Կառավարության նիստի ֆոտոշարքն ու վարչապետի դժգոհությունները գազալցակայաններից (լուսանկարներ)

Կառավարության նիստի ֆոտոշարքն ու վարչապետի դժգոհությունները գազալցակայաններից (լուսանկարներ)

Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը եկավ թե չէ՝ անմիջապես անցավ ավանդական դարձած իր հանձնարարականներին։ Հանձնարարականներն այս անգամ անցան առանց ընդգծված դրայվի, առանց «գմփոց-դմփոցների», շատ ավելի հանդարտ, ոչ աղմկոտ դրսևորումներով, տեղ-տեղ միայն՝ դժգոհություններով։



Առաջին հանձնարարականը վերաբերում էր տնտեսական գերակա ոլորտներում ձեռնարկությունների սուբսիդավորման պետական աջակցությանը։ Վարչապետը հանձնարարեց մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսի սուբսիդավորման նոր քաղաքականություն։



Նրա մյուս հանձնարարականներն ուղեկցվեցին նախ դժգոհություններով։ Օրինակ՝ դժգոհեց ջրային տնտեսության ոլորտից․ «Ջրամատակարար ընկերության սպասարկման տարածքից դուրս մնացած Հայաստանի Հանրապետության 560 բնակավայրեր ընդգրկված չեն «Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության պայմանագրի սպասարկման տարածքում եւ չունեն ջրամատակարարման եւ ջրահեռացման որակյալ համակարգեր եւ համարվում են բարձր ռիսկային»,- նշեց վարչապետը՝ դիմելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին:



Ուստի հանձնարարեց՝ նշված 560 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների նպատակով պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետություն-մասնավոր տնտեսավարող փոխշահավետ համագործակցությանը:



Կարեն Կարապետյանը դժգոհություն ուներ նաև գազալցակայանների ոլորտից։ «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման եւ մատուցվող ծառայությունների որակը գնահատվում է խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել է գազալցակայաններում գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ»,- նշեց վարչապետը՝ հատկապես մտահոգիչ համարելով այն, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ:



Նա հանձնարարեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին՝ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների վերաբերյալ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ