Քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրել կյանք՝ նկարներ գնելով (ֆոտոշարք)

Քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրել կյանք՝ նկարներ գնելով (ֆոտոշարք)

Քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու նպատակով բացված «ֆոնդ100» բարեգործական հիմնադրամը երեկ Vinograd wine restobar-ում ցուցահանդես-վաճառքի էր մասնակցում: Կազմակերպիչը Արմինե Թորոսյանն էր: Ներկայացված էին նկարչուհի Մանու Հարությունյանի աշխատանքները, որոնց վաճառքից գոյացած հասույթի 50 տոկոսը կուղղվի «ֆոնդ 100» հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով։



«ֆոնդ 100»-ը բացվել է մեկ տարի առաջ։ Հիմնադրամի խորհրդի նախագահը Տիգրան Բալոյանն է, խորհրդի անդամներից են նաև հայտնի հաղորդավարներ Ժակը և Լուլուն (Հակոբ Պապիկյան, Լուսինե Բադալյան)։ Այս մեկ տարվա ըթնացքում «ֆոնդ-100»-ը արդեն հասցրել է քաղցկեղով հիվանդ մի քանի երեխաների բուժման ծախսերը հոգալ, ինչի արդյունքում երեխաները հիվանդանոցից դուրս են գրվել ապաքինված։



«Երբ որ Ֆիանսիայում ինչ-որ մի տեռակտ է լինում, ամբողջ աշխարհն է խառնվում իրար, բայց մարդիկ, ովքեր քաղցկեղից զոհվում են «սուսուփուս», առանց աղմկելու, իրենց սենյակներում, էդ մարդկանց թիվն անգամներ շատ է և նրանց տառապանքն էլ շատ ավելի ուժեղ է։ Այսօր աշխարհում քաղցկեղը 90 տոկոսով բուժվող հիվանդություն է, Հայաստանում քաղցկեղը բուժվում է մոտ 70 տկոսով, բայց որպեսզի էդ 70 տոկոսը մենք ունենանք, դրա համար պետք է բավականին լուրջ ֆինանսավորում, քանի որ քաղցկեղը բուժվող, բայց թանկ բուժվող հիվանդություն է։ Ցավոք սրտի, պետությունն ի վիճակի չէ նման ծախսեր հոգալ։ Սա այն խնդիրն է, որ մենք ունենք, մեզ հետ ապրում է, ու մենք ունենում ենք շատ լուրջ կորուստներ։ Ու դեռ դրա լիարժեք լուծումը չենք տեսնում։ Բայց էդ լուծումը գալիս է այ էսպիսի հավաքույթներից, լուծումը գալիս է ժողովրդից, լուծումը գալիս է ամեն մեկից, որ մի փոքր, պուճուր-պուճուր տալով՝ մեկ էլ պարզվում է, որ անցած տարի, օրինակ, երկու երեխա 100 դրամներով ապաքինվել է։ Էսօր արդեն 7 երեխա իրենց բուժման գումարը ստաբիլ ստանում են։ Եվ դա մեծահարուստների կողմից չի, էդ մեծ գործը մարդիկ անում են փոքր գումարներով համախմբվելով»,-միջոցառման բացմանը հայտարարեց «Ֆոնդ 100»-ի նախագահ Տիգրան Բալոյանը։



Hraparak.am-ի հետ զրույցում պարոն Բալոյանն ասաց, որ իրենք չգիտեին ինչ արդյունքներ կունենային, քանի որ նմանատիպ ֆոնդ Հայաստանում առաջին անգամ է բացվում, և անցած տարին իրենց համար ստարտափային տարի էր։



«Բայց Աստված բարի գտնվեց, ու էնպես եղավ, որ անցած տարի երկու երեխայի բուժման գումարները կարողացանք որոշակի մասով տալ, և նրանք դուրս գրվեցին արդեն ապաքինված»,-ասաց ան՝ նշելով, որ ամեն երեխային տրված գումարը մոտավորապես միջինը 10 հազար դոլարի չափ է կազմել։



«Ֆոնդ 100»-ի գաղափարն այն է, որ մարդիկ կարող են անգամ 100 դրամ փոխանցելով՝ մեծ օգնություն ցուցաբերել մարդկանց։ Հիմնադրամի՝ f100.am կայքում երևում են, թե ով որքան գումար է ամսական փոխանցում հիմնադրամին։ Իսկ երեխաների ընտրությունը որոշում են բժիշկները, թե որ երեխային է առավել անհրաժեշտ այդ օգնությունը՝ ելնելով նրա ընտանիքի սոցիալական դրությունից։ Բալոյանն ասաց, որ իրենք կապի մեջ են այդ բժիշկների հետ և վստահում են նրանց, բացի այդ՝ գրեթե բոլոր երեխաներն էլ ստանում են որոշակի օգնություն, քանի որ միայն իրենք չեն զբաղվում այս հարցով, իրենց հետ են նաև «Առողջության կամուրջ», «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ