Չինաստանում վեց հանքափոր փրկվել է

Չինաստանում վեց հանքափոր փրկվել է

Չինաստանում հանքի փլուզման պատճառով արգելափակման մեջ հայտնված վեց հանքափորի հնարավոր է եղել փրկել: Այս մասին հայտնում է CCTV-ն՝ հավելելով, որ դեռեւս չորեքշաբթի օրը Շենմու շրջանում ածխահանք էր փլուզվել, ապա արդեն հեղեղվել ջրով: Վթարի պահին հանքում աշխատելիս են եղել յոթ հանքափոր, որոնցից մեկին փրկարարները հանքից դուրս են բերել անմիջապես, իսկ վեցը հայտնվել էին արգելափակման մեջ: Մի քանի օր տեւած աշխատանքներից հետո արդեն հնարավոր է եղել նաեւ մնացած վեցի ազատումը արգելափակումից: Ներկայումս նահանգային իշխանությունները հետաքննություն են իրականացնում` պարզելու համար վթարի պատճառները: Նշենք, որ Չինաստանի լեռնահանքային արդյունաբերությունը համարվում է ամենից վտանգավորներից աշխարհում: Տարեկան հազարավոր հանքափորներ տուժում են հանքերում տեղի ունեցող վթարներից եւ փլուզումներից: Վերջին երկու տարում Չինաստանը հինգ հազար փոքր հանք է փակել, որտեղ աշխատանքային պայմանները չափազանց վտանգավոր են համարվել, սակայն վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: