Խաչատուրովի նշանակումը կուժեղացնի՞ մեր դիրքերը ՀԱՊԿ-ում

Խաչատուրովի նշանակումը կուժեղացնի՞ մեր դիրքերը ՀԱՊԿ-ում

Երեկ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին, ի թիվս ԵԱՏՄ անդամ պետությունների մյուս ղեկավարների, մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Բացի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից, Բիշքեկում մեկ այլ կառույցի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում էլ է եղել։ Հանդիպումը ոչ պաշտոնական ձեւաչափ է կրել։ Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը եւ միաձայն որոշում կայացրել ս.թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Գրիգորիի Խաչատուրովին: Պետությունների ղեկավարները նաեւ որոշում են կայացրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության 1-ին կարգի նշանով:



Սա երկար սպասված կամ, կարելի է ասել, չարչրկված նշանակում էր, քանզի մոտ մեկ տարի է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ձգձգվում էր ինչ-ինչ պատճառներով։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության պրակտիկա մինչեւ վերջերս չկար ՀԱՊԿ-ում, միայն 2015-ին Բելառուսի առաջարկով որոշվեց այս պոստը եւս հերթականությամբ տրամադրել ՀԱՊԿ անդամ երկրներին։ Եվ առաջինը Հայաստանը պետք է լիներ՝ ըստ այբբենական ցանկի։ Բայց Բորդյուժային չէին կարողանում համարժեք հայ փոխարինող գտնել։ 2016-ին կայացած նիստերին՝ հոկտեմբերի 14-ին՝ Երեւանում, դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում, ոչ մի կերպ չհաջողվեց նոր քարտուղար ընտրել։ Առաջինի դեպքում Ղազախստանի նախագահը պլանները ձախողեց՝ չմասնակցելով երեւանյան հանդիպմանը, երկրորդին էլ Բելառուսի նախագահը բացակայեց, եւ քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվեց։ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ մեր գործընկեր եւ մեզ հարաբերականորեն բարեկամ համարվող այս երկրների նման վարքագծի մեջ քաղաքագետներն ակնհայտ միտում էին տեսնում՝ ուղղված Հայաստանի դեմ։ Իսկ դրա հետեւում էլ նկատում էին մեր հակառակորդ Ադրբեջանի ականջները։ Ադրբեջանը մոտ է Ղազախստանի եւ Բելառուսի հանրապետությունների հետ, իսկ նրանք էլ առանձնապես համակրանք չեն տածում Հայաստանի հանդեպ։ Եվ մեր թշնամի հարեւանը, օգտագործելով իր ազդեցությունն ու կապերը ՀԱՊԿ-ում, կարողանում էր ամեն անգամ տապալել Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Հայաստանի իշխանություններն էլ ամեն անգամ հայտնվում էին անհարմար դրության մեջ՝ դիվանագիտորեն փորձելով մանեւրել ստեղծված իրավիճակից։ Մոտ մեկ տարի անց, վերջապես, ՀԱՊԿ-ում կարողացան հասնել քաղաքական որոշման, որ մեզ «բարեկամ» երկրների բոլոր նախագահները, մի կողմ դնելով պրոադրբեջանական եւ հակահայկական իրենց լատենտային շահերը, հավաքվեն մի սեղանի շուրջ եւ ՀՀ ներկայացուցչին ընտրեն գլխավոր քարտուղար։ Հիշեցնենք, որ մինչ այս նշանակումը՝ Բորդյուժային ժամանակավորապես փոխարինում էր Վալերի Սեմերիկովը։



Այդ ընթացքում հայաստանյան մամուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք հավանական թեկնածուի անուն էր շրջանառվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, որը հրաժարվեց առաջարկից, մեկ այլ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով։ Ապա կանգ առան Խաչատուրովի թեկնածության վրա։ Ռուսախոս, ռուսամետ, ռուսական կրթությամբ, ռուս գեներալիտետի հետ մտերիմ Խաչատուրովը, թերեւս, լիարժեք համապատասխանում էր ռուսների ազդեցության տակ գտնվող այս կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Հայաստանի իշխանություններին, բնականաբար, հենց այսպիսի կադր էր պետք ՀԱՊԿ-ում, այլ ոչ թե ազատական հայացքներով մեկը, որը կարող էր մեր շահերն այս կառույցում ներկայացնել ավելի անկախ, Ռուսաստանի ազդեցությունից հնարավորինս դուրս դիրքերից։



Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում փորձեց զերծ մնալ այս թեմայով խորը գնահատականներ հնչեցնելուց․ «Էստեղ ասելու բան չկա, շատ լավ է, որ նշանակվել է։ Դա Հայաստանին օգուտ կբերի»։



Դիտարկմանը, թե իր անունն էր շրջանառվում այս պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում, պարոն Հարությունյանն ասաց, որ դա ուղղակի շրջանառվում էր։ Նա առաջարկեց մի փոքր սպասել, տեսնել, թե ինչ արձագանքներ կլինեն Ադրբեջանից, հետո ավելի խորը կարելի է զրուցել այս թեյմայով․ «Սա մի հարց է, որ պիտի լինի մի թեմայի մեջ, ասենք՝ Հայաստանի գլոբալ անվտանգության թեմայի։ Էդ ժամանակ խոսենք, խնդրեմ»։ Ամեն դեպքում, կարճ մեկնաբանեց այս նշանակումը։ Ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը կամրապնդի մեր դիրքերն այդ կառույցում, կբարձրացնի Հայաստանի դերը։ «Սա կուժեղացնի մեր անվտանգությունը, միջազգային հարթակում նաեւ կբարձրացնի ամբողջ Հայաստանի դերը։ Դրա համար էլ Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որ սա չկայանար»,- ասաց նա՝ նշելով, որ այս նշանակումը ձգձգվում էր՝ նաեւ Ադրբեջանի գործոնով պայմանավորված։



Այն, որ Հայաստանից է նշանակվել, դա լավ է։ Իսկ կապ ունի՞, թե ով է նշանակվել այդ պաշտոնում, որքանո՞վ կկարողանա Խաչատուրովը ճիշտ դրսեւորել իրեն այդ պաշտոնում։ «Անձերն ի՞նչ կապ ունեն էստեղ։ Ես նման բաները չեմ մեկնաբանում, եթե Դուք ուշադիր հետեւել եք, ես անձերի վերաբերյալ բաներ չեմ մեկնաբանում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ