Մարզիկներն ու բիզնեսմենները SOS են հնչեցնում

Մարզիկներն ու բիզնեսմենները SOS են հնչեցնում

Քաոսը դանդաղ քայլերով առաջ է շարժվում։ Մի օր մի հանրային խումբ է վրդովվում՝ պատեպատ զարկվում, մյուս օրը՝ հաջորդը։ Մի օր մի անհեթեթ հայտարարություն են անում իշխանությունները, մյուս օրը մի անընդունելի օրինագիծ են դնում շրջանառության մեջ։ Մի օր սեռափոխվածի են Ազգային Ժողով հրավիրում, հետո՝ մեկ այլ սեռափոխվածի մասին ֆիլմ են նկարում։ Նախկիններին քննադատում են կոռումպացվածության մեջ, բայց իրենք մեկ անձից ուղիղ գնումներ են անում, մի կազմակերպության հետ պայմանագիր կնքում՝ առանց մրցույթների։

Օտարերկրյա կապիտալով ընկերություններին թույլ չեն տալիս աշխատել Հայաստանում՝ Սանիթեք, Լիդիան, իսկ իրենց անհասկանալի հիմունքներով եւ կազմով նորաստեղծ կազմակերպությանը աղբահանության համար 600 միլիոն դրամ ավելի գումար են հատկացնում նույն գործն անելու համար եւ հաջորդ տարվա բյուջեում այնպիսի թվեր են գրում, որ Տարոն Մարգարյանն անգամ երազում չէր կարող նման բան տեսնել։ Մեծ խումբ մարդիկ պայքարում են Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծի դեմ, իսկ նախարարը հայտարարում է, որ արկղերով քրեական գործեր է ուղարկելու դաշնակցական նախկին նախարարներին եւ վարչապետ ու նախարար հայտարարում են՝ «չենք նահանջելու», կարծես հայերենի դասավանդումը հանելը մեր ազգի գոյության պահպանման միակ ձեւն է, իսկ կրթության նախարարի կաբինետը Ավարայրի ճակատամարտի դաշտը, հայոց լեզվի պաշտպաններն էլ պարսից զորքը, որից պաշտպանվում է Արայիկ Հարությունյանը։

Չկա օր, որ մի «բոլոլա» չլինի՝ օրը սկսում են ինչ որ վատ լուրերի սպասումով, ու տագնապով։ Այսօր էլ վաղ առավոտից արդեն երկու հայտարարություն ենք ստացել, որտեղ տարբեր մարդիկ իրենց ընդվզումն են հայտնում։ Մեկը Մարզական 29 ֆեդերացիաների եւ մեծ թվով մարզիկների հայտարարությունն է՝ ուղղված Մել Դալուզյանի մասին ֆիլմին եւ մարզիկի մեծարմանը, ինչից վրդովված են սպորտսմեններն ու մարզիչները։ Նրանք գրել են․ 

«Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Նրա վարքագիծը և անպարկեշտ պահվածքը անընդունելի է եղել հայկական մարզաշխարհի համար: Նրա ներկայությունը ծանրամարտի աղջիկների հավաքականի կազմում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, և մարզիչներից բավականին երկար ժամանակ է պահանջվել այդ խնդիրները կարգավորելու համար: Եվ այսօր այդ մարդը ներկայացվում է, որպես հայ մարզիկի մարմնավորում, փորձ է արվում նրան հերոսացնել ու փառաբանել: Եթե ցանկություն կա Մելինե Դալուզյանի սեռափոխված լինելու հանգամանքը արդարացնել ու գովերգել, ապա արեք ինչ ուզում եք, սակայն դադարեք նրան ներկայացնել, որպես հաղթանակած հայ մարզիկի կերպար, որովհետև նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը: Մեզ համար անընդունելի է նրան հերոսացնելու այս գործընթացը: Քանի դեռ ուշ չէ, կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որովհետև դրա հետևանքները կարող են անդառնալի ու շատ ցավոտ լինել: Կան հարցեր, որոնց հետ պարզապես չի կարելի կատակ անել: Սա հենց այդ դեպքն է»:


Երկրորդը, որ շատ ավելի անսպասելի ու ցավալի էր, «Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատեր Սիմոն Պողոսյանի բաց նամակն էր՝ ուղղված ՀՀ վարչապետին, որտեղ բիզնեսմենը շատ հարգալից տոնով մի խայտառակ պատկեր է ներկայացնում, գրելով․ 

«Վերջին մեկ տարվա ընթացքում հայրենի իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական, որևէ հոդաբաշխ հիմնավորումից զուրկ գործողություններ,որոնք տեղիք են տալիս խորը մտահոգության…մեղմ ասած․․․տարվա ընթացքում բավականին հաճախ ունենում ենք հյուրեր տարբեր երկրներից,որոնք, ի միջի այլոց, սովորաբար լինում են իրենց երկրների բարձրագույն ղեկավարության հետ սերտ հարաբերություններ ունեցող անձինք : Պատկերացրեք այդ մարդկանց զարմանքը,տարակուսանքն ու նաև մեր երկրի մասին ձևավորվելիք կարծիքը,երբ իրավապահները Սևանի մայրուղու վրա, առանց որևէ խախտում արձանագրելու,իրենց բառերով ասած «ենթադրյալ կասկածանքով» իմ անձնական օգտագործման ավտոմեքենայից իջեցնում են ինձ և իմ հյուրերին, և մեքենան տանում են տուգանային հրապարակ իրենց կասկածները փարատելու,երբ նույն այդ կասկածները կարող էին փարատել բազմաթիվ այլ, քաղաքակիրթ ձևերով: Կամ երբ իմանում են իմ բնակելի տան տարածքում իրականացված ոստիկանական անհանդուրժելի գործողությունների մասին»:

Իսկ նամակը եզրափակել է․ «Հրապարակավ դիմելուս պատճառը ոչ միայն իրավիճակին Ձեր միջամտությունը հայցելն է, այլև եթե այլ գործարարներ ևս առընչվում են նմանատիպ իրավիճակների(իսկ որ կա նման խնդիր, դրանում պարզապես համոզված եմ ), ապա նրանք ևս բարձրաձայնեն այդ մասին, և խնդրին տրվի քաղաքակիրթ լուծում: Հակառակ պարագայում, որևէ խոշոր, մանավանդ կայացած բրենդ արտադրող գործարարի համար առանձնակի մեծ դժվարություն չի ներկայացնում այլ հարմար միջավայրում գործունեություն ծավալելն ու միաժամանակ Հայրենիքում բնակվելը. սա 21-րդ դարն է, և բիզնես հնարավորություններն իսկապես անսահմանափակ են: Ինչպես ասում են, ֆինանսները լռություն են սիրում…»։

Ահա այսպիսի միջավայր եւ իրավիճակ է ձեւավորվել մեր երկրում, որտեղ անպաշտպան են մարզիկներն ու դասախոսները, բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները։     

ՀԳ Վերադառնալով հոդվածի առաջին հատվածին՝ շատ խորհրդանշական է, որ այս օրերին Հանրայինը ցուցադրում է «Քաոս» ֆիլմը։ Ի դեպ, այս տարվա մեջ երկրորդ անգամ։