Նոր BMW 5-րդ սերիան արդեն Հայաստանում է

Նոր BMW 5-րդ սերիան արդեն Հայաստանում է

«Եվրոմոթորս» ընկերությունը երեկ իր նորաբաց ավտոսրահում ներկայացրեց BMW-ի ամենահայտնի ու պահանջված մոդելներից մեկի՝ բիզնես դասի սեդան 5-րդ սերիայի նոր սերունդը։ Սա այս մոդելի արդեն 7-րդ սերունդն է, որը հանդես է գալիս թափքի G30 ինդեքսով։ Mercedes E-Class-ի և Audi A6-ի գլխավոր մրցակիցը նոր սերնդում ավելացրել է իր չափերն ու իջեցրել քաշը նախորդ սերնդի համեմատ։ Նոր BMW 5-Series-ը 36 մմ-ով երկար, 6 մմ-ով լայն և 2 մմ-ով բարձր է իր նախորդից, միևնույն ժամանակ 100 կգ-ով ավելի թեթև։ Քաշի իջեցմանը նպաստել է նոր CLAR հենահարթակը, որն ընկած է նաև նոր սերնդի BMW 7-րդ սերիայի հիմքում։ Ի դեպ, նոր 5-րդ սերիան, բացի նույն հենահարթակից, նաև արտաքինով և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շատ է մոտեցել ու նմանվել իր «ավագ եղբորը»՝ ներկայացուցչակն դասի սեդան BMW 7-Series-ին։



G30 թափքով նոր BMW 5-Series-ն առաջարկվում է չորս տեսակի ուժային ագրեգատով՝ 2-լիտրանոց, 252 ձ/ու հզորությամբ բենզինային, որը 530i տարբերակն է, 3-լիտրանոց, 340 ձ/ու հզորությամբ բենզինային՝ 540i տարբերակ, և 2 դիզելային շարժիչներով՝ 520d և 530d տարբերակներ՝ համապատասխանաբար 190 և 256 ձ/ու հզորությամբ։



Հայաստանյան ավտոսրահում ներկայացված են առայժմ բենզինային 530i և 540i տարբերակները։ Հայաստանում, սովորաբար, նախընտրում են հենց բենզինային շարժիչները։ Այս շարժիչները նախորդի համեմատ ոչ միայն հզոր են, այլև ավելի տնտեսող։ BMW-ի նոր 5-Series-ի արտաքինում պահպանվել են BMW-ին բնորոշ սպորտային, փոքր-ինչ ագրեսիվ դիմագծերն ու բիզնես-սեդանին վայել սոլիդությունը։



Իսկ սրահը հագեցած է ժամանակակից բարձրակարգ տեխնոլոգիաներով, որոնք լիարժեք հարմարավետություն և սահուն ընթացք են ապահովում թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար։ Նորույթի շնորհանդեսին ներկա էին «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ։ Որպես ցուցադրման մոդել՝ հանդես էր գալիս BMW 530i տարբերակի՝ լիաքարշակ Xdrive համակարգով մոդիֆիկացիան։



Միջոցառմանը ներկա հյուրերը, բացի BMW 5-Series-ի հնարավորությունները գնահատելուց, գնահատեցին նաև «Եվրոմոթորս» ընկերության նոր ավտոսրահը, որը կառուցված է միջազգային ստանդարտներին համապապատասխան և ապահովված է մեքենաների սպասարկման բոլոր հնարավորություններով։ Հիշեցնենք, որ «Եվրոմոթորսը» պատկանում էր Հայրապետյան եղբայրներին, որը մոտ մեկ տարի առաջ նրանցից գնեց Գագիկ Ծառուկյանն ու արդեն նոր վայրում՝ Առինջ գյուղի մուտքի մոտ կառուցեց նոր ավտոսրահ։ «Եվրոմոթորսը», բացի գերմանական BMW մակնիշից, նաև հանդիսանում է անգլիական Mini և Rolls Royce բրենդերի ներկայացուցիչն ու վաճառողը Հայաստանում։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ