Ծույլերի, անբանների, ձրիակերների հասարակություն դառնալու ճանապարհին

Ծույլերի, անբանների, ձրիակերների հասարակություն դառնալու ճանապարհին

Հայաստանը վերածում են ծույլերի, անբանների, ձրիակերների հասարակության, դա արվում է հետեւողականորեն՝ պետական-իշխանական հատուկ ծրագրով։ Ձեւավորվում է մի մտածողություն, որ կարելի է ոչինչ չստեղծել, չսովորել, չաշխատել, միտքը չաշխատեցնել, գործարար ռիսկի չգնալ, բայց ապրել ապահով ու բարեկեցիկ։ Սակայն մի՞թե այդպես հնարավոր է։ 

Ինչո՞ւ է Հայաստանում, ավելի ճիշտ՝ Երեւանում, ամենատարածված բիզնեսի տեսակը դարձել բնակարանաշինությունը՝ շենք սարքել-ծախելը, տուն առնել՝ վարձով տալը։ Պատասխանն առավել պարզ է՝ կա պահանջարկ․ մարդիկ գնում են այդ բնակարանները, եւ կա վարձակալության պահանջարկ։ Արդյունքում երկրի ազգային հարստության առյուծի բաժինը գնում է բնակարան կառուցելուն, գնելուն, մարդիկ իրենց աշխատած եւ հետագայում աշխատելիք գումարը ներդնում են անշարժ գույք ձեռք բերելու մեջ։ Շինարարները վարկ են վերցնում՝ շենքեր կառուցելու համար, մարդիկ վարկ են վերցնում՝ այդ շենքերում բնակարան գնելու համար, եւ ամբողջ երկրի փողը գնում է այդ վարկերի սպասարկմանը։ Բացատրությունները, թե ինչու են մարդիկ այդպես անմնացորդ իրենց տվել անշարժ գույք ձեռք բերելուն, տարբեր են․ մեկն ասում է՝ բանկերին չի վստահում իր գումարը, ավելի լավ է խնայած գումարն անշարժ գույքի մեջ պահի, նաեւ երաշխավորված եկամուտ կստանա վարձակալությունից, մյուսն ասում է, որ բանկից հիպոթեքային վարկ է վերցրել՝ մտածելով, որ բնակարանը վարձով կտա՝ վարկը կփակի, իսկ դրանից հետո կդառնա իր համար եկամտի աղբյուր, ուրիշներն օգտվում են եկամտահարկի հետվերադարձի օրենքից, եկամտահարկով բնակարան են ձեռք բերում, որն էլ իր հերթին եկամուտ կբերի։ Մարդիկ կան, որ 2-3, նույնիսկ 15-20 բնակարան ունեն։ Բոլորի հույսն այն է, որ այդ բնակարանները ճիշտ ներդրում են, որ ժամանակի ընթացքում բնակարանի գինը կբարձրանա, իրենց ներդրած գումարը կապահովագրեն ինֆլյացիայից, համ էլ բնակարանը վարձով կտան, կդառնա եկամտի հուսալի միջոց, իրենցից հետո էլ ժառանգներին կմնա։ Հայ հասարակությունը վերածվում է ռանտյեների հասարակության, ռենտիե լինելը դառնում է համազգային նպատակ, կյանքի եւ գործունեության ուղենիշ։
Ռանտիեն այն մարդն է, ով ապրում է անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամտով։

Ընդունված է ռանտիե համարել նաեւ բանկային հաշիվների տոկոսներով ապրողներին։ Սրանք մարդիկ են, ովքեր ստանում են պասիվ եկամուտ․ ոչինչ չեն անում, ոչինչ չեն ստեղծում, բայց ունենալով ֆինանսական կամ գույքային կապիտալ՝ վարձով հանձնում են այլոց եւ եկամուտ են ստանում։ Այս մարդիկ համարում են, որ իրենց ամբողջ կյանքն ապահովված է՝ կարող են չաշխատել, չմտածել լրացուցիչ ներդրումների, ռիսկի մասին, չմտահոգվել եկամտի այլ աղբյուրների մասին, հանգիստ ու անհոգ ապրել ամբողջ կյանքում։ Ճանաչում եմ այդպիսի մարդկանց, իմ շրջապատում կան հաջողված ռանտիեներ, ովքեր նույնիսկ հպարտանում են, որ կյանքում ոչ մի տեղ չեն աշխատել, բայց վարձույթից ստացած եկամտի հաշվին ոչ միայն շատ-շատերից լավ են ապրում՝ լավ մեքենա ունեն, ճամփորդում են, մի բան էլ կարողանում են փող հետ գցել, մեծացնել իրենց գույքային ակտիվները։ Մի՞թե կա ավելի մեծ հաջողություն, դրանից բացի։ Եթե դա աշխատում է մի մարդու, մարդկանց մի խմբի դեպքում, արդյո՞ք դա կարող է աշխատել ամբողջ հասարակության դեպքում, հնարավո՞ր է մի ամբողջ հասարակություն ապրի այդ երազանքով, ամբողջ հասարակությունը դառնա ռանտիե։ Հայաստանի բոլոր քաղաքացիները հավաքվեն Երեւանում, բնակարաններ գնեն, վարձով տան եւ անհոգ ու երջանիկ ապրեն սերնդեսերունդ։ Ի՞նչ վատ ազգային գաղափարախոսություն է որ։
Իրականում հարցն այն չէ, թե դա հնարավոր է, թե ոչ, նման գործելակերպն ու մտածողությունն են մահացու վտանգավոր ցանկացած հասարակության համար։ Չի կարող գոյություն ունենալ ռանտիեների հասարակություն, որտեղ բոլորն ապրում են ծույլի, անբանի հոգեբանությամբ, ոչինչ չեն ստեղծում, բայց ապրում են խաղաղ եւ երջանիկ։ Նման հասարակություն չի կարող գոյություն ունենալ անգամ տեսականորեն․ չի կարող մի հասարակություն ոչինչ չստեղծել, միջոցներ չներդնել կրթության, գիտության, նորարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ, չստեղծել նոր ապրանքներ կամ ծառայություններ եւ դիմանալ այն մրցակցությանը, որն առկա է աշխարհում։ Բացի այդ, ռանտիեների հասարակությանը չի կարող հետաքրքրել իր երկրի ճակատագիրը, որովհետեւ ինքն այդ եկամուտը կստանա նույնիսկ եթե իր երկիրը դառնա մեկ այլ երկրի կցորդ, դադարի գոյություն ունենալ, բայց ինքը կկարողանա պաշտպանել իր սեփականության իրավունքը։

Հայաստանում հիմա հետեւողականորեն ձեւավորվում է մի խավ, որին հետաքրքիր չէ երկրի ճակատագիրը, հետաքրքիր չէ, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, Արցախը հանձնվում է, թե ոչ, Սյունիքում կամ Տավուշում վտանգ կա, թե չկա, Հայաստանը կլինի անկախ երկիր, թե թուրքական վիլայեթ․ իրենք ապրում են դրանից դուրս, իրենց հանգիստ ու անխռով աշխարհում, հավաքում են իրենց վարձերն ու ապրում։ Նրանց անխռով ու հանգիստ կյանքը մի փոքր փոթորկվում է միայն այն ժամանակ, երբ իշխանությունն ուզում է բարձրացնել գույքահարկը կամ որոշում է գույքի վարձավճարների վրա հարկ սահմանել, բայց դե՝ իրենք հարմարվում են, գտնում են ձեւերը։

Իհարկե, շատ վատ է, որ երկրի հարստության, միջոցների հսկայական մասը ծախսվում է ոչ թե արդյունաբերության, գյուղատնտեսության, իրական արժեքների ստեղծման վրա, այլ վերածվում է քարի ու բետոնի։ Վտանգավոր է, որ այս ոլորտը շատ ուռելու դեպքում կարող է մի օր պայթել՝ ոչնչացնելով ամբողջ երկրի տնտեսությունը, սարսափելի է, որ իշխանությունն իր քաղաքականությամբ նպաստում է, որ մարդիկ, գործարարները տնտեսության իրական ճյուղերում ներդրում անելու փոխարեն զբաղվեն հեշտ ու անշառ գործով՝ շենք սարքելով, բանկերի միջոցով ապահովելով պահանջարկ։ Ողբերգությունն այն է, որ ձեւավորվում է հանրային մի հսկայական շերտ, մտայնություն, որ կարելի է ոչինչ չանելով, ոչինչ չստեղծելով, ապրել։ Ապրել երեւանյան իրականությամբ՝ կտրված իրական Հայաստանից։ Այո, գործող իշխանությունը կուզենար հենց այդպիսի հասարակություն ստանալ․ հասարակություն, որին Երեւանի անշարժ գույքի գներից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում եւ հուզում, մնացածը երկրորդական է, երրորդական, եւ եթե ինչ-որ բան վտանգում է այդ գներին, սպառնում է իրենց եկամտին, ապա պետք է վերացնել այդ վտանգը՝ թշնամուն զիջելով, թշնամու պայմաններն ընդունելով, Հայաստանը մաս-մաս հանձնելով։

Ավետիս Բաբաջանյան