասաց նա։ «Հատկապես ո՞ր մարմինները» հարցին պատասխանեց․ «Հավանաբար, ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն»։ Հիշեցնենք, որ 2008-2012 թվականներին, որոնց վերաբերում է հրապարակումը, քննչականները ոստիկանության ենթակայության տակ էին, կոմիտե դեռ չկար, եւ, այսպես թե այնպես, Դանիելի մեղադրանքներն ուղղված էին ոստիկանությանը։



Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցին իր քննադատությունն է ուղղել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հայտարարություն անելով ի պաշտպանություն Դանիելի եւ մեղադրելով ոստիկանությանը նրա անձնական տվյալների հրապարակման համար։ «Դանիել Իոաննիսյանի՝ օրենքով պաշտպանված անձնական տվյալների հրապարակումը հանդիսանում է առաջին հերթին կոպիտ միջամտություն նրա անձնական կյանքին եւ նպատակ ունի ճնշում գործադրել անձամբ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ, քանի որ նրա կողմից են հրապարակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունները»,- գրված է հայտարարության մեջ։ 



Ոստիկանությունը, ի պատասխան մեր եւ այլ ԶԼՄ-ների հարցմանը, երեկ օրվա կեսին պարզաբանեց․ «Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր եւ տատի կողմից 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերն արխիվացվել են եւ ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն: Հիշյալ անձանցից այլ դիմումներ կամ ահազանգեր ստանալու փաստը հնարավոր չէ ճշտել, քանի որ 2008-2011թթ. ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժին մուտքագրված դիմումների եւ բողոքների հաշվառման մատյանները, դրանց պահպանման ժամկետներն անցնելու կապակցությամբ ոչնչացվել են ՀՀ ոստիկանության պետի գերատեսչական հրամանով սահմանված կարգով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անձի մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տվյալներ հրապարակելը, ինչպես որակված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության գործելակերպը չէ, ուստի կոչ ենք անում ենթադրությունների հիման վրա ոստիկանությանը չվերագրել անհեռանկար, պարզունակ եւ օրինականության տեսանկյունից կասկածելի գործողություններ»:



Մնում է ենթադրել, որ ոստիկանության հետ Դանիելի ընտանեկան առնչությունների վերաբերյալ տեղեկությունները <սլիվ> է արել դատախազությունը, կամ, որն ավելի հավանական է, ԱԱԾ-ն։ Այս գերատեսչությունն է ԽՍՀՄ-ից եկած ավանդության ուժով դոսյեներ հավաքում քիչ թե շատ տեսանելի անհատների դեմ։ Մինչ իրավապահներն իրար վրա են նետում տակառը, Իոաննիսյանը պատրաստվում է հրապարակել պետական այն չինովնիկների անունները, որոնց էլ դպրոցների տնօրենները փոխանցել են քաղաքացիների ցուցակները։ Դատախազության հայտարարությունը, որ դպրոցների տնօրենների կողմից իրականացված ցուցակագրումներում հանցակազմ չկա, նա բացասական է գնահատում։ «Հանցակազմը չպետք է փնտրեն առանձին տնօրենների արարքում։ Մեզ ու ոչ մեկին էլ չի հետաքրքրում՝ այդ տնօրենները լավն են, վատն են։ Սա համակարգ է, եւ համակարգի հանցագործությունը պետք է քննվի։ Սա մի բուրգ է՝ մեկ վարչական ռեսուրսով ու մեկ գագաթով»,- ասաց իրավապաշտպանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ