ՀՀ-ի եւ ԼՂ-ի շուրջ օղակը սեղմվում է

ՀՀ-ի եւ ԼՂ-ի շուրջ օղակը սեղմվում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հրավիրված ասուլիսում՝ մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար ԱՄՆ թռչելը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով դիմել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարներին։ «Այո, մեր առաջնահերթությունները եռակողմ ձեւաչափով բանակցություններ վարելն է, ինչպես նախապես ծրագրված էր։ Բայց մենք նաեւ առաջարկել ենք հանդիպել քառակողմ ձեւաչափով։ Այսինքն՝ ես եմ, Պուտինը, Իլհամ Ալիեւն ու Փաշինյանը։ Ես ասացի՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք այն քայլերը, որոնք պետք է արվեն։ Այս առաջարկին ո՛չ բացասական, ո՛չ դրական պատասխան չենք ստացել»,- նշել է նա` հավելելով. «Այդ առաջարկի մասին մտածելու համար ես կխոսեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիեւի հետ»։

Եթե անկեղծ՝ սրանում ոչ մի արտառոց բան չկա․ մարդը վերընտրվել է Թուրքիայի նախագահ, հաստատել է Անկարայի կշիռն աշխարհում ու մեր տարածաշրջանում, օգտվում է հայ-ռուսական դիվանագիտական փոխհրաձգությունից, թուլացած Ռուսաստանից, խեղճացած Հայաստանից, շվարած Արցախից, մատը մատին չտվող միջազգային հանրության պահվածքից եւ ավելի ու ավելի է ներգրավվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, անգամ հավակնում է օրակարգ թելադրել։

Գանք մի փոքր հեռվից։ Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային հարցերի, ընդգծել, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը, եւ նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ: Իսկ ո՞րն է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի բովանդակության՝ թուրքական կողմի վարկածը։ Դրանից առաջ` Արցախի նախագահի ընտրությունները մեկնաբանելիս, Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ մտադիր է կապ հաստատել ՀՀ վարչապետի հետ․ «Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն։ Դրանք ընդունելի չեն։ Մենք այդ ամենին դրական չենք նայում»։
Ենթադրաբար, այս ուղերձը փոխանցվել է նաեւ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում՝ հաշվի առնելով Էրդողանի սկզբունքայնությունը, այդ թվում՝ «հեռախոսային դիվանագիտության» ասպարեզում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ հայտարարելով․ «Անընդունելի են Ադրբեջանի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ապօրինի ընտրությունները, որտեղ Հայաստանը շարունակում է իր սադրիչ գործողությունները»: 

Անկարան, ընտրությունները դատապարտելուց զատ, Արցախի նախագահական ընտրությունները որակել է որպես  հաշտության բանակցությունների վիժեցման կանխամտածված քայլ: Փաշինյանի հետ զրույցից առաջ Թուրքիայի նախագահը Նյու Դելիից, որտեղ մասնակցել  է G-20-ի՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովին, զանգել է փոքր եղբորը՝ Իլհամ Ալիեւին, եւ մտքեր փոխանակել տարածաշրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել է ԼՂ-ում ծավալվող վերջին իրադարձությունները:

Վերջին օրերին, հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը (ԼՂ հարցով Սենատի լսումներ, Բլինքենի օգնականի հայամետ հայտարարություններ, Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ, ԱՄՆ Պետդեպի՝ Լաչինի միջանցքը վերաբացելու կոչեր եւ այլն) զուգահեռ կամ գուցե հենց այդ պատճառով սրվել են Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները։ Թուրքիայում եւ Ադրբեջանում նյարդային էին արձագանքել Արցախի հարցով Սենատի լսումներում սենատոր Բոբի Մենենդեսի եւ Յուրի Քիմի հայտարարություններին, որոնք դատապարտել էին Բաքվի ագրեսիան, պահանջել ապաշրջափակել միջանցքն ու նշել հայ ժողովրդի դեմ էթնիկ զտման փորձի կամ ագրեսիայի անթույլատրելիությունը։

Բացի այդ, վերջերս ԱՄՆ Պետդեպն իր հերթական զեկույցում Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք ռազմական նպատակով հավաքագրում եւ օգտագործում են երեխա զինվորների՝ զբաղվում են անչափահասների թրաֆիքինգով։ Տեսնելով, որ ամերիկյան կողմն առավել գործուն ջանքեր է հանդես բերում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ավելի ազդեցիկ դերակատար դառնալու համար, Թուրքիան շտապում է կասեցնել այդ ընթացքն ու իր վաղեմի ծրագրերը կյանքի կոչել, որոնցից առաջնայինը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Այս մասին սկսել են ավելի ակտիվ խոսել թուրք պաշտոնյաները։  

Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության, ինչպես նաեւ հայացքը դեպի Արեւմուտք ու ՆԱՏՕ ուղղելու ֆոնին, կարելի է ենթադրել, թե ինչ կարող է տալ քառակողմ հանդիպումը հայկական կողմին․ դա իրականում կլինի 3-ն ընդդեմ 1-ի՝ Հայաստանի վրա նոր ու առավել ուժեղ ճնշում՝ պրկելով Արցախի շուրջ օղակը։ Չպետք է մոռանալ, որ ռուս-թուրքական համագործակցությունն ինչպես 20-րդ, այնպես էլ 21-րդ դարում, անգլոսաքսոնական նախագծերը չեզոքացնելու գլխավոր միջոցն է։

Եթե նույնիսկ խոսենք 3+3 ձեւաչափի մասին, որում ընդգրկված են «Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը», ապա ուժերի հարաբերակցությունը մեր օգտին չէ, որովհետեւ այս ընթացքում արեւմտյան արկածախնդրության շնորհիվ հասցրել ենք նեղացնել բարեկամական Իրանին, որի ղեկավարները հայտարարել են, թե Թեհրան-Բաքու հակասություններն այլեւս անցյալում են։ 
Ստացվում է, որ Հայաստանը հայտնվում է փակուղու առջեւ․ մի կողմից, խրոխտ հայտարարություններ է անում ՌԴ-ից կախումը թուլացնելու եւ Արեւմուտքի դռները գնալու մասին, մյուս կողմից զրկվում է տարածաշրջանում խաղացողի կարգավիճակից կամ, ինչպես ընդունված է ասել՝ սուբյեկտից դառնում է օբյեկտ։ Թե ինչ զարգացումներ սպասել այս ամենից հետո՝ մնում է սպասել, բայց ոչ այն հեռանկարով, ինչպիսին Էրդողանն է պատասխան սպասում Փաշինյանից, Ալիեւից ու Պուտինից․․․

Արա Ալոյան