Իշխանությունը ծածկեց ապրիլյան պատերազմի տարելիցն ընտրություններով

Իշխանությունը ծածկեց ապրիլյան պատերազմի տարելիցն ընտրություններով

Գիտության առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը, որը ակտիվ քաղաքացիներից է, այս անգամ չի մասնակցել ընտրությանը: «Անիմաստ է մասնակցել մի միջոցառման, որի արդյունքը պարզ է,- ասում է նա, ավելի կարևոր համարելով այսօր այցելությունը Եռաբլուր, - Վարազաթմբի վարազների հիշատակը հարգելու էին գնացել, հետս վերցնելով ընդամենը մի սպիտակ ծաղիկ»: Հարցին` բոյկոտի ակցիայի՞ն եք միանում` նա պատասխանեց. «Դեռ չգիտեմ, իջնեմ Oպերա, տեսնեմ, տղերքը ինչ են անելու»: 



Գիտնականը համարում է, որ գոնե ապրիլյան պատերազմի տարելիցին իշխանությունը պետք է տար այդ պատերազմի հետ կապված հարցադրումների պատասխանները. «Բայց ընտրություններով բերեցին, ծածկեցին այդ կարևոր օրը: Գտնում եմ, որ իշխանությունը հատուկ նպատակով է ապրիլի 2-ին նշանակել: Ուզում էին ապրիլի երկուսի էջը թերթեին և մոռացության մատնեին դրա հետ կապված բոլոր հարցերը: Վերջին հարցադրումները արել է վարչապետը, չէ՞, որ տանկերում վառելիք չի եղել, որ պաշտպանվեին: Իսկ մեր ընդդիմություն կոչեցյալը առանց հասկանալու, թե ինչու են պատահաբար նշանակել ապրիլի 2-ին, գնացին ու էդ կուտը կերան: իսկ նրանք, ովքեր կարող էին այսօր հարցեր բարձրացնել, փակված են: Ինչ՞ու է Անդրիաս Ղուկասյանին մինչև հիմա փակած պահում: Ես շուտ եմ ասել, որ նրան կպահեն բանտում, մինչև ընտրություններն ավարտվեն»:



-Բայց Սերժ Սարգյանը, հիշու՞մ եք, երբ ընտրության օրն էր որոշվում, ասաց, որ հնարավոր է, մի քանի օրով հետաձգենք ընտրությունը, հարգելով ապրլիյան պատերազմի զոհերի հիշատակը:



- Սերժ Սարգսյանը խորամանկ, խելոք մարդ է: Նա գնդակը տվեց սուտի ընդդիմադիրներին, ասելով, որ դուք եթե պահանջեք, մենք կփոխենք ընտրության օրը, բայց ո՞վ պահանջեց: Որովհետև բոլորը մասնակցում էին սպառողական մանդատների մրցույթին: Եռաբլուրում ավելի շատ մարդ կար, քան միտինգներում ու շատ ջահելներ կային այսօր, ժողովուրդը գալիս ծաղիկ էր դնում, գնում էր: Մի տերտեր էլ բերել էին, որը ՀՀԿ-ի քարոզն էր անում :



-Ես նայում եմ, բոլոր Թի-Վի- ները հայրենասիրական տեսաշարեր ու տեքստեր են տալիս: 



- Այո, ռազմահայրենասիրականությունը ես էլ եմ տեսել, բայց պատճառների մասին բացարձակապես ոչ ոք չխոսեց: Իսկ բացեք մի տարի առաջվա նյութերը, տեսեք, ինչ հարցադրումներ են եղել՝ ինչու են «լապատկեքով» կանգնել հակառակորդի առաջ, ինչու փամփուշտը չի հերիքել, ինչու մարդիկ գնացին ինքնազոհության, ինչու մարդիկ գնացինք Լելեթեփե վարազաթումբը հետ վերցնելու ու նրանց չթողեցին, հազար ու մի հարցեր են եղել, ոչ մեկին չի պատասխանվել:



Սյուզան Սիմոնյան