Ով շատ ձայն հավաքի, ով գնա խորհրդարան

Ով շատ ձայն հավաքի, ով գնա խորհրդարան

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո ամենածանրը ՀՀԿ-ի պարտված ռեյտինգային թեկնածուների վիճակն է, որոնք խաղից դուրս են մնացել՝ հավաքելով ավելի շատ ձայներ, որոշ դեպքում՝ տասնյակ հազարից ավելի, մինչդեռ քաղաքական մյուս ուժերի թեկնածուների մեջ կան մարդիկ, որ մի քանի հազար ձայնով խորհրդարան են անցել։ Հանուն արդարության, այս թեկնածուները պետք է կազմակերպված ընդվզեին Ընտրական օրենսգրքի հեղինակների դեմ, որոնք օրենսգիրք մշակելիս չեն պահպանել արդարության սկզբունքը։



Օրինակ, ՀՀԿ-ի ռեյտինգային դուրս մնացածներից են ՀՀ ոստիկանապետի փեսա Արթուր Գեւորգյանը (10 հազար 150 ձայն), նույն ընտրատարածքից Տավրոս Գեւորգյանը (8 հազար 337), Գեղարքունիքի ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբը)՝ 13 հազար 248 ձայնով, Նոր Նորքի թաղապետի եղբայրը՝ ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը (9 հազար 500), Արագածոտնի մարզից, օրինակ, գազի վարչության պետի որդի Ռոլանդ Հայրապետյանը, որը մոտավորապես 7 հազար 500 ձայն է ստացել, նույն ընտրատարածքում նրանից մի փոքր քիչ ձայն հավաքած պատգամավոր Մնացական Մնացականյանը։ Կոտայքում ձայների քանակով երրորդ տեղն զբաղեցնող Վարդան Այվազյանը՝ 7 հազար 300 ձայնով, Շմայսը՝ 6 հազար 700-ով, եւ էլի շատերը, որոնք մոտավորապես այսքան կամ մի քիչ պակաս ձայներ են ստացել։ Պատկերը գրեթե չի տարբերվում նաեւ «Ծառուկյան դաշինքի» չանցնող ռեյտինգային թեկնածուների դեպքում, որոնց մեծ մասը կրկին ավելի շատ ձայն է ստացել, քան ՀՅԴ-ի ու «Ելք»-ի հաղթած թեկնածուները։ Օրինակ, Գեղարքունիքի մարզում առաջադրված թեկնածուն՝ Վազգեն Պողոսյանը, 8 հազարից ավելի ձայն է հավաքել, որը երրորդ տեղն է, բայց, ըստ ԿԸՀ հաշվարկի, չի անցնում խորհրդարան, կամ նույն Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Հրանտ Դավթյանը՝ Արմավիրի մարզում, համապատասխանաբար 6 հազար 70, 7 հազար 600 ձայներով դուրս են մնացել խորհրդարանից, Լյովա Խաչատրյանն Արագածոտնում հինգ հազարից ավելի ձայներով է զրկվում խորհրդարան անցնելու հաճույքից։



Փոխարենը «Ելք»-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուների մեծ մասն ավելի քիչ ձայներով անցել է խորհրդարան։ Բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, որը Երեւանի թիվ 4 ընտրատարածքում 11 հազար 513 ձայն է ստացել։ «Ելք»-ը, հիշեցնենք, ընտրությունների արդյունքներով 9 մանդատ կստանա, չորսը ռեյտինգային թեկնածուներն են, բոլորն էլ Երեւանի 4 ընտրատարածքներից առաջադրված՝ Մանե Թանդիլյան (5 հազար 510), Գեւորգ Գորգիսյան (3 հազար 168), Արարատ Միրզոյան (3 հազար 999)։
Դաշնակցության 7 պատգամավորներից 3-ն են ռեյտինգային ընտրակարգով անցածները՝ Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքից նախկին մարզպետ, Շիրակում վատահամբավ Ռոմիկ Մանուկյանը, ով ստացել է ընդամենը 3 հազար 123 ձայն, Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում առավելագույն թվով քվեներ ստացած «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Մանուկյանը՝ 5 հազար 274 քվեով, եւ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքից «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ տնօրեն Անդրանիկ Կարապետյանը, որը, ի դեպ, անկուսակցական է ու ամենաքիչ թվով ձայն հավաքած ռեյտինգային թեկնածուն՝ 2 հազար 975 ձայն։



Վերջինի օրինակը, իհարկե, ամենածանրը կտանեն այն անկուսակցական թեկնածուները, որոնք տարբեր պատճառներով եւ իբրեւ առավել ռեալ շանս ունենալու համար հանգրվանեցին ոչ թե փոքր կուսակցությունների, այլ ՀՀԿ-ի ցուցակում ու թեեւ հավաքեցին ավելի շատ ձայներ, քան, օրինակ, Անդրանիկ Կարապետյանը, բայց չանցան խորհրդարան։ Խոսքը հատկապես նախկին ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Բազմասեր Առաքելյանի եւ Արագած Ախոյանի մասին է։ Նրանցից երեքը, բացառությամբ Արագած Ախոյանի, որը 2 հազար 500 ձայն է ստացել, ավելի շատ քվե ունեն, քան Կարապետյանը։ Մարտուն Գրիգորյան՝ 10 հազար 700, Մուշեղ Պետոյան՝ 8 հազար 799, Բազմասեր Առաքելյան՝ 4 հազարից ավելի, սակայն այս ձայները մանդատի չեն վերածվի։



Մինչդեռ, եթե այս մարդիկ մի փոքր քաղաքական հոտառություն ունենային, ապա այլ ուժերի ցուցակում իրենց ուժերով հանգիստ խորհրդարան կանցնեին։ Անգամ չանցած ուժերի ցուցակներում կարող էին տեղ գտնել, նրանց աջակցել ու ավելի մեծ շանսեր կունենային, նաեւ զուտ բարոյական առումով էլ ավելի շահեկան վիճակում կլինեին։ Այս առումով ճիշտ ժամանակին կողմնորոշվեց Խաչիկ Մանուկյանը, ով ՀՀԿ-ում «տեղ չլինելու» պատճառաբանությամբ հիմնավորեց «Ծառուկյան դաշինքից» իր առաջադրումը։ Նա Արագածոտնում «Ծառուկյան դաշինքից» ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է՝ մոտ 5 հազար 100 ձայն, եւ անցնում է խորհրդարան։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ