Արտակ Նազարյանի գործը Եվրադատարանը վարույթ է ընդունել

Արտակ Նազարյանի գործը Եվրադատարանը վարույթ է ընդունել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս վարույթ է ընդունել 2010 թվականին Տավուշի մարզի զորամասերից մեկում զոհված սպա Արտակ Նազարյանի գործը։ Դիմումը ներկայացրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իսկ տուժողի իրավահաջորդների շահերը ներկայացնում է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։ Այժմ գործը կոմունիկացիայի փուլում է, երբ Եվրոպական դատարանը նամակով հայտնում է դիմումատուին, որ բողոքը քննարկման համար ուղարկվել է պատասխանող պետությանը, եւ կողմերին հարցեր է ուղղում։ Այս փուլը կարող է տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի տարի։ Նազարյանի մահվան գործի նախաքննությունն ուղեկցվում էր հանրային մեծ ճնշմամբ, ակցիաներով, լարված մթնոլորտում։ Աղմուկից խուսափելու համար լսումը հանձնարարվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Այն Սամվել Մարդանյանի նախագահությամբ, Արտակ Նազարյանի գործով դատավճիռ է կայացրել 2013 թվականի մայիսին։ Ըստ դրա, Արտակ Նազարյանի նախկին 5 ծառայակիցները նրան ինքնասպանության հասցնելու համար դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման։ Արտակ Նազարյանի շահերի պաշտպանները պնդում էին, որ գործը կոծկվել է, որ կրթված, ինտելիգենտ երիտասարդին իրականում սպանել են, բազմաթիվ ապացույցներ էին ներկայացնում, միջնորդություններ իրավապահներին եւ դատարաններ, բայց բոլոր ատյաննները մնում էին անհաղորդ։



«Առնվազն 30 պետական պաշտոնյա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ սպանության գործը կոծկելու, 5 անմեղ զինծառայողների քրեական հետապնդման եւ մարդասպաններին պատժի չենթարկելու համար»,- ասում է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։ Պաշտպանական կողմն ապացույցներ ունի առ այն, որ զինվորներին պահել են ռազմական ոստիկանությունում, ծեծել են եւ խոշտանգել, ստիպել են գրել կեղծ ցուցմունքներ։ Դատավճռի հիմքերից մեկը հայտնի փորձագետ-հոգեբան Էլդա Գրինի տված եզրակացությունն էր, որի համաձայն՝ Արտակ Նազարյանը կարող էր ինքնասպան լինել։ «Նա իրավունք չուներ նման եզրակացություն տալ, առնվազն այն պատճառով, որ Արտակ Նազարյանը երկրորդ աստիճանի հարբածություն ուներ, իսկ նման անձանց հոգեվիճակը հնարավոր չէ պարզել»,- վստահեցնում է Ռուբեն Մարտիրոսյանը։ Նա ունի ճշտված տվյալներ, որ կոմայի մեջ գտնվելու ժամանակ ծեծված Արտակի բերանն օղի են լցրել, որ ուշքի բերեն։ Ըստ պաշտպանական կողմի, Արտակ Նազարյանին նրա մահվան օրը ծեծել ու խոշտանգել են երկու անգամ՝ մահից վեց ժամ եւ 3-5 րոպե առաջ։ Բայց այս փաստերի վերաբերյալ ոչ մի քննություն չի կատարվել։ Նախաքննության մարմինն ամենահասարակ փաստերը չի կարողացել պարզել։ Օրինակ՝ թե ում հետ եւ որտեղ է ոգելից օգտագործել Արտակ Նազարյանը։ Մինչդեռ կան փաստեր, որ մարտական հենակետի դիրքերում գտնվող սպաներից մեկն Արտակի մահվան օրն ստացել է կապիտանի կոչում, որի կապակցությամբ կերուխում է եղել։ Այդ սպան դեպքից մի քանի ժամ առաջ սպառնացել է, որ հաշվեհարդար կտեսնի Նազարյանի հետ։ Տուժողի իրավահաջորդն ու պաշտպանը համոզված են, որ հենց նա է մարդասպանը: Իրեղեն ապացույցները, ըստ տուժողի հարազատների եւ փաստաբանների, կեղծված են եղել՝ զենքը, որից սպանություն է կատարվել, դեպքի վայրը, մատնահետքերը մաքրված են եղել զենքի վրայից։ Գործում կա փորձագիտական եզրակացություն, որ սպանությունը կատարվել է մարտական հենակետի խոհանոցում, բոլոր զինծառայողների ներկայությամբ։ Արտակ Նազարյանի սպանությունը հայոց բանակում կատարված ամենադաժան հանցագործություններից մեկն է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ