Կենցաղային vs պետական գործ

Կենցաղային vs պետական գործ

Արդարություն, արդարադատություն, օրենքի առջև բոլորի հավասարություն, ֆլան-ֆստան… Նման խոստումներ էր տալիս, չէ՞, 2018-ի ապրիլին «ժողովրդի փրկիչը»: Եվ ժողովուրդն էլ հիմարաբար հավատալով՝ նրան վարչապետ կարգեց: Ու ընկավ էն տհաճ բանի մեջ: Ու ոչ միայն չի կարողանում դուրս գալ այնտեղից, այլ շարունակում է ընկղմվել: Եվ պետությունն էլ քաշում է իր հետևից: Բայց ժողովրդի մի առանձին մասը՝ «փրկչի» կողքին լինելու բախտ ունեցողները ոնց որ թե ապրում են մեկ ակլ երկրում: Եվ ճիշտ նախկինների նման շարունակում են թքած ունենալ օրենքի ու օրինականության վրա: Եվ դա այսպես կոչված, «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում: Որպեսզի բոլորին ծանոթ երևույթների մասին խոսելով՝ չհոգնեցնեմ «Հրապարակի» ընթերցողներին՝ ներկայացնեմ օրվա իրականությունից պոկած մի փոքրիկ, շա՜տ փոքրիկ դեպք: 

Բայց մինչ այդ՝ մի փոքր շեղում: Ռուսները հետաքրքիր ասացվածք ունեն՝ դար ապրի, դար սովորի: Դա ոնց որ թե ինձ համար է ասված՝ մինչ այժմ գիտեի, թե Վարդավառը զանգվածների համար ջրելու կամ ջրվելու տոն է: Իսկ հավատացյալ քրիստոնյաների համար՝ Քրիստոսի Պայծառակերպության տոն: Բայց պարզվում է, որ այն նաև առանձնահատուկ ծավալներով ալկոհոլ օգտագործելու օր է: Հատկապես մեքենային ղեկին նստելու պատրաստ անձանց համար: ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում, օրինակ, ընդգծված է, որ վերջին մեկշաբաթյա խախտումների գերակշիռ մասը հայտնաբերվել է հուլիսի 24-ին՝ Վարդավառի օրը: Հայտնաբերվել է 911 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 55 մեքենա։ Հայտնաբերվել է նաև ուղևորների փոխադրման կանոնների խախտումների 42 դեպք: Եվ ամենակարևորը՝ 76 անձ (շաբաթվա 83-ից) մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ 
Այսպես, ըստ ավտովթարների արձանագրման համահայկական «Shamshyan.com» կայքի, ոմն Կ․ Սարգսյան Դիլիջանում մեքենա վարելով՝ ենթարկվել է ավտոտրանսպորտայհին պատահարի: Չգիտեմ, ոստիկանությունն արձանագրել է, թե ոչ այդ պատահարը, բայց մեր հերոսը շարունակել է ճանապարհը և արդեն Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի ինչ-որ հատվածում գիշերվա կեսին բախվել է մեկ այլ մեքենայի: Այստեղ արդեն ոստիկանությունը (չգիտեմ, Կոտայքի մարզում արդեն ամերիկյան փողերով ստեղծված պարեկային ծառայություն է առկա, թե ոչ) տեղը-տեղին արձանագրություն է կազմել, ստուգել վարորդների սթափության աստիճանը: Պարզվել է, որ վերը նշված Կ. Սարգսյանը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Այս կենցաղային պատմությունն իրավունք չէր ունենա տեղ զբաղեցնել «Հրապարակի» էջերում, եթե չպարզվեր, որ Կ. Սարգսյան ազգանունով անձը Գեղարքունիքի մարզպետն է։ Բայց չմոռանանք, որ մարզպետն էլ է հայ մարդ և կարող է մեկ-երկու բաժակ բարձրացնի՝ խմելով Քրիստոսի Պայծառակերպության տոնի կենացը:

Բայց դա չի նշանակում, թե ոստիկանությունն էլ պետք է պատասխանատվության ենթարկի նրան: Ակնկալում եմ, որ պարոն մարզպետը չի ենթարկվի 150 հազար դրամ վարչական տուգանքի և նրա վարորդական իրավունքի բալային 9 միավորից չի հանվի տուգանային 4 միավոր: Նախ, նա մաքրամաքուր գործող իշխանության աշխատավարձով ապրող պաշտոնյա է, և նրա համար 150 հազարը լուրջ ֆինանսական կորուստ կարող է լինել: Երկրորդ, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Կ. Սարգսյան ազգանունով անձը այլևս չի ենթարկվի գայթակղությանը: Այսինքն՝ նա այլևս մեքենա չի վարի ոչ սթափ վիճակում, իսկ այնուհետև չի կատարի շատ ավելի թեթև խախտում և կորցնի 9 միավոր: Ինչի արդյունքում ստիպված չի լինի կես տարով զրկվել մեքենա վարելու իրավունքից: Իսկ հիմա վերադառնանք Գեղարքունիքի հարգարժան մարզպետին: Ենթադրենք, թե վերջինս մի ոչ գեղեցիկ առավոտ ֆեյսբուքով հաղորդագրություն է ստանում շտապ ներկայանալ կառավարություն, իսկ վարորդը թարսի պես նախորդ գիշեր ծնունդ է նշած լինում: Դե ինչ ծնունդ առանց բավարար ծավալի ալկոհոլի՝ այն էլ Սևանի ավազանում, որտեղ օդն անգամ դրդում է մարդուն վայելել ալկոհոլի համն ու հոտը: Բնական է, որ այդ վիճակում վարորդն ի վիճակի չէ անվտանգ տեղ հասցնել իր ղեկավարին: Այդ դեպքում ի՞նչ պետք է անի մարզպետը՝ մտածե՞լ եք: Եվ ո՞վ պետք է պատասխան տա նրան վարորդական իրավունքից զրկելու կապակցությամբ: Չէ՞ որ դրանից տուժելու է հույժ կարևոր: