Հասկացան, որ ԱԱՀ սահմանին գանձելը սխալ է

Հասկացան, որ ԱԱՀ սահմանին գանձելը սխալ է

Կառավարությունը վճռել է ազատել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումից մեքենա- սարքավորումներ և հումք ներմուծողներին։ Օրինագիծը գործադիրի երեկվա նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ Սա ներկայացվեց որպես մեծ լավություն արտադրողին, ներդրումների ներգրավման առումով համարձակ քայլ, և այլն։ «Որպեսզի տնտեսվարողը ձեռնարկատիրական գործունեության իրականացման սկզբնական փուլում չծանրաբեռնվի հարկային պարտավորություններով, առաջարկվում է մեքենա-սարքավորումների և հումքի ԱԱՀ հարկումը մաքսային սահմանից տեղափոխել երկրի ներքին տարածք և ԱԱՀ-ով հարկել ոչ թե ներմուծումը այլ այդ հումքի օգտագործմամբ հետագա արտադրության իրացումը», - ասաց Վարդան Հարությունյանը։



Փաստորեն, կառավարությունը գիտակցում է, ԱԱՀ-ի գանձումը սահմանին պետք է վերացնել և հարկումը պետք է տեղափոխվի ներքին տարածք, հարկելով արտադրության իրացումը։ Բայց գիտակցում է սա միայն մեքենա-սարքավորումներ և հումք ներմուծողների դեպքում։ Մյուս արտադրողների վերաբերյալ խտրականությունը շարունակում են կիրառել։



Հիշեցնենք, որ տնտեսվարողները միշտ են բողոքել սահմանի վրա ԱԱՀ գանձելու արատավոր պրակտիկայից, համարելով, որ այս կերպ իրենց ստիպում են վճարել դեռ չստեղծված, օդում կախված արժեքի արտադրության համար, որը կարող է և չստեղծվել։ ԱԱՀ-ի գանձմանը սահմանին դեմ է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը։ Նա առաջարկում է արգելել և հարկային արտոնությունները, և հարկային կանխավճարները, որոնց թվում է նաև ԱԱՀ-ի գանձումը սահմանի վրա։ «Պետք է բացառել շահութահարկի գծով, ինչպես նաև` այլ հարկատեսակներով, կանխավճարներ տալու արատավոր պրակտիկան։ Հարկատուն պարտավոր չէ վարկավորել պետությանը։ Մանավանդ, որ այդ սկզբունքը երբեք չի գործել խոշոր հարկատուների նկատմամբ, որոնք, հաճախ, պետական խոշոր պաշտոնյաներ են», - ասում է Բագրատյանը։



«Ազատ դեմոկրատներ» դաշինքի նրա հեղինակած ծրագրի կետերից մեկով նախատեսվուրմ է նաև վերացնել հարկային արտոնությունները․ «Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, տարատեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։ Կառավարությանը և ԿԲ-ին պետք է զրկել հարկային արտոնություններ տալու հնարավորությունից»։ Հայաստանի ներմուծվող ապրանքների ընդհանուր կառուցվածքում մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների բաժինը փոքր է, անցյալ տարվա տվյալներով մոտ 13 տոկոս, և այս օրինագիծը կարող է խթանել մեքենա-սարքավորումների ներմուծումը։



Սյուզան Սիմոնյան