Եթե լինեի կրթության նախարարը, «Շիրակացի» ճեմարանի փորձը կներդնեի դպրոցներում

Եթե լինեի կրթության նախարարը, «Շիրակացի» ճեմարանի փորձը կներդնեի դպրոցներում

Ապրիլի 20-22-ը Երեւանում անցկացվեց Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովը: Հայաստանում այս համաժողովն առաջին անգամ էր անցկացվում։ Հայաստան էին այցելել մոտ 200 պատվիրակներ եւ հյուրեր ԱՊՀ երկրներից, նաեւ Ֆինլանդիայից, Վրաստանից, Թուրքիայից, Round Square համաշխարհային ասոցիացիայից։ Համաժողովի կազմակերպումն ու հյուրերի ընդունելությունն ապահովել էր «Շիրակացի ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է: Այն նաեւ Հայաստանի միակ դպրոցն է, որն ունի Միջազգային բակալավրիատի հավաստագիր բոլոր երեք՝ տարրական, միջին եւ ավագ դպրոցների ծրագրերով։



Համաժողովը կրում էր «Երկրների ինտեգրացիան կրթության մեջ» խորագիրը, որի շրջանակներում քննարկվեցին կրթական հաստատություններում նոր մանկավարժական մեթոդաբանության եւ միջազգային կրթական չափորոշիչներ ներդնելու հնարավորությունները, անցկացվեցին տարբեր թեմաներով սեկցիաներ, սեմինարներ։ Վերջում հանձնվեցին պատվոգրեր բոլոր մասնակիցներին, եւ պայմանավորվեցին հաջորդ տարի հանդիպել արդեն մեկ այլ ընդունող քաղաքում, որն ունի ՄԲ անդամ հանդիսացող դպրոց։ Բացման արարողությանը ներկա էր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձ էր հղել այս կապակցությամբ, որն ընթերցվեց ներկաների համար։



Համաժողովի ամփոփման ժամանակ մենք զրուցեցինք ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովի հետ, ով նաեւ Մոսկվայի տնտեսագիտական ուղղվածության դպրոցի երկարամյա տնօրենն է։ Նա ասաց, որ գոհ է միջոցառման կազմակերպչական աշխատանքներից եւ ընդունելությունից, ապա անդրադարձավ «Շիրակացի» ճեմարանին։ Նրա խոսքով՝ ինքը շատ դպրոցներում է եղել՝ Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, եւ «Շիրակացին» իր ճանաչած լավագույն դպրոցներից մեկն է աշխարհում։ Այս կարծիքին նա հանգել է՝ այցելելով կրթահամալիր, շփվելով ուսուցիչների, աշակերտների հետ, ինչը բավարար է եղել նրան՝ հասկանալու, թե ինչ բովանդակություն կա այստեղ։ Եվ դա իրեն թույլ է տվել իր 25 տարվա փորձառությունը՝ որպես դպրոցի տնօրեն, որպեսզի առանց թղթաբանության, ուղղակի շփման միջոցով հասկանա, որ «այստեղ կրթության որակի ամենաբարձր մակարդակն է ապահովված»։ Հետաքրքրվեցինք, թե որքանով է ծանոթ Հայաստանի կրթական ծրագրին, մեր դպրոցներում ու բուհերում կրթության որակին ու բովանդակությանը եւ ինչպես է գնահատում այն։ Շամիլովն ասաց, որ խորությամբ ծանոթ չէ դպրոցական կրթությանը Հայաստանում, բայց կարծում է, որ այն, հավանաբար, շատ չի տարբերվում ռուսական դպրոցների կրթական համակարգից, քանի որ երկու երկրներն էլ նախկին ԽՍՀՄ անդամ պետություններ են եղել։



Ապա նա խոսեց բյուրոկրատական համակարգում «իմացական կոդի» մասին՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր իմացական կոդը։ «Օրինակ՝ Սովետական Միությունում կուտակված էր այն իմացական կոդը, որն ասում էր՝ «ղեկավարն ասաց, ուրեմն նա ճիշտ է»։ Եվ դա արտահայտված էր հատկապես բյուրոկրատական համակարգում՝ դու չես կարող անել ինչ-որ լավ բան, որը հարկավոր է, դու պետք է անես այն, ինչ քո ղեկավարն է ուզում։ Այսինքն՝ լոյալություն եւ պրոֆեսիոնալիզմ, սրանք մշտապես երկու իրար հետ չհամընկնող բաներ են, որ պետք է լինեն բալանսի մեջ։ Օրինակ՝ ռուսական ոճում հաղթում է լոյալությունը։ Ինձ թվում է, որ Հայաստանում էլ է այդպես»,-տողատակում երկու երկրներում էլ մինչ օրս Սովետից մնացած բյուրոկրատիան քննադատեց պարոն Շամիլովը։ Ապա նորից անդրադարձավ «Շիրակացի» ճեմարանին՝ արդեն ավելի հասցեական քննադատելով․ «Ցավոք սրտի, իմ կարծիքով, «Շիրակացի» ճեմարանի փորձը բավարար չափով կամ ճիշտ չի գնահատվում ձեր կրթական ղեկավարության կողմից։ Այսօր «Շիրակացու» ուսուցչական կազմն ունի շատ լավ բազա, եւ եթե լինեի Հայաստանի կրթության նախարարը, ես կզբաղվեի դրանով, որ ներդրվեր նրանց փորձը, ճեմարանը դառնար ուսուցիչների վերապատրաստման կենտրոն ամբողջ երկրի համար, եւ դրա համար մեծ ներդրումներ պետք չեն»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ