ՀՔԾ-ն դեռ չի պատասխանել Դանիելին

ՀՔԾ-ն դեռ չի պատասխանել Դանիելին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը համարում է, որ իր անձնական տվյալները տարածելով, իշխանությունը պատասխանել է sut.am կայքի հրապարակմանը, որում տնօրենները խոստովանում էին, որ քաղաքացիների ցուցակներ են կազմել։ Ինքն էլ իր հերթին հաղորդում է ներկայացրել իրավապահների դեմ Հատուկ քննչական ծառայություն։ Բանն այն է, որ «Իրավունք» թերթի հրապարակման մեջ մանրամասն ներկայացվում էր, որ Դանիել Իոաննիսյանի հարազատները՝ մայրը, հայրը, տատիկը, միմյանց հետ լարված հարաբերություններ են ունեցել և ինչ բողոքներ են միմյանց դեմ ներկայացրել ոստիկանություն և վերջինս ինչ ընթացք է տվել այդ բողոքներին։ «Ես գրել եմ, որ ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն իմ անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները փոխանցել է «Իրավունք» թերթին։ Ես կարծում եմ, որ և իմ անձնական կյանքին վերաբերող տվյալները փոխանցող իրավապահ մարմինը, և «Իրավունք» թերթը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության օրենսգրքի 144-րդ հոդվածով», - ասում է իրավապաշտպանը։ Այս հոդվածը՝ «Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը», սահմանում է, որ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով տարածելը կամ հավաքելը, կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով: Այս հոդվածը լայն կիրառություն չունի, սակայն ամեն պահի կարող է մահակ դառնալ լրագրողների գլխին, քանի որ անձնական տվյալներ հասկացությունը շատ լայն է։ Անձնական տվյալների պաշտպանության օրենքի իմաստով՝ անձնական կյանքի տվյալներ են համարվում անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ։ «Ենթադրում եմ, որ երեկ են ստացել իմ դիմումը, դեռ պատասխան չկա, եթե անգամ ձևական քննություն կատարեն, ՄԻԵԴ-ը կա ու կա», - ասում է Դանիել Իոաննիսյանը։



Սյուզան Սիմոնյան