Սկանդալային հրապարակման հերոսուհին չի կարողացել քշել Բագրատյանի վստահված անձին

Սկանդալային հրապարակման հերոսուհին չի կարողացել քշել Բագրատյանի վստահված անձին

«Հանրապետական կուսակցության կողմից ուղղորդված ընտրություն է տեղի ունենում», - այսպես ամփոփեց իր այսօրվա տպավորությունները ՀՀ նախկին վարչապետ, Ազատ դեմոկրատներ դաշինքի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա առավոտից շրջել է Երևանի կենտրոնով, որտեղ առաջադրվել էր, և ասում է, որ տհաճ տպավորություններ ունի: «Մետաքս կոչվող թաղամասում ամեն մի տարիքով մարդու հետ մտնում, դուրս են գալիս, հանձնաժողովի նախագահները բողոքները չեն գրանցում, գրանցամատյանները չեն տալիս, վստահված անձանց փորձում են վախեցնել ու հանել տեղամասերից: Որոշ տեղերում բողոքներին իրավական ընթացք պետք է տալ, որտեղ վստահված անձինք ունենք: Մի տեղ էլ մեր վստահված անձին ուզում էին հանել տեղամասից՝ Արմենակյան փողոցի 9/4 ընտրատեղամասից, բայց նա չենթարկվեց ճնշումների»: Ըստ Բագրատյանի, հանձնաժողովի նախագահը Հայկուհի Քյուփելյանն է եղել: Այս տիկինը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչն է:



Նա Նորք Մարաշի բնակիչների շրջանում հայտնի ընտրակեղծարար է: Նա այն չինովնիկներից է, ում անունը հայտնի է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի սկանդալային հրապարակումից: Ըստ այդ հրապարակման, 2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են թաղապետարան, Քյուփելյան ազգանունով կնոջ: Հատկանշական է, որ այս կինը ոչ միայն չի պատժվել հարազատ կուսակցության կողմից իր լիազորությունները անցնելու համար, ոչ միայն աշխատանքից չի հեռացվել պետությանը խայտառակելու, վարչական ռեսուրսը չարաշահելու համար, այլև հանձնաժողովի նախագահ է նշանակվել:



Սյուզան Սիմոնյան