Հեղափոխությունը չէր կարող տնտեսության մեջ տատանումներ չառաջացնել

Հեղափոխությունը չէր կարող տնտեսության մեջ տատանումներ չառաջացնել

Հարցազրույց «Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Մհեր Փարվանյանի հետ.

-Դեկտեմբերին 1,8 տոկոս գնաճը ուրախացրել է վարչապետ Փաշինյանին, քանի որ միջին տարեկան գնաճից՝ 2,5 տոկոս, այս ցուցանիշը ցածր է։ Իսկ Հրանտ Բագրատյանը ասել էր, որ սա նշանակում է , որ տնտեսական աճը փոքր է։ Ձեր կարծիքը, խնդրում եմ, լա՞վ է, թե վատ, որ մեծ թանկացումներ չկան։ 

- Այն, որ մեծ թանկացումներ չկան, անշուշտ լավ է։ Բայց նախ պետք է հասկանալ, ինչ ասել է մեծ թանկացումներ։ Դիցուկ 5 տոկոս գնաճը բերում է մեծ թանկացման, թ՞ե ոչ։ Բացի այդ թանկացումը և գնաճը նույնացնել պետք չէ։ Քանի որ գնաճը կամ ինֆլիացիան դա պրոցես է, իսկ թանկացումը դրա հետևանքն է։ Ցանկացած թանկացում չէ, որ ինֆլիացիայի հետևանք է։ 
Գնաճի մակարդակի վերաբերյալ տարբեր տնտեսագիտական դպրոցներ ունեն տարբեր մոտեցումներ։ Ընդ որում այդ մոտեցումները տարբերվում են նաև այն հանգամանքից ելնելով, թե գնաճը պայմանավորված է, օրինակ պահանջարկի, թ՞ե փողի զանգվածի աճով և այլն։  Այս համատեքստում էական է թե գնաճի ինչ թիրախ է սահմանում պետությունը, մասնավորապես ԿԲ-ն։ ՀՀ-ում այն  սահմանված է 4 տոկոս, 1,5 տոկոս տատանման հնարավորությամբ։ Հետևաբար տարեկան միջին գնաճը ԿԲ-ի թիրախի թույլատրելի ստորին սահմանն է։ Այստեղ հարցերը այլ են։ Բանն այն է, որ յուրաքանչյուր տնտեսության զարգացման համար կարևոր է գնաճի ճիշտ թիրախի սահմանումը, իսկ դրա համար պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ՝ սկսած տվյալ տնտեսության կառուցվածքից, վարվող հարկաբյուջետային քաղաքականությունից մինչև գործազրկության մակարդակ։ Այս  առումով սահմանված թիրախից ցածր գնաճը կարող է խոչընդոտել տնտեսության զարգացմանը։ Եվ ահա աստեղ է, որ հարց է ծագում՝ արդյո՞ք թիրախը ճիշտ է սահմանված, թե ոչ։ Արդյո՞ք այդ թիրախի հիմքում տնտեսական գործոններն են, թ՞ե քաղաքական, մասնավորապես սոցիալական լարվածության հիմնախնդիրը։ Արդյո՞ք մեր պետությունը ունի բավարար մեթոդաբանական գործիքակազմ անհրաժեշտ մակարդակի վերլուծություն անելու, թ՞ե ոչ։  Հետևաբար ասել, թե 2,5 տոկոս գնաճը լավ է, թե ոչ հնարավոր է բազմակողմանի և խորը վերլուծության արդյունքում, որը համապատասխան ինստիտուտի  գործ է։ Ուստի շատ եմ կարևորում պետության մակրոտնտեսական քաղաքականությանը, այդ թվում պարոն Բագրատյանի ուսումնասիրությունների քննարկումը և բանավեճերը մասնագիտական շրջանակներում, որը կարծես առանձնապես չի իրականացվում։ Այս համատեքստում կարևորագույն հարթակ կարող է դառնալ, օրինակ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։

- Հիմա ուզում եմ հասկանալ, թե 1,8 տոկոս ինֆլացիան էապես ավելացրել է մեր ծախսերը, թ՞ե ոչ։ Օրինակ, սննդամթերքի և սիգարետի գները ամենաշատն են բարձրացել՝ 2,5-4 տոկոսով։ 

- Ձեր նշած խմբերը միշտ էլ աչքի են ընկել առավել բարձր գնաճով։ Եթե սննդամթերքի գնաճը պայմանավորված է հումքի գներից մինչև ամանորյա թանկացումներ, ապա սիգարետը հիմնականում պայմանավորված է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ։ Այնուամենայիվ, աստեղ կրկին չունենք թիրախի գերազանցում։ Իսկ թիրախի որոշման մասին, ես արդեն խոսեցի։ Ես կցանկանայի ընդգծել մի կարևոր փաստ։ Հենց Ձեր նշած 2 խմբերը մեծ նպաստ են ունեցել մշակող արդյունաբերության ընդհանուր աճում, մասնավորապես, 2018թվականի հունվար-նոյեմբեր տվյալներով այդ խմբերի աճը ապահովել է մշակող արդյունաբերության աճի 42 տոկոսը։

-Օրերս դոլարի փոխարժեքն անցավ 486 դրամը։ Հնարավո՞ր է, որ կուրսը շարունակի բարձրանալ, ի՞նչ միտում կա։ 

- ՀՀ ԿԲ-ն հայտարարում է, որ իրականացնում է փոխարժեքի լողացող քաղաքականություն, ինչը նշանակում է, որ փոխարժեքը սահմանվում է արժութային շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության հիման վրա։ Սակայն, իմ գնահատմամբ ԿԲ-ն իրականացնում է առնվազն հիբրիդային քաղաքականություն, այսինքն կուրսը թողնում է լողացող որոշակի միջակայքում։ Սրա մասին են վկայում ԿԲ-ի կողմից իրականացված ինտերվենցիաները: Սա, իհարկե, ենթադրում է որոշակի կորուստներ, սակայն մյուս կողմից հաշվի առնելով մեր տնտեսության չափերը և դոլարիզացիայի բարձր մակարդակը լիարժեք ազատ լողացող քաղաքականության իրականացումը կարող է ռիսկային լինել՝ մասնավորապես հանգեցնել դրամի կտրուկ արժեզրկման։ Այստեղ նույնպես էական է հաշվարկել կորուստները, գնահատել ռիսկերը և վերնայել միջակայքերը։ Ինչ վերաբերում է դոլարի կուրսին, ապա բարձրացումը ի թիվս այլ գործոնների մեծապես կարող է պայմանավորված լինել ներմուծման առաջանցիկ աճով արտահանման նկատմամբ, ինչի արդյունքում մեծանում է դոլարի նկատմամբ պահանջարկը։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ԿԲ-ն վերահսկում է երևույթը և թույլ չի տա, որ դոլարի կուրսը այնքան բարձրանա, որ ունենա աղետալի հետևանքներ տնտեսության համար։ Սակայն միջակայքերի ավելի ազատականացում անհրաժեշտ է։

- Տնտեսական ակտիվությունն ու ներդրումները նվազել են։ Ինչ՞ի հետևանք սա կարող է լինել, հեղափոխությա՞ն։ Ես հիշում եմ, որ ապրիլին սպասելիքներ կային, որ մեզ տնտեսական առումով անկայուն իրավիճակ է սպասում։

- Հարկ է նշել, որ ներդրումների և տնտեսական ակտիվության նվազումը մեծ մասամբ պայմանավորված են հանքաարդյուանբերության ոլորտում կատավող հայտնի իրադարձություններով։ Իսկ նոր ներդրումների համար անհրաժեշտ է գրավչություն, որը մեկ օրվա գործ չէ։ Բացի այդ գաղտնիք չի, որ նախորդ իշխանությունների և տնտեսության փոխկապվածությունը բավականին ուղղակի էր։ Հետևաբար հեղափոխությունը չէր կարող տնտեսության մեջ տատանումներ չառաջացնել։ Բիզնեսը խնդիր ունի դիրքավորվելու և ադապտացվելու նոր պայմաններին։ Իհարկե կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը, նոր իշխանությունների հաստատակամությունը չսերտաճելու բիզնեսին շատ կարևոր գործոններ են, գուցե առաջնային, սակայն անհրաժեշտ են տեխնոկրատական համակարգային լուծումներ։ Նախորդ 8 ամիսներին ասել, որ դրանք կային արդար չի լինի։ Հուսանք այս տարվանից սկսվեն նմանատիպ աշխատանքները։