Արդարադատության նախարարությունը բացասական է գնահատել «Իրավունքի» հոդվածը

Արդարադատության նախարարությունը բացասական է գնահատել «Իրավունքի» հոդվածը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հիմնադրած «Իրավունք» թերթի սկանդալային հրապարակումը, որում ոստիկանության արխիվներից հանված նյութեր էին հրապարակված քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի եւ նրա հարազատների վերաբերյալ, անձնական տվյալներ է պարունակում, եւ սա միջամտություն է նրա անձնական կյանքին։ Այս եզրակացության են եկել արդարադատության նախարարությունում՝ «Հրապարակի» խնդրանքով ուսումնասիրելով «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» հոդվածը։



Նախարարության պատասխանում ասվում է․ «Խնդրո առարկա հրապարակման մեջ ներկայացված տեղեկություններն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի իմաստով անձնական կյանքի տվյալներ են (անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ), հետեւաբար, դրանց հրապարակումը միջամտություն է ՀՀ սահմանադրության 31-րդ եւ 34-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին եւ խնդրահարույց կլինի ցանկացած դեպքում, եթե չհիմնավորվի, որ հրապարակումն անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ եւ միջազգային իրավունքի, եւ ՍԴ որոշման համատեքստում հանրային հետաքրքրությունը եւ հանրային հետաքրքրասիրությունը չպետք է նույնականացվեն»: 



Հիմնավորումները հետեւյալն են․ ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք, անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի... անձեռնմխելիության իրավունք»։ ««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե առկա է անձի համաձայնությունը, այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված է, անձնական տվյալները ձեռք են բերվել հանրամատչելի աղբյուրներից»:



Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Արգելվում է... այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար»։



Դանիելի պատանեկության շրջանին վերաբերող քաղվածքները ոստիկանության արխիվներից, որոնցում արծարծվում են նրա եւ նրա մոր հարաբերությունները, նեղ անձնական միջադեպեր ու վեճեր ընտանիքի անդամների միջեւ, անշուշտ, կարող են բավարարել բանալու անցքից ներս նայողի հետաքրքրասիրությունը, բայց արդյո՞ք սա է լրագրողի առաքելությունը՝ հանրության շահից բխող։ Ավելի հեշտ կլինի հիմնավորել հակառակը՝ որ այսկերպ փորձ է արվում լռեցնել, վախեցնել նրանց, ովքեր կհանդգնեն իշխանավորի դիմակ պատռել։ Տվյալ դեպքում՝ դպրոցների տնօրենների ու նրանց հրահանգողների իրական դեմքը բացել։ Հիշեցնենք, որ ինքը՝ ակտիվիստը, իր անձնական կյանքի վերաբերյալ հրապարակումը համարեց քաղաքական հետապնդում, իրավապահ համակարգի կեղտոտ ոտնձգություն իր նկատմամբ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ