Փող տվողները պահանջում են 8 թերթիկ դուրս բերել

Փող տվողները պահանջում են 8 թերթիկ դուրս բերել

Ինչպես և զգուշացնում էին Քաղաքացի դիտորդ կազմակերպության իրավաբանները, քվեարկության վերահսկման միջոցներից է 8 չքվեարկած թերթիկների դուրս բերումը ընտրատեղամասից: «Հրապարակը» ահազանգեր ստացավ Ավանից՚ թիվ մեկ ընտրատեղամասից: Քաղաքացիներին այստեղ 10 հազարական դրամ ընտրակաշառք է բաժանվել, և պահանջ է դրվել, որ իրենց հետ դուրս բերեն քվեաթերթիկները: «Մեկը գցում ես տուփի մեջ, 8 թուղթ արագ մտցնում ես կուրտկի ջեբերը, դուս ես հանում»,-անկեղծացավ քաղաքացիներից մեկը՝ հրաժարվելով նշել իր անունը: Նա նաև հրաժարվեց ասել, թե որ ընտրատեղամասում է դեպքը կատարվել, բայց շեշտեց. «Սաղ Ավանում էլ նույն վիճակն ա»:



Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կանխատեսում էր, որ ընտրության վերահսկման այս մեթոդը լայնորեն կիրառվելու է: «Անվերահսկելի է՝ քվեարկության խցիկում ընտրողը չօգտագործած քվեաթերթիկները գցե՞ց արկղի մեջ, թե՞ իր հետ դուրս տարավ: Սա ամենամեծ վտանգն է: Կարող են բոլորին հրահանգել իրենց հետ դուրս բերել 8 քվեաթերթիկ, մարդը կարող է դնել թերթիկները գրպանը եւ դուրս տանել, դրսում ցույց տալ 8 քվեաթերթիկ, որ՝ տեսեք, չկա ձեր քվեաթերթիկը, ուրեմն ես ձեզ եմ ընտրել», - ասել էր նա մեր թերթին: 



Ավելացնենք, որ վստահված անձինք կամ հանձնաժողովների անդամները իրավունք չունեն խուզարկություն իրականացնելու: