Հավանաբար բանաստեղծության փոխարեն ողբերգություն կգրի. Փաշինյանից հետո ակնկալում են գյումրեցիները 

Հավանաբար բանաստեղծության փոխարեն ողբերգություն կգրի. Փաշինյանից հետո ակնկալում են գյումրեցիները 


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ 6 ժամ անցկացրեց Գյումրիում: Վարչապետի այցը աշխատանքային էր, եկել էր ծանոթանալու քաղաքի տուրիստական ենթակառուցվածքներին: Կառավարության ղեկավարը Գյումրի  ժամանեց  վերջերս Ռուսաստանից Հայաստան  բերված նոր էլեկտրագնացքով, որի հիմնական ուղևորները  զբոսաշրջիկներն են:

Հասարակ քաղաքացիների համար 2500դրամ ուղեվարձը ճոխություն է: Շատերը  նախընտրում են երթևեկել հնամաշ ու ոչ այնքան հարմար գնացքներով՝ վճարելով ընդամենը 1000 դրամ: Ու չնայած դժգոհություններին, վարչապետը  նոր էլեկտրագնացքի ուղեվարձը վատ չհամարեց:

Գյումրեցիները Փաշինյանի այցին վաղ առավոտից էին սպասում: Նրան  Գյումրու կայարանի դռներից դուրս «անակնկալ» էր սպասվում․ մարդկանց հոծ բազմություն, որոնք եկել էին ոչ այնքան երկրի ղեկավարին տեսնելու ու ողջունելու, որքան  իրենց խնդիրները ներկայացնելու և բարձրաձայնելու։

Արդյունքն այն էր, որ նամակների տրցակը չէր տեղավորվում Փաշինյանի թիկնապահների ձեռքերում: Փաշինյանի համար ամենամեծ անակնկալը թերևս քաղաքի քարուքանդ փողոցներն էին, երբ ոտքով քայլեց մինչև Տիգրան Մեծ պողոտա: Այստեղ նա այլևս չզսպեց զայրույթը, դիմեց քաղաքապետին ու մարզպետին՝ պահանջելով շինհրապարակը աղբի չվերածել: Ի վերջո, երբ է Հայաստան ներմուծվելու շինարարական այն կուլտուրան, որպեսզի վերակառուցման պատճառով կյանքը կանգ չառնի:  Ու մինչ  վարչապետը քաղաքական կուլտուրա էր պահանջում ներմուծել, թիկունքում քաղաքապետ Սամվել Բալասանյանն  ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը տարրական կուլտուրան էին խախտում:

Մեկը՝ կլաուզնիկ, մյուսը՝ «Կլաուզնիկը ոդեդ գլոխ ես»,-նետեցին միմյանց: Վարչապետն ստիպված էր կատաղի միջամտել. «էէէէ, չեղավ: Մի հատ հանգստացեք,էն էլ իմ ներկայությամբ: Հիմա կարո՞ղ է էստեղ քուչի կռիվ սկսեք»,-սաստեց նա։ 

Վարչապետի Գյումրի այցը հագեցած էր: «Չերքեզի ձոր» ձկնաբուծարանը, որը քաղաքի գողտրիկ կենտրոններից է, զբոսաշրջության գրավականներից մեկը, բարձրացրեց նրա տրամադրությունը: Ծանոթացավ ձկնկիթ պատրաստելու տեխնոլոգիային, համտեսեց ու հիացավ շրջակա գեղեցկությամբ: Հաջորդ կանգառը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան էր, որտեղ նրան դիմավորեցին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու բազայի ղեկավարությունը: 

Նիկոլ Փաշինյանի այցի ուշագրավ դրվագներից էին ավտոկայանի տնակային 104-րդ ավանում շրջելն ու տեղի բնակիչների կենցաղային պայմաններին ծանոթանալը։ Այստեղ պատկերը գրեթե  նույն էր, ինչ կայարանամերձ տարածքում. բազմաթիվ նամակներ, սոցիալական ու կենցաղային խնդիրներ….:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսի մայրն այսօր երկրորդ անգամ է մոտեցել վարչապետին, ներկայացրել իր խնդիրը: Կնոջ խոսքերով նախորդ անգամ էլ չմերժեց, բայց ոչինչ չարեց: Այսօր էլ հույսը չի կորցնում, քանի որ հավատում է, որ անցյալ անգամ վարչապետն իսկապես մտահան էր արել իր խնդրանքը:  

Վարչապետի վերջին կանգառը Շիրակ օդանավակայանն էր, որտեղից դուրս գալով նա լքեց Գյումրին:  

«Գյումրի այցելելուց հետո վարչապետն հավանաբար բանաստեղծության փոխարեն ողբերգություն կգրի»,-կեսկատակ-կեսլուրջ ասում են գյումրեցիները՝ ակնկալելով, որ Գյումրիից ստացած տպավորություններն էլ Փաշինյանը Ռանչպար գյուղ այցելության նման շուտով չափածոյի է վերածելու: