Ամենաիշխանամետ Լոռին ու «ամենաընդդիմադիր» Կոտայքը

Ամենաիշխանամետ Լոռին ու «ամենաընդդիմադիր» Կոտայքը

Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրություններին Հայաստանի 13 ընտրատարածքներից 12-ում հաղթել է ՀՀԿ-ն, միայն մեկ՝ թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, հաղթել է «Ծառուկյան դաշինքը»: Ի դեպ, Ծառուկյանի հարազատ Կոտայքում բոլոր ընտրությունների ժամանակ նույն պատկերն է գրանցվել։ Թե որ ուժը որ մարզում կամ Երեւանի, որ վարչական շրջանում ինչ արդյունքներ է գրանցել, կամ որ տարածքն է առավել ընդդիմադիր, որը՝ իշխանական, ներկայացնենք ըստ արդյունքների։



ՀՀԿ-ն ամենաբարձր տոկոսները «խփել» է Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում, որտեղից երեք պատգամավոր կանցնեն խորհրդարան՝ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը։ ՀՀԿ-ն ստացել է 85 հազար 689 ձայն կամ 62,21%։ Խորհրդարան անցած մյուս երեք ուժերն այս մարզում ստացել են․ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 25 հազար 540 ձայն (18,54%)։ Ի դեպ, սա դաշինքի ամենացածր ցուցանիշն է։ Այս մարզում է ամենաքիչ թվով ձայներ ստացել նաեւ «Ելքը»։



Լոռիում չիրականացան «Ելք»-ի ակնկալիքները՝ բավականին բարձր ցուցանիշների հարցում․ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը ծնունդով Վանաձորից է, ու սպասում էին, որ մեծ թվով ձայներ կտանի, բայց եղավ այն, ինչ եղավ՝ 11 հազար 793 ձայն՝ 8,56%։



ՀՅԴ-ն երրորդն է՝ 5 հազար 547 ձայն (4,3 %), եւ ամենացածր ցուցանիշն այս մարզում է գրանցել։ Ի դեպ, ՀՎԿ-ին այս մարզում վստահել է 3 հազար 584 ընտրող՝ 2.60 տոկոս։ ՀՎԿ-ի թեկնածուն Արկադի Փելեշյանն է, հավանաբար՝ նրա գործոնն է ազդել։



Հաջորդ իշխանական մարզն Արարատն է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցության պարագայում ՀՀԿ-ականները 78 հազար 421 ձայն՝ 51,84% ցուցանիշ ապահովեցին, որի առյուծի բաժինն Ավշարի Գրիգորյան եղբայրների շնորհիվ է։ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն էլ Արայիկ Գրիգորյանն է՝ 45 հազարից ավելի ձայն։ Ինչպես ՀՀԿ-ի դեպքում է, Արարատի մարզը «Ծառուկյան դաշինքի» համար էլ երկրորդ տարածքն է, որտեղ լավ ցուցանիշներ ունեն՝ 35.45 տոկոս կամ 53 հազար 632 ձայն։ Արարատում դաշինքի ֆավորիտ թեկնածուն Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանն էր, որն ամենաշատ թվով ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուներից չորրորդն է՝ մոտ 34 հազար ձայնով։ ՀՅԴ՝ 7 հազար 364 ձայն (4,87 %), «Ելք»՝ 6 հազար 643 ձայն (4,39 %), ՀՎԿ՝ 2 հազար 379 ձայն (1,57 %), «Կոնգրես-ՀԺԿ»՝ 994 ձայն (0,66 %), «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 602 ձայն (0,4 %), ՀԿԿ՝ 492 ձայն (0,33 %), ՕՐՕ՝ 752 ձայն (0,5 %)։



ՀՀԿ-ն Կոտայքում ընդամենը 34.60 տոկոս կամ 48 հազար 323 ձայն է հավաքել։ Առաջատարն այստեղ «Ծառուկյան դաշինքն» է՝ 61 հազար 267 ձայն (43,87 %)։ «Ելքը», շնորհիվ հրազդանցի Սասուն Միքայելյանի, համեմատաբար լավ թվեր է գրանցել՝ 12 հազար 190 ձայն (8,73 %): Երրորդը ՀՅԴ-ն է՝ 6 հազար 568 (4,7 %), հաջորդը՝ ՕՐՕ-ն՝ 4019 ձայն (2,88 %), «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3 հազար 252 ձայն (2,33 %), Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինք՝ 2013 ձայն (1,44 %), Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 1127 ձայն (0,81%), «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 912 ձայն (0,65 %)։



Բարձր ցուցանիշների առումով Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքը երրորդն է, գործող նոր մարզպետ Վահե Հակոբյանն ապացուցեց, որ Լիսկայի արժանի փոխարինողն է։ ՀՀԿ-ն 58 հազար 137 ձայն (53,66 %) է ստացել, ԾԴ-ն՝ 31 հազար 395 ձայն (28,98 %), երրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 7 հազար 883 ձայն (7,28 %), չորրորդը՝ «Ելք»-ը՝ 3 հազար 415 ձայն (3,15 %)։ Վատ ցուցանիշներ չունի նաեւ ՀՎԿ-ն՝ 3009 ձայն (2,78 %), ի հեճուկս «Ազատ դեմոկրատների», որի ռեյտինգային թեկնածուներից էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով Սյունիքում ճանաչված անձնավորություն է, բայց «ԱԴ»-ին 705 ձայն (0,65 %) են վստահել։ ՕՐՕ-ն ստացել է 2 հազար 106 ձայն (1,97 %), Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը՝ 1142 ձայն (1,5 %), ՀԿԿ-ն՝ 546 ձայն (0,5 %)։



Արմավիրի մարզի թիվ 6 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ի օդիոզների մի ողջ ծաղկաբույլ էր ռեյտինգայինով առաջադրվել, «Ծառուկյան դաշինքը» բավականին մեծ թվով ձայներ է ստացել՝ 30 հազար 954 ձայն (24,28 %), ՀՀԿ-ն առաջինն է՝ 67 հազար 779 ձայն (53,17 %): Այս մարզում էլ է ՀՅԴ-ն երրորդը՝ 11 հազար 502 ձայն (9,2 %), «Ելք» կուսակցությունների դաշինք՝ 6 հազար 196 ձայն (4,86 %), ՕՐՕ-ն հինգերորդն է՝ 3 հազար 61 ձայն (2,4 %)։



Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11-ն այն տարածքներից է, որտեղ ՀՀԿ-ն 50 կամ 50+ չի ստացել՝ 53 հազար 533 ձայն (40,5%)։ Երկրորդը ոչ թե ՀՅԴ-ն է, այս ուժից է մարզի ղեկավարությունը՝ ի դեմս ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանի, այլ ԾԴ-ն է՝ 42 հազար 670 ձայն (32,28 %)։ Դաշինքի թեկնածուներն են Վարդան Ղուկասյանը, Վարդեւան Գրիգորյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ այլք։ Երրորդն էլ ՀՎԿ-ն է՝ 13 հազար 787 ձայն (10,43 %), հավանաբար՝ շնորհիվ Հովհաննես Մարգարյանի, որը ծնունդով գյումրեցի է։ Չորրորդը ՀՅԴ-ն է՝ 12 հազար 277 ձայն (9,29 %), հաջորդը՝ «Ելք»-ը՝ 4 հազար 210 ձայն (3,18%), ՕՐՕ-ն էլ վատ ցուցանիշ չունի՝ 2 հազար 763 ձայն (2,9 %)։



Դաշնակցական մարզպետ ունեցող երկրորդ մարզում՝ Արագածոտնում էլ առաջատարը ՀՀԿ-ն է՝ 34 հազար 855 ձայն (44,9 %), քիչ զիջում է ԾԴ-ն՝ 23 հազար 264 ձայն (30,1 %), ՀՅԴ-ն երրորդն է՝ 8 հազար 682 ձայն (11,2%)։ ՀՎԿ-ն այստեղ էլ վատ չի դրսեւորվել՝ 3 հազար 830 ձայն (4,94 %), ՕՐՕ-ն նույնպես խորհրդարան անցած «Ելք»-ին այստեղ հետեւում է թողել՝ 2 հազար 717 ձայն (3,5 %), «Ելք»-ն ստացել է 1764 ձայն (2,28 %), որը ողջ հանրապետությունում դաշինքի ամենացածր ցուցանիշն է։



Սահմանամերձ Տավուշում եւս իշխող կուսակցությունն ապահովել է իր «առաջընթացն ու անվտանգությունը»՝ 34 հազար 950 ձայն (48,6 %), ԾԴ-ն՝ 16 հազար 932 ձայն (23,29 %), ՀՅԴ-ն դարձյալ երրորդն է՝ 9 հազար 507 ձայն (13,7 %)․ սա ՀՅԴ-ի ամենաբարձր ցուցանիշն է։ «Ելք»՝ 2 հազար 964 ձայն (4,8 %), ՀՎԿ՝ 2 հազար 815 ձայն (3,87 %), Սեյրան Օհանյանի ղեկավարած ՕՐՕ-ն՝ 2 հազար 557 ձայն (3,52 %)։



Խոպանչիների՝ Գեղարքունիքի մարզում էլ անվերապահ աջակցել են ՀՀԿ-ին՝ 67 հազար 276 ձայն (52,59 %), ԾԴ-ին էլ՝ 38 հազար 713 ձայն (30,26 %)։ Երրորդը դարձյալ ՀՅԴ-ն է՝ 9 հազար 107 ձայն (7,12 %)։ Հաջորդը ՀՎԿ-ն է՝ 5004 ձայն (3,91 %), «Ելք»՝ 3 հազար 346 ձայն (2,62 %)։



Երեւանում ՀՀԿ-ն ամենաշատ ձայներն ստացել է Սամվել Ալեքսանյանի «տերությունում»՝ Մալաթիա-Սեբաստիայում՝ 69 հազար 198 ձայն (53,13 %), ամենաքիչը՝ թիվ 2-ում, Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն՝ 56 հազար 500 ձայն (45,64 %), փոխարենը թիվ 2-ում «Ելք»-ն իր ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ 19 հազար 204 ձայն (15,51 %)։ «Ծառուկյան դաշինքն» էլ ամենացածր ցուցանիշն ունի թիվ 1-ում՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն՝ 22 հազար 646 ձայն (18,81 %)։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ