ՕՐՕ-ի շտաբը դեռ գործում է, դաշինքում էլ իրար հետ համերաշխ են

ՕՐՕ-ի շտաբը դեռ գործում է, դաշինքում էլ իրար հետ համերաշխ են

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն ընտրություններից հետո, երբ չանցավ խորհրդարան, ասես քաղաքական ռադարներից դուրս է մնացել։ Դաշինքի ներկայացուցիչները պասիվ են, հարցազրույցներ չեն տալիս, հայտարարություններ չեն անում։ Մամուլն էլ անընդհատ գրում է, թե դաշինքի մաս կազմող կուսակցությունների միջեւ կապը խզվել է, իրար հետ չեն շփվում։ Այս օրերին Հայաստանից բացակայում էին «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու դաշինքի առաջին դեմքը հանդիսացող Սեյրան Օհանյանը։ Օսկանյանն ու Րաֆֆին ԱՄՆ-ում էին, Օհանյանը՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Իմացանք, որ Օսկանյանն ու Օհանյանը վերադարձել են արդեն, Րաֆֆին շարունակում է մնալ հարազատ Ամերիկայում։



«Դաշինքի հետ կապը պահում ենք այնքանով, որ դեռեւս շտաբը գործում է։ Որեւէ խնդիր չկա դաշինքում, եթե որեւէ մեկն էլ բացակայում է, ապա դա խիստ անձնական, ընտանեկան պատճառներով»,- երեկ մեզ հայտնեց դաշինքի մաս կազմող «Ժառանգության» ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը, ով նաեւ դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածուներից էր։ Նա ասաց, որ երկու օր առաջ ինքն էլ է այցելել շտաբ, հաճախակի այնտեղ են լինում նաեւ Հովսեփ Խուրշուդյանը, Սեյրան Օհանյանը։



- Տիկին Մուրադյան, դաշինքում ինչպիսի՞ տրամադրություններ են այժմ, հետընտրական դեպրեսիա կա՞։



- Չէ, ինչի՞ պիտի լինի։ Ի՞նչ երկրում ենք ապրում որ։ Որեւէ նոր բան չկա։ Սպասելի է էս ամեն ինչը։ Հիմա կասեք՝ եթե սպասելի էր, ինչո՞ւ մասնակցեցիք։ Դե, մեկ անգամ եւս համոզվեցինք, որ տոտալ կեղծիքներ եղան։ Հիմա մենք, քանի որ 1-2 օրվա, 10 օրվա բան չէ էդ բոլոր կեղծիքների հետեւից գնալ եւ բացահայտելը, նկատի ունեմ՝ ֆեյք ընտրողներ, ֆեյք հասցեներից մոտ 600-700 հազար, մենք դրանով ենք հիմա զբաղված։ Ի դեպ՝ ակտիվ։



- Իսկ դաշինքում վերլուծե՞լ եք, խնդիրները հասկացե՞լ եք՝ ինքներդ ձեր մեջ, թե ինչու պարտվեցիք, գուցե քարոզարշա՞վը ճիշտ չէիք կազմակերպել։



- Հիմա Ձեզ հարգելով՝ մի հարց տամ․ Դուք էլ չեք հավատում, չէ՞, որ քարոզարշավը ճիշտ կազմակերպելուց կամ չկազմակերպելուց է կախված։ Հիմա ասեմ՝ քարոզարշավը հիանալի էր կազմակերպված, դա ինքնագովեստով չեմ զբաղվում, որ ասում եմ։ Բայց Դուք տեսաք, չէ՞, որ, այսպես կոչված՝ իշխանություններն ապօրինի ինչ արեցին հենց քարոզարշավի սկզբում։ Նրանք շատ լավ հասկացան, բոլոր մնացած խոչընդոտները, որից Դուք տեղյակ եք՝ Ջրառատը, Էջմիածինը եւ այլն, եւ այլն, էդ սադրանքները, իշխանական էդ թերթերի ցեխշպրտոցիները, անընդմեջ տարվող էդ հակաքարոզչությունը, դրան էլ գումարվեց համակիրներից մեկի ձերբակալությունն անհիմն, որ մինչեւ հիմա չեն կարողանում Սամվել Բաբայանի վրա հաստատել, որ էդ ձայնագրության մեջ արդյոք նրա՞ ձայյնն է, թե՞ ոչ։ Էս ամեն ինչն ինչի՞ համար էր։ Ինչո՞ւ դա չարվեց որեւէ այլ դաշինքի նկատմամբ։ Որովհետեւ հաստատապես վախն ՕՐՕ-ից էր։ Ես միայն էդպես կարող եմ վերլուծել։



- Թիմի ներսում համերա՞շխ եք։ Այդ պարտության ցավը հավասարապե՞ս եք կիսում, թե՞ մեղադրանքներ կան իրար հանդեպ։



- Իհարկե, համերաշխ ենք։ Նկատի ունեք, որ թիմի ներսի ուժերն իրա՞ր մեղադրեն։ Չկա էդպիսի բան, որովհետեւ փոքր հույս երեւի կար, որ այս իշխանություններն էդքան խայտառակ կեղծիքների չեն գնա, բայց մեկ անգամ եւս համոզվեցինք, որ, ինչպես ասում են, «պառավը միամիտ չէր, գլխով էլ անցել էր»։ Պետք է դա հաշվի առնեինք, որ Սերժ Սարգսյանն իր հանցախմբով հանգիստ իշխանություն զիջող չէ։ Այսինքն՝ մենք համոզվեցինք, որ որեւէ օրինական, սահմանադրական ճանապարհով իշխանություն չի փոխվելու մեր երկրում։



- Բայց ընդդիմադիր դաշինքներից «Ելք»-ին, ամեն դեպքում, հաջողվեց անցողիկ շեմը հաղթահարել ու խորհրդարան անցնել։ Ձեզ ինչո՞ւ չհաջողվեց։



- Հիմա Դուք ուզում եք, որ ես ասեմ, թե որքանով եմ հավատում, որ «Ելքն» ընդդիմադի՞ր էր։ Դա՞ եք ուզում, որ ասեմ։



- Ֆորմալ առումով՝ ոչ իշխանական գոնե։



- Սկզբում ես էլ էի այդպես կարծում, բայց ինձ համար Էդմոն Մարուքյանն ընդդիմադիր չէ հաստատ, որովհետեւ եթե որեւէ մեկը կենսագրություն ունի խորհրդարանում եւ անընդհատ իշխանական պրոյեկտներին կողմ է քվեարկել, այդ թվում՝ թալանվող բյուջեին, կամ առաջին իսկ հնարավորության դեպքում իր եղբորն է առաջադրում Վանաձորի քաղաքապետի ընտրություններում․․․



- Կներեք, տիկին Մուրադյան, անկախ նրանից, թե ով ում համար ինչ չափով է ընդդիմադիր, հարցն այն է, որ «Ելք»ը, օրինակ, կարողացավ հաղթահարել սահմանված շեմը, Ձեզ ինչո՞ւ չհաջողվեց։



- Դուք էլ գիտեք դրա պատասխանը։ Իշխանությունները քարոզարշավի ընթացքում ամեն ինչ արեցին, որ ժողովուրդն ՕՐՕ-ին ընկալի որպես ընդդիմադիր ուժ։ Մեկ ասում էին, որ սա պրոյեկտ է, հետո տեսան, որ դա այդքան էլ չի օգնում, որովհետեւ մեր քարոզարշավի ընթացքում հատկապես մարզերում շատ լավ էր ընդունվում ՕՐՕ-ն, եւ խնդրահարույց թեկնածուն Օհանյանն էր (խնդրահարույց՝ նկատի ունեմ որոշ լրատվամիջոցների կարծիքով), եւ անցան բացահայտ տեռորի, ձերբակալեցին կազմակերպիչներից, համակիրներից մեկին։ Դա հո նորությո՞ւն չէ, որ ասում եմ։



- Հիմա ի՞նչ եք մտադիր անել, եւ շտաբը դեռ որքա՞ն ժամանակ կգործի։



- Դուք շտաբի հետ կարող եք խոսել, շտաբից ինֆորմացիա կստանաք։



- Դաշինքը կպահպանվի՞։



- Իմ կարծիքով՝ այո։ Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, ապա այո։



- Իսկ ինչպե՞ս է արտահայտվելու քաղաքականության մեջ այդ դաշինքի գոյությունը, եթե Երեւանի ընտրություններին էլ չմասնակցեցիք, ի՞նչ եք անելու հետայսու։



- Կապրենք՝ կտեսնենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ