«Հրապարակին» հանում են տարածքից․ լրագրող վարչապետը ծանրացնում է մամուլի վիճակը

«Հրապարակին» հանում են տարածքից․ լրագրող վարչապետը ծանրացնում է մամուլի վիճակը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատակիցները վերջերս դեսանտ էին իջել Բուզանդի ⅓ շենքում։ Այստեղ մի քանի տասնյակ գրասենյակներ են տեղավորված՝ խմբագրություններ, մամուլի ակումբներ, կուսակցական աշխատասենյակներ։ Պտտվում էին չինովնիկները սենյակներով, թղթեր էին ստուգում, տեսնում էին, ով է փող տալիս, ով՝ ոչ, ումից ինչ կարելի է ստանալ քաղաքապետարանի բյուջեն ավելացնելու համար։ Եւ ահա նրանք, ումից քաղաքապետը ոչինչ չունի ստանալու, մասնավորապես «Հրապարակ» թերթից, այսօր սև թուղթ ստացան․ «Երևան համայնքը հրաժարվում է «Հրապարակ» օրաթերթի հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրից»։

Քաղաքապետն առաջարկում է ծանուցումը ստանալու պահից մեկ ամիս անց հնգօրյա ժամկետում ազատել տարածքը։ «Հայտնում եմ, որ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման նպատակով, ելնելով Երևան համայնքի շահերից ներկայումս Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքների օգտագործման հիմնավորվածության հարցը, որի շրջանակներում նախատեսվում է դադարեցնել տարածքների անհատույց օգտագործումը և քննարկել վարձակալության սկզբունքով դրանց հետագա օգտագործման նպատակահարմարության հարցը»։

Մամուլին շենքից հանում են «Երևան քաղաքի շահերից» ելնելով, տարածքներն «ավելի արդյունավետ կառավարելու» նպատակով։ Թեև երևանցուն ոչ ոք չի հարցրել, թե ինչպես կուզեր տնօրինել այս տարածքը և իր ձայնը վերևներում լսելի դարձնելու ինչ ավելի արդյունավետ գործիք ունի նա, ազատ մամուլից բացի։ Հղում է արվում քաղաքացիական օրենսգրքի 697 հոդվածին, որի համաձայն «Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրից` մեկ ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով»: Ավագանու որոշում «Հրապարակի» հետ պայմանագիրը խզելու չկա, մինչդեռ տարածքն այս մեզ էր հատկացվել ավագանու որոշմամբ։ 

Վերջին 5-6 տարին Երևանի ավագանու որոշմամբ Բուզանդի ⅓ շենքի 4-րդ հարկում գտնվող մոտ 90 քմ գրասենյակային տարածքը մինչև 14․02․2020 թվականը անհատույց տրվել է «Հրապարակ» թերթի խմբագրությանը։ Նախագահը Սերժ Սարգսյանն էր, վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, քաղաքապետը Գագիկ Բեգլարյանը։ Քրեաօլիգարխիկ խորը ճահճում էինք ապրում-քննադատում իշխանությանը, բայց կար չգրված օրենք, որին ենթարկվում էր նաև իշխանությունը՝ թերթը իր եկամուտներով ի վիճակի չի տարածք վարձակալել։

Թերթին տնտեսապես նեղ վիճակում դնողն անմիջապես մեղադրվում էր ազատ խոսքը ճնշելու մեջ։ Նոր իշխանությունների ժամանակ թերթերի վիճակը չփոխվեց։ Լրագրող վարչապետը կարծես ամեն ինչ անում է իր նախկին կոլեգաների վիճակը ծանրացնելու համար։ Եթե նախկինում պետական մարմինները հաճախ բաժանորդագրվում էին ազատ մամուլին, որոշակի մշտական եկամուտ ապահովելով թերթերի համար, Փաշինյանի կառավարությունը նոր գործառույթներ հաղորդեց իր տեղեկատվության կենտրոնին, ընդլայնեց վերջինիս հաստիքակազմը, և ահա մի ահռելի աշխատակազմ ամեն օր մամուլ ու «ֆեյսբուք» է կոնսպեկտավորում, ուղարկում նախարարություններ, և ազատ մամուլի բաժանորդագրությունն ինքնին անիմաստ է դառնում։

Պահանջում ենք քաղաքապետից մանրամասն հիմնավորել, թե ո՞ր օրենսդրական ակտերով եք ղեկավարվել մեզ տարածքն ազատելու պահանջներ ներկայացնելիս, ինչպե՞ս եք պատկերացնում մեզ անխուսափելիորեն պատճառվող իրական վնասի չափը և այն հատուցելու պատասխանատվությունը, հասկանո՞ւմ եք արդյոք, որ այդպիսի հապճեպությունն ու ոչ իրավաչափ նախաձեռնությունը աղերսներ ունի զանգվածային լրատվության միջոցների հետապնդման հետ, գիտակցո՞ւմ եք արդյոք, որ «Հրապարակին» տարածքից վռնդելը հանրության կողմից ընկալվելու է որպես Ձեզ մշտապես քննադատող լրատվամիջոցին լռեցնելու քայլ։