Բագրատաշենի մաքսակետում բեռնատարի զննումն իրականացվում է 10-12 րոպեի ընթացքում՝ 20-25 րոպեի փոխարեն. ՊԵԿ

Բագրատաշենի մաքսակետում բեռնատարի զննումն իրականացվում է 10-12 րոպեի ընթացքում՝ 20-25 րոպեի փոխարեն. ՊԵԿ

Հայաստանի սահմանը հատելիս սպասարկումը դարձել է պարզ, արագ, քաղաքակիրթ եւ հաճելի գործընթաց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Բագրատաշենի մաքսակետ այցելության ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: ՊԵԿ-ից հայտնում են, որ նա շրջել է արդիականացված անցակետում, հետեւել մաքսային ծառայողների աշխատանքին, գործառույթների արդյունավետ կազմակերպման մեխանիզմներին:



«Սահմանը հատող քաղաքացուն, զբոսաշրջիկին կամ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողին կարճ ժամանակում մատուցվում է բարձրորակ սպասարկում»,-ասել է նա:



Հարությունյանի խոսքով, բարեփոխումների արդյունքում նվազագույնի է հասցվել մաքսավորի շփումը քաղաքացու եւ գործարարի հետ: Ժամանակակից սարքավորումներով վերազինված մաքսակետում տարանցման էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունքում եւս կրճատվել է ընթացակարգի տեւողությունը:



Ըստ Բագրատաշենի մաքսային կետի պետ Սողոմ Մելիքսեթյանի, ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացն այժմ տեւում է 3-5 րոպե՝ 10-15 րոպեի փոխարեն: «Օրական սպասարկում ենք 6000-8000 քաղաքացու եւ 2000-2500 ավտոտրանսպորտային միջոցի: Մեկ բեռնատարի զննումն իրականացվում է 10-12 րոպեի ընթացքում՝ 20-25 րոպեի փոխարեն»:



Կոմիտեի ղեկավարը նոր հանձնարարականներ է տվել՝ վստահեցնելով, որ խիստ եւ հետեւողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ՝ կարճ ժամանակահատվածում հանրությանը տեսանելի դարձնելով արդյունքները: «Կառավարության կողմից Պետական եկամուտների կոմիտեի առջեւ դրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Ներկայացրել ենք բարեփոխումների երկրորդ փուլի ծրագիրը, ինչը 6 ամիսների ձեռքբերումների շարունակությունն է: Հավաստիացնում եմ, որ այն եւս ժամանակին եւ որակյալ կիրականացվի»,-շեշտել է Վարդան Հարությունյանը:



Բագրատաշենի արդիականացված անցակետում կարեւոր տեղ ունի նաեւ կանաչապատումը. կոմիտեի նախագահը եւս մասնակցել է գարնանային ծառատունկին: