Երկու Արտակ՝ նույն պաշտոնին

Երկու Արտակ՝ նույն պաշտոնին

ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում հայտարարվեց, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի Արտակ անունով երկու պատգամավորներին՝ Արտակ Զաքարյանին ու Արտակ Դավթյանին, որոշել են գործուղել գործադիր իշխանություն։ Քաղաքական որոշումն արդեն կա, մնում է պաշտոնապես ամրագրվի թղթի վրա։ Նրանց երկուսին էլ մտադիր են նշանակել նույն նախարարությունում եւ գրեթե նույն պաշտոնին՝ պաշտպանության նախարարի երկու տեղակալներ։ Առաջին տեղակալ, ըստ ամենայնի, կլինի Արտակ Զաքարյանը։ Նա հինգ տարի զբաղեցնում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Դավթյանն էլ ԱԺ կրթության, գիտության հարցերով հանձնաժողովի նախագահն էր։ Եվ եթե Զաքարյան Արտակը ՀՀԿ ցուցակում հայտնվել էր անցողիկ՝ 22-րդ հորիզոնականում, ապա Դավթյան Արտակն ավելի ներքեւներում էր՝ 37-րդ տեղում, եւ ընտրություններից հետո, պարզվեց, ԱԺ չի գնա։



Զաքարյանի հետ երեկ այդպես էլ չստացվեց զրուցել, Արտակ Դավթյանն էլ առանձնապես հակված չէր խոսելու մի բանի մասին, որը դեռ չի եղել։ Խոստացավ ավելի մանրամասն խոսել այս թեմայով, երբ իր նշանակման հրամանագիրը լինի։ Ամեն դեպքում, կրթության հարցերով հանձնաժողովի նախագահի՝ ռազմական ոլորտ տեղափոխվելը, պաշտպանության փոխնախարար լինելը նա տարօրինակ չհամարեց՝ հիշեցնելով, որ ինքը բանակում ծառայել է, կոչումով ավագ սերժանտ է եւ զորակոչի դեպքում միշտ էլ պատրաստ է եղել անցնել ծառայության։ Դավթյանը կարծում է, որ թեպետ պաշտպանության փոխնախարարն ի պաշտոնե զինվորի նման դիրքերում սահման չի պահում, բայց իր տեսակով եւ պատասխանատվությամբ այն եւս ծառայություն է հայրենիքին եւ ավելին է, քան սոսկ ադմինիստրատիվ պաշտոնը․ «Երեւակայեք, որ սա էլ է նույն բանը, քանի որ արդեն իսկ անմիջական պատասխանատվություն ես կրում նաեւ սահմանին կանգնողի համար։ Նաեւ էն բանի համար, թե սահմանին կանգնողի հրամանատարն ով է, էս ամեն ինչը փոխկապակցված է»։



Մեր հարցին՝ տարբերություն կա՞ իր համար, թե որտեղ կաշխատի՝ օրենսդի՞ր մարմնում, թե՞ գործադիր, եւ ո՞ր միջավայրն է իրեն ավելի հոգեհարազատ, Արտակ Դավթյանն ասաց․ «Չէ, տարբերություն ո՞նց կարող է պատահի՝ չլինի։ Օրենսդիրն ու գործադիրը նման չեն ե՛ւ աշխատանքի ձեւով, ե՛ւ աշխատանքի բովանդակությամբ, ու էստեղ չասենք՝ որն է ավելի կամ պակաս հոգեհարազատ։ Տարիների ընթացքում, իհարկե, եղել են որոշակի կտրուկ փոփոխություններ՝ աշխատանքի հետ կապված, համարենք, որ սա էլ էդ փոփոխություններից մեկն է՝ օրենսդիրից գործադիր։ Սա, ես կասեի, ծառայություն է էն ամենաիսկական իմաստով։ Էն, ինչ որ մենք ասում էինք, թե գործադիրի յուրաքանչյուր աշխատող պիտի ծառայող լինի եւ էդ ծառայությունը պիտի մատուցի, եւ իրականում հենց էդ ծառայելու գաղափարը պիտի լինի, ապա կոնկրետ պաշտպանությունում հենց էդ ծառայելու գաղափարն ի սկզբանե է դրված»։



Նկատեցինք, որ շատերն էլ ասում են՝ պատգամավորի աշխատանքն է իրական ծառայությունը ժողովրդին, նախընտրական շրջանում հատկապես այդպես էին իրենց ներկայացնում թեկնածուները՝ ձեր քվեն տվեք մեզ, որ գնանք ԱԺ՝ ձեզ ծառայելու։



Դավթյանը կարծում է, որ դա ասելուց հետո գալիս է գործի պահը։ «Իսկ գործի գնահատողը մեր հանրությունն է։ Հանրությունն էլ իր գնահատականը նաեւ ձեր միջոցով է կատարում։ Դուք, կարծում եմ, ավելի լավ եք տեսնում»,- ասաց նա։



Այսինքն՝ գործադիրում գտնվող պաշտոնյան ավելի լա՞վ է կարողանում ծառայել ժողովրդին։ «Չէ, էդպես չասենք, որ ավելի լավ է կարողանում, ուղղակի գործադիրում եղած պաշտոնյան անմիջականորեն, իր գործով է ծառայում, այսինքն՝ էդ գործն ավելի տեսանելի է։ Եվ եթե օրենսդիրն ավելի շատ քաղաքական որոշումներ կայացնող է եւ հիմա, էս նոր պառլամենտի պարագայում, նաեւ իր վերահսկողական գործառույթները պիտի իրականացնի՝ դրանով նաեւ պահանջելով գործադիրի ներկայացուցիչներից, որ իրենք հաշվետու լինեն իրենց արածների համար, եւ էդ հաշվետվությունը ներկայացնելիս հրապարակային դաշտում էստեղ արդեն ձեր անելիքն է կարեւորվում, որովհետեւ դուք էլ պիտի հրամցնեք դա մեր քաղաքացիներին»,- եզրափակեց ապագա փոխնախարարը։



ՀԳ․ Պաշտպանության նախարարությունն այս պահին ունի երկու փոխնախարար՝ Արա Նազարյանն ու Դավիթ Փախչանյանը։ Վերջինս սոսկ փոխնախարար լինելուց զատ նաեւ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն է։ Այս պաշտոնում նա փոխարինում է անցյալ տարի չարաշահումների գործով պաշտոնանկ արված Ալիկ Միրզաբեկյանին, որը, որպես փոխնախարար, զբաղեցնում էր նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։ Պնախարարի առաջին տեղակալի պաշտոնը Դավիթ Տոնոյանի՝ ԱԻՆ գնալուց հետո, փաստացի, այսօր թափուր է։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վերջին տարիներին ՊՆ-ն հիմնականում երեք կամ չորս փոխնախարար է ունեցել, իսկ դրանից առաջ Պնախարարն առավելագույնը հինգ տեղակալ է ունեցել՝ շտաբի պետին չհաշված։ Այսօր, փաստորեն, Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի նշանակմամբ Վիգեն Սարգսյանը կունենա չորս տեղակալ, եթե, իհարկե, կրճատում չլինի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ