Անավարտ շինությունները՝ երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին

Անավարտ շինությունները՝ երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին

Մարզային այցելություններից հետո վարչապետը սովորաբար իր տպավորություններին հանձնարարականների տեսք է հաղորդում։ Լավ է, որ այս ընտրությունները եղան, նա Հայաստանի գյուղերով անցավ, տեսավ՝ որտեղ ինչ «քունջուպուճախ» կա, կյանքի ինչ պայմաններ, հայերենը կատարելագործեց։ Վերջին օրերի այցելություններին վարչապետը սեւեռվել է մեր անհույս-անավարտ շինությունների վրա, որոնք մեծ թվով կան բոլոր մարզերում, նույնիսկ Երեւանի կենտրոնում, եւ Հայաստան եկող ցանկացած զբոսաշրջիկի տրամադրությունը կարող են փչացնել։ Մարզերում բազմաթիվ անապահովներ են մոտեցել վարչապետին, բազմազավակ ընտանիքներ, երիտասարդներ, որոնք չեն կարողանում ամուսնանալ տուն չունենալու պատճառով, կամ էլ ամուսիններով նույն սենյակում են քնում՝ ծնողների ու ընտանիքի այլ անդամների հետ, ինչպես մեր թվարկությունից առաջ։



«Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ առկա են խնդիրներ մարզերում բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»,- ասաց վարչապետը գործադիրի երեկվա նիստում եւ հանձնարարեց քաղշինպետկոմին երկու ամսում մարզերում անավարտ շինությունների կառուցումն ավարտելու ժամանակացույց պատրաստել, իսկ մարզպետները մեկ ամսում պետք է տրամադրեն բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների տվյալները։ Եկամտահարկի մասին օրենքում էլ ֆիննախը հիպոթեքային վարկի մարման տոկոսները փոխհատուցելու վերաբերյալ կետ է մտցնելու անավարտներում տուն ստացողների մասով։ Հայաստանի բոլոր վարչապետերն էլ փորձել են լուծել անավարտ շինությունների խնդիրը, բայց, որպես կանոն, բանը գույքագրումից այն կողմ չի անցել։



Պետությունը երբեք գումար չի ծախսել նման ծրագրի համար։ Մարզպետները պատկերացում չունեն, թե քանի անավարտ շինություն կա իրենց տարածքներում, կամ էլ թվերը անգիր չեն հիշում՝ վստահեցնելով, որ դրանք ունեն թղթի վրա։ Հովսեփ Սիմոնյանը, որն անավարտ շինությունների ամենամեծ թիվն ունեցող Շիրակի մարզն է ղեկավարում, ասում է, որ պետությունը նման ծրագիր մինչ օրս չի ներկայացրել։



«Կառուցվել են բնակելի շենքեր կամ ամրացման ենթակա շենքեր են ամրացվել, տրվել բնակիչներին, կամ էլ զրոյից են կառուցել՝ որպես բազմաբնակարան շենք, բայց պետությունն անավարտի վրա գումար չի դրել։ Այժմ հաշվառման պրոցեսում ենք, եւ դեռ թվեր չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ անավարտ շենքերից պետք է ընտրենք այնպիսիք, որոնք նորմերին համապատասխանեն։ Այսօր կան բնակավայրերից շատ հեռու գտնվող անավարտներ կամ էլ 4-րդ կարգի վթարայնության շենքեր, որոնք, բնական է, ենթակա չեն բնակեցման, ավելի էժան կնստի զրոյից կառուցելը։ Բայց, իհարկե, լավ կլինի, որ հնարավորություն լինի, որոշակի գումար ծախսելու արդյունքում, ունենանք այդ բնակարանները»։ Շինությունները տարբեր պատճառներով են անավարտ մնացել։ «Կան այնպիսիք, որ տեր ունեն, ինչ-որ կազմակերպության են պատկանում, բայց չեն օգտագործվում, եւ փոքր գումար ծախսելով՝ կարելի է հետ վերցնել դրանք։ Կան համայնքային սեփականության եւ պետգույքի վարչությանը պատկանող կամ նախկինում ինչ-որ կազմակերպությունների վարչական շենքեր, որ հիմա չեն օգտագործվում․ նայել է պետք»,- ասում է մարզպետը։ 



- Ինչ է, մինչեւ հիմա ոչ մի հաշվառում չի՞ եղել։



- Եղել է, իհարկե, բայց ամեն տարի մենք չենք հաշվառում, իսկ տարեցտարի շենքերի վիճակը փոխվում է։ Որպես մարզպետարան՝ մենք էդ խնդիրը չենք ունեցել, որ պարբերաբար դրանց վիճակը, սեյսմիկ կայունությունը գնահատենք, այլ հետազոտություններ անենք․ սա բավականին ջանք պահանջող աշխատանք է։



Շիրակի մարզում մոտ 800 անավարտ շինություն կա։ Անավարտ շենքերի թվով առաջնային է նաեւ Լոռու մարզը, բայց մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղյակ չէ, թե մոտավորապես քանի նման գույքային միավոր կա իր մարզում։ «Անավարտ շինությունների պատկերը չունենք, զանգեք համայնքներ»,- ասաց նա։ Երբ նրան ասացինք, որ երեկ վարչապետը հանձնարարական է տվել դրա վերաբերյալ, նա կտրուկ ավարտեց խոսակցությունը։ Արագածոտնի մարզն այս երկուսի համեմատ ավելի բարվոք վիճակում է։ «Մոտ 100 կամ մի քիչ ավելի միավոր անավարտ շինություններ ունենք,- ասաց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը,- Արագածոտնում ուսումնասիրությունները մի 10 օր առաջ ենք ավարտել, մենք քաղշին կոմիտեի հետ աշխատել ենք, բոլոր հաշվառումներն ունենք, բնակարանի կարիք ունեցողների ցուցակները կան, ուղարկել ենք կառավարություն»։ Մարզպետը վստահեցրեց, որ հաշվառումներ բոլոր ժամանակներում էլ եղել են, ու հիշեցրեց Ծաղկահովիտի շենքերի վերանորոգումը։ «3-4 շենք այնտեղ վերանորոգվեցին, էլի են նման դեպքեր եղել»։



Անավարտ շինարարություններն ավարտին հասցնելու մասին պարբերաբար խոսում էր նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բայց սայլը տեղից չշարժվեց։ Հիմա էլ մարդիկ դժվարությամբ են հավատում, որ խոսքը գործ կդառնա։ «Միայն խոսքեր են,- ասաց մեզ Գյումրու բնակիչ Ա․ Մ․-ն,- մենք 8-րդ գառադոկի կողքն ունենք կիսակառույց շենքեր, էնքան էրեցին, որ միջից ինչքան տեսանելի արմատուրա կար, հանին, գողացան-տարան, բայց ամեն եկողը ծրագրեր էր կազմում, ու դրանից ոչ մի ավել բան»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ