«Աշտարակ կաթն» ու «ՍԱՍ»-ը լեզու կգտնեն

«Աշտարակ կաթն» ու «ՍԱՍ»-ը լեզու կգտնեն

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածու առաջադրված Արտակ Սարգսյանն անգամ նախընտրական քարոզչության շրջանում անկեղծ չէ ընտրողների հետ, խուսափում է իր համար տհաճ հարցերից։ Իրողությունն այն է, որ, ըստ համընդհանուր կարծիքի, նրան՝ ՍԱՍ-ի Արտակին պատկանող «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ն հրաժարվում է վճարել իր պարտքերը մատակարարներին՝ մասնավորապես, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին, որին մոտ 15 մլն․ դրամ է պարտք։ Այժմ «Աշտարակ կաթ» ընկերությունը սնանկության գործընթացում է, եւ սնանկության կառավարիչը դատական կարգով հավաքում է «Աշտարակ կաթի» պարտքերը։ 



Որքա՞ն գումար է «ՍԱՍ գրուպը» պարտք «Աշտարակ կաթին»՝ հետաքրքրվեցինք պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանից։ «Ինձ զանգել եք, հարցնում եք, ես Ձեզ ի՞նչ պատասխանեմ հիմա,- ասաց ԱԺ պատգամավորը՝ խիստ զարմացած, որ իրեն՝ բիզնեսի հետ կապ չունեցող «մաքուր» պատգամավորին, բիզնեսից ենք հարցնում,- ես ի՞նչ իմանամ, ես որտեղի՞ց իմանամ, զանգեք «ՍԱՍ գրուպ», թող էնտեղից պատասխանեն Ձեզ, ես ո՞նց Ձեզ պատասխանեմ»։ «ՍԱՍ գրուպ» ընկերության հաշվապահի հետ զրույցից էլ ակնհայտ էր, որ այստեղ հույս ունեն խուսափել դատական քաշքշուկից եւ հարցերը լուծել բարեկամաբար։ Հաշվապահը չժխտեց, որ իրենք մեծ պարտքեր ունեն, բայց թե որքան՝ սուպերմարկետների ցանցի ֆինանսական դեպարտամենտում խուսափեցին հստակեցնել՝ նշելով, որ սա առեւտրային գաղտնիք է։



«Հիմա մեր իրավաբանն զբաղվում է այդ հարցով՝ ում ենք պարտք, ում պարտք չենք եւ ինչքան»,- ասաց հաշվապահը՝ վստահեցնելով, որ իրենցից դժգոհ մատակարարներ չկան։ «Մենք պրոբլեմ չունենք ոչ մի ընկերության հետ, այդ թվում՝ նաեւ «Աշտարակ կաթի», իրենք եւս դժգոհ չեն մնա»։ Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ «ՍԱՍ գրուպը» լեզու է գտել գործընկերների հետ, եւ վերջիններս հրաժարվել են դատական հայցերից։ Ամռանն ընկերության դեմ դատական հայց էր ներկայացրել հակահրդեհային համակարգեր տեղադրող «ՍՕՍ սիսթեմս» ընկերությունը։ Դատարանը, սակայն, չի ընդունել հայցը՝ սխալ ձեւակերպված լինելու պատճառաբանությամբ։ Ընկերության տնօրեն Վահագն Ծատուրյանը մեզ հայտնեց, որ իրենք այլեւս հայց չեն ներկայացրել, քանի որ սուպերմարկետների ցանցը վերադարձրել է իրենց գումարը։



«Մենք հիմա էլ աշխատում ենք նրանց հետ»,- ասաց տնօրենը։ «ՍԱՍ գրուպ»-ը, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալների, համարվում է գերիշխող դիրք ունեցող ընկերություն, եւ սնանկություն նրան չի սպառնում։ Իսկ սպառողների շրջանում տարածված կարծիքների համաձայն, սա ամենաթանկ գներ ունեցող ցանցերից է, եւ առնվազն տարօրինակ է, թե ինչու է ընկերությունը սիրում պարտքեր կուտակել։



Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթ»-ին, ապա այն վերջերս տեր է փոխել, կարճ ժամանակում մարել է իր պարտքերի 65 տոկոսը եւ այժմ առողջացման փուլում է։ Պետությունն օգնում է «Աշտարակ կաթին»՝ ոտքի կանգնելու։ Ընկերությունը, որի նոր տերերն ամերիկյան ամուր կապեր ունեցող Ասատրյան եղբայրներն են, նոր ներդրումներ են խոստացել եւ ներդրումների ու տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանի ուշադրության կենտրոնում են։ Չի բացառվում, որ պետությունն օգնի «Աշտարակ կաթ»-ին իրավական խնդիրները լուծելու եւ պարտքերը հավաքելու հարցում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ