«Արտակարգ իրավիճակ»՝ գնային շուկայում

«Արտակարգ իրավիճակ»՝ գնային շուկայում

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցել են ավելի հանդուրժողական մթնոլորտում, եւ արտակարգ իրավիճակ հայտարարեց․ «Մեր թիմն ստացել է փոփոխություններ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ՝ ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ համապատասխան ջանքերը, ե՛ւ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ՝ մեր աշխատանքային ռեժիմն ավելի է ծանրանում»։ 



Կառավարության կուլիսներում շատերն էին պատմում, որ նա բոլորին ծանրաբեռնել է աշխատանքով, այնպես, որ քիթ սրբելու ժամանակ չունեն։ Պետք է ընդունել, սակայն, որ ՀՀ քաղաքացին վարչապետի եւ նրա աշխատակազմի գերլարված աշխատանքի արդյունքն իր մաշկի վրա դեռ չի զգում։ Հակառակը՝ նախընտրական շրջանում նրանք ստիպված եղան ավելի սեղմել գոտիները, քանի որ թանկացան լայն սպառման ապրանքները՝ ծխախոտը, բենզինը, սուրճը, շոկոլադը, միրգը, ալյուրը, շաքարավազը։ Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը նկարագրեց գնային պատկերը 2017 թվականի երեք ամիսների համար։ Ըստ այդմ՝ բենզինի գները, որոնք հունվարին 3,3 տոկոսով իջել էին, բարձրացան․ «Փետրվարին ավելացումը կազմեց 9,2 տոկոս, իսկ մարտին՝ 2,5 տոկոս»։



Դիզելային վառելիքը երեք ամսում թանկացել է մոտ 13 տոկոսով։ Թանկացել է բանանը՝ մինչեւ 850 դրամ, ինչը հետընտրական օրերին քննարկումների թեմա է։ Ամենահասարակ տնային տնտեսուհիներն էլ սա բացատրում են ընտրության ծախսը հետ բերելու՝ Քեթրինի Միհրանի ցանկությամբ։ Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, առաջին հայացքից դիտարկում անելով, գտնում է, որ թանկացումները պայմանավորված չեն շուկայական գործոններով, երբ, օրինակ, ապրանքի նկատմամբ պահանջարկն է ավելանում։ «Քանի որ թանկացող տեսականին ներմուծվող ապրանքներն են, պետք է թանկացումներ գրանցվեին մատակարարների մոտ, ինչը չկա։ Հետեւապես, սա պայմանավորված է այլ գործոններով»։ «Այլ գործոններից» նա առանձնացնում է եկամուտները բարձրացնելու, բացարձակացնելու ձգտումը։ «Ընդհանուր սպառումը նվազել է, սուբյեկտները նույն ծախսն են անում, բայց եկամուտը նույնը չէ։ Շուկան նեղացել է, որպես հետեւանք, մրցակցությունը սուբյեկտների միջեւ սրվել է, եւ բնական է, որ սուբյեկտները չեն ցանկանում հրաժարվել իրենց եկամուտներից։ Այս կոնյունկտուրան նպաստում է գների բարձրացմանը»,- եզրակացնում է տնտեսագետը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ