Իմ հայ և դաշնակցական ըլլալս հավելյալ պատասխանատվություն կստեղծե իմ վրա

Իմ հայ և դաշնակցական ըլլալս հավելյալ պատասխանատվություն կստեղծե իմ վրա

Լիբանանահայ Հակոբ Բագրատունուն հանդիպեցինք Բեյրութում։ Նա մեկն է դաշնակցական այն պատգամավորներից, որ ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։ Ի սկզբանե նշենք, որ Սփյուռքի դաշնակցականներն էապես տարբերվում են Հայաստանի դաշնակցականներից, երեւի նրանից է, որ մեր ներքաղաքական դաշտից, կոալիցիոն ՀՀԿ-ից եւ այլ «արժեքներից» հեռու են, ավելի ազնիվ եւ մաքուր միջավայրում են գործում, մեծամտությունից ու ինքնահավան եսասիրությունից էլ, կարելի է ասել, զուրկ են։ Նրանց հետ շատ ավելի դյուրին է շփվելն ու հարցազրույց անելը։



«Մենք կընտրվինք Լիբանանի ընտրական օրենքի համաձայն, ես ընտրված եմ Լիբանանում մեր իրավունքի սահմաններուն մեջ, մեր թեկնածությունը կըլլա ազգային, կրոնական համայնքի մակարդակի վրա, բայց ընտրությունը կըլլա Լիբանանի քաղաքացիներու կողքեն՝ ըլլա անոնք հայ, թե ոչ հայ։ Ներկայիս հայկական երեսփոխանական բլոկի, այսինքն՝ համախմբումի նախագահն եմ եւ կներկայացնեմ Դաշնակցությունն այդ համախմբումի մեջ»,-խորհրդարանում իր մուտքն ու նշանակությունն այսպես ներկայացրեց պարոն Բագրատունին։



- Հայաստանի հետ Ձեր կապն ինչպիսի՞ն է, նաեւ քաղաքական առումով որքանո՞վ եք ակտիվ Հայաստանի հետ հարաբերություններում՝ որպես Լիբանանում դաշնակցական պատգամավոր։



- Բնականաբար, իմ հայ ըլլալս եւ դաշնակցական ըլլալս ինքնաբերաբար հավելյալ պատասխանատվություն կստեղծե իմ վրա՝ բարելավելու Լիբանանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները։ Ես անդամ եմ Լիբանան-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնախմբի, քանի մը տարի առաջ ես միաժամանակ ընկերացա Լիբանանի Հանրապետության նախագահին առաջին այցելությանը Հայաստան, պաշտոնական պատվիրակության մաս կկազմեի, հատուկ ճիգ կթափենք, օր Լիբանանի մեջ Հայաստանի դեսպանությունը կարենա առավելագույն չափով գործունեություն տարածել Լիբանանի տարբեր շրջանակներու մեջ, ինչպես նաեւ լիբանանցի գործարար մարդիկ կարենան օգտակար ըլլալ Հայաստանի մեջ եւ ներդրումներ ունենալ։



- Հայաստանում Դաշնակցության աշխատանքը, նաեւ այն, որ այսօր իշխանական կոալիցիայի եւ կառավարության մաս են կազմում, ինչպե՞ս եք գնահատում։



- Մենք Դաշնակցության մեկ կարեւոր կազմակերպական շրջան ենք, բնականաբար, Հայաստանի ներքին պատգամավորական ընտրությունները կհետաքրքրեն մեզ իբրեւ հայ, սակայն այդ ընտրություններու կայացման որոշումն ինքնաբերաբար կպատկանի շրջանի գերագույն մարմնին՝ ելնելով Դաշնակցության ապակենտրոնացման դրույթեն։ Սակայն, իբրեւ կուսակցական ընկերներ, մենք, բնականաբար, ուրախ ենք այն արդյունքով, որը կրնար ավելի ըլլալ, բայց այսօր արդեն որոշ չափով բարելավում կա՝ նկատի ունենալով, որ նախկին խորհրդարանը 130 անդամի վրա 5 դաշնակցական պատգամավոր ուներ, իսկ այսօր 100-ի վրա՝ 7։ Բացի այդ, այն ընտրապայքարը, որը Դաշնակցությունը տարավ, հիմնված էր գաղափարական սկզբունքներու վրա։ Բոլորիս ծանոթ է ընտրակաշառքը, Դաշնակցությունը երբեք այդ ընտրակաշառքի կացության մեջ չգտնվեցավ, բնականաբար, ժամանակ կուզե, որպեսզի մեր ժողովուրդը կարենա ավելի սրտով մոտենալ այս հարցին եւ ավելի ապագային նայելով մոտենալ այս հարցին։ Ես կհավատամ, որ Դաշնակցության մասնակցությունը խորհրդարանի մեջ եւ վաղը, եթե նկատի ունենք նաեւ կառավարության մեջ, կնպաստե նաեւ Սփյուռք-Հայաստան գործակցության իրավ եւ զորավոր հիմքերու վրա դնելուն։ Վերջին հաշվով, Սփյուռքի մասնակցությունը հայրենի մեր կյանքին, Արցախի կյանքին անհրաժեշտ է Հայաստանի հզորացման համար, եւ Հայաստանի օժանդակությունն անհրաժեշտ է Սփյուռքի համար։ Միասնությունն է կարեւորը, որուն մեջ ինչքան շատ Դաշնակցությունը կարենա դերակատարություն ունենալ, այդքան ավելի Սփյուռքը կրնա դերակատար ըլլալ հայրենիքին մեջ։



- Հայաստանի իշխանությունների վարքագիծն ու քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում, Հայաստանում շատ են քննադատում նրանց։



- Նայեցեք, իբրեւ Լիբանանի խորհրդարանի անդամ՝ ինքս ինձ մի քիչ արտոնություն չեմ ուզե տալ նման հարցի մը պատասխանելու, սակայն մեկ բան ընդունենք, որ 25 տարվա ընթացքում դրական տեղաշարժ եղած է, դժգոհություններ կան բնականորեն, այդ դժգոհությունները պետք չէ հասնին հոն, ուր ժողովուրդ-պետություն խրամատը խորանա։ Մեզի համար, իբրեւ սփյուռքահայ, անհրաժեշտ է Հայաստանի անվտանգությունը, անհրաժեշտ է Հայաստանի մեջ ժողովրդավարության ամրապնդումը, չի բավեր անկախություն հայտարարել, չի բավեր ազատություն հայտարարել, անհրաժեշտ է ամրապնդել այդ ազատությունն ու անկախությունը, եւ կընկալենք, որ հայրենի պետությունը խորհրդարանական այս ընտրություններուն ետ, սահմանադրական փոփոխություններեն ետ կարենա քիչ մը ավելիով ժողովրդի ներշնչումներուն առիթ տալ։



- Այս հարցը տվեցի, քանզի Դաշնակցությանը Հայաստանում քննադատում են նրա համար, որ համագործակցում է այնպիսի իշխանության հետ, որից դժգոհ է ժողովուրդը։



- Ես՝ իբրեւ դաշնակցական անհատ, կկարծեմ, որ իշխանության հետ գործակցելով՝ կարելի է փոփոխություններ առաջացնել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ