Մուկուչյանը խնդրեց ՍԴ-ին` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը համարել անհիմն և մերժել

Մուկուչյանը խնդրեց ՍԴ-ին` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը համարել անհիմն և մերժել

ՀՀ Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ծավալուն բացատրություններ ներկայացրեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի վերաբերյալ:



Նա նախ նշեց, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրվել են խախտումների եզակի դեպքեր և դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:



Նա, անդրադառնալով ընտրողների մասնակցության ցուցանիշի շուրջ առաջացած աղմուկին, նշեց, որ ընտրողների ցուցակները հասանելի են եղել բոլորի համար, և ընդդիմախոսների բերած ցուցանիշներն ուղղակի ուռճացված են:



«Մինչ այս փորձ էր արվում շահարկել մասնակցության հարցը: Մասնակցության` իբր ուռճացված լինելու հետ կապված տարբեր վիճակագրություններ էին վկայակոչվում և ինչքան հերիքում էր երևակայություններն` այդքան թիվ էին հնչեցնում: Անգամ միջնորդել են ստորագրված բոլոր ցուցակներն իրենց տրամադրել և այլն: Պատասխանը մեկն է` ստորագրված ցուցակները լիարժեք հասանելի են դարձել, 1500 տեղամասերից իրականացվել է հեռարձակում, 20 օրից ավելի այդ ցուցակները հրապարակված են եղել ԿԸՀ կայքում, 20 օրվա ընթացքում ԿԸՀ-ն ունեցել է 200.000-ից ավելի քաղաքացիների այցելություն, ընտրությունների օրը ԿԸՀ կայքն ունեցել 120.000-ից ավելի այցելու, դրա համար կայքը ծանրաբեռնված է աշխատել: Սա նշանակում է, որ թե այս ընտրություններին, թե 2012 թթ-ների ընտրություններին մասնակցության այսպես կոչված ուռճացված լինելու վերաբերյալ դատողությունները սին են, հորինված, երևակայական, ինչն, ըստ էության, այս անգամ էլ լիարժեք ապացուցվեց»,-հայտարարեց ԿԸՀ նախագահը:



Այնուհետև անդրադարձավ ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին` նկատելով, որ հայաստանյան ընտրական ինստիտուտի փորձին որևէ երկրում չի հանդիպել:



«Դժվար է գտնել որևէ այլ կայացած պետություն, որտեղ կա ընտրողների ռեգիստր, որը միշտ հրապարակային է, քվերակության ողջ ընթացքը հեռարձակվում է, ընտրատեղամասում ազատ տեղաշարժի որևէ սահմանափակում չի իրականացվել, ընտրատեղամասում գտնվող անձինք գրեթե առանց սահմանափակման տեսանկարահանում են իրականացրել, համացանցում հրապարկվում են քվեարկության բոլոր արդյունքներն` ըստ տեղամասերի, ԿԸՀ նիստերը կայքում հեռարձակվում են ուղիղ:
Ես չեմ հանդիպել որևէ երկրի փորձի, որտեղ այս բոլոր ինստիտուտները գործի են դրված»,- ասաց նա:



Մուկուչյանն անդրադարձավ նաև դիմումների քանակին` նշելով, որ իրենք գործ են ունեցել դիմումաստեղծ ինստիտուտի հետ, երբ նույն դիմումը մի քանի անգամ ներկայացվել է այլոց կողմից: «Այստեղ տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք ոչ թե իրավունքի պաշտպանության, այլ դիմումների քանակի իմիտացիա ստեղծելու հետ»,-ասաց Մուկուչյանը:



Ամփոփելով իր ելույթը` պարոն Մուկուչյանը դատարանին բարձր խնդրեց` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը համարել անհիմն և ամբողջությամբ մերժել այն:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ