Մարդիկ այդ բաժանումներից զզվում են ուղղակի

Մարդիկ այդ բաժանումներից զզվում են ուղղակի

Շաբաթ օրը տեղի է ունեցել «Բեկում» համաերիտասարդական ֆորումի հերթական հավաքը, որը կրում էր «2018 թվական․ հեղափոխությու՞ն, թե՞ խաբեություն» խորագիրը։ Ֆորումը կազմակերպել է «Երիտասարդի ձայնը ակումբ» հասարակական կազմակերպությունը։ Խոսվել է այն մասին, թե ինչու՞ և ինչպե՞ս տեղի ունեցավ իշխանափոխությունը, ի՞նչ էին սպասում և ի՞նչ ստացան ՀՀ քաղաքացիները, ի՞նչ է սպասվում մեր երկրին ու ի՞նչ է պետք անել այս վիճակից դուրս գալու համար։ Ֆորումի կազմակերպիչը հանրային գործիչների մի խումբ է, որոնց բոլորը ճանաչում են. Աբրահամ Գասպարյան, Անդրանիկ Թևանյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Դանիելյան եւ այլք: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բագրատ Սրբազանը, դերասան Հրանտ Թոխատյանը, զոհված զինծառայողների ծնողներ և այլն: Մեր աղբյուրներն ասում են, որ այստեղ հիմնականում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են հավաքված, այսպես կոչված` երիտասարդական թեւը, որոնց համակարգում է Անդրանիկ Թեւանյանը: Թերեւս` առաջիկա երեւանյան ընտրություններում նրա թեկնածության օգտին աշխատելու եւ ինչ-որ պրոցեսներ գեներացնելու նպատակով: Մենք զրուցել ենք Երվանդ Բոզոյանի հետ:

- «Բեկում» ֆորումի օրակարգը ո՞րն է:

- Ֆորումի օրակարգը հենց անվան մեջ է` «Բեկում», և թե ինչ է իրենից ներկայացնում 2018-ի հեղափոխությունն առհասարակ, և թե ինչու են մարդիկ այսօր հիասթափված: Ֆորումի գլխավոր նպատակը սա էր:

- Քննարկումների առանցքում ի՞նչ հարց էր դրված և ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ առաջարկվեցի՞ն:

- Քննարկման առարկան ևս 2018-ի դեպքերն էին, այն է` ի՞նչն էր հեղափոխության առանցքում: Ի՞նչ նպատակ ուներ հեղափոխությունը, և վերջապես ինչո՞ւ է հիասթափված հասարակությունը: Սա էր հիմնական նպատակը:

- Բավականին տարբեր քաղաքական, հանրային գործիչներ էին ֆորումին մասնակցում, տարբեր դաշտերից` Աբրահամ Գասպարյան, Անդրանիկ Թևանյան և այլք: Կարո՞ղ ենք ենթադրել, որ ընդդիմադիրների ինչ-որ զանգված ֆորումի շուրջն եք ուզում համախմբել:

- Ընդհանուր առմամբ սխալ է հասարակության մեջ մարդկանց քաղաքական հայացքները տարանջատել: Այսօր հասարակությունը լուծումներ է պահանջում, իսկ լուծումների համար պետք է հնարավորինս կոնսոլիդացիա ստեղծել: Մարդկանց 80 տոկոսը մտահոգ է երկրի ապագայով: Հասարակությունն ուզում է տեսնել լուծումներ, առանց մանր ինտրիգների ու կլանային շահերի: Այն օրակարգը, որ կա այսօր Հայստանում` հնարավորինս կոնսոլիդացվելն է: Այս կոնսոլիդացիան պետք է հնարավորինս արդյունավետ լինի երկրի համար: Պետք է կուսակցական գաղափարները դնել մի կողմ և կոնսոլիդացվել վերկուսակցական տրամաբանության մեջ:

- Այսինքն, կապ չունի` Ռոբերտ Քոչարյանի թիմն է, թե` Սերժ Սարգսյանի, ֆորումի նպատակը կոնսոլիդացվելն է: Իսկ ի՞նչ պետք է անեք առաջիկայում կոնսոլիդացվելուց հետո:

- 1918 թվականին Սարդարապատի ճակատամարտի ժամանակ մարդիկ ունեին տարբեր հայացքներ, սակայն հասկանում էին չէ՞, որ վտանգի առաջ են կանգնած: Այսօր ևս պետք է այս մոտեցումը լինի: Կուսակցական շահերը չեն կարող առաջնային լինել այսօր: Մարդիկ այդ բաժանումներից զզվում են ուղղակի: Կուսակցությունների հանդեպ հիասթափությունն էլ պայմանավորված է վերկուսակցական շահերով: Անձամբ ինձ համար հասարակության համախմբվածությունն է, որպեսզի այս վիճակից դուրս գանք: Պատերազմից հետո միայն կորուստներ են արձանագրվում Հայաստանում, իսկ դա շատ մտահոգիչ է:

- Երևանի քաղաքապետի ընտրություններում Անդրանիկ Թևանյանի թեկնածության հարցը չե՞ք քննարկել:

- Ոչ, չի քննարկվել: Այսօր մեր գլխավոր օրակարգը ոչ թե քաղաքապետի ընտրությունն է, այլ ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցը: Հասարակությունն էլ կներվայինանա, երբ հարցնեք, թե ինչ են մարդիկ մտածում այդ ընտրությունների մասին: Այս խայտառակ շրջանում քաղաքապետի ընտրությունների մասին խոսելը ժամանակավրեպ է:

- Իսկ եթե իշխանությունը հաջողություններգրանցի ընդդիմության պասիվության արդյունքում: Սա չի՞ մտահոգում Ձեզ:

- Մենք չունենք քաղաքական հանդարտ մթնոլորտ: Ունենք մի կործանարար իրավիճակ, որ ամեն վայրկյան վտանգում է Հայաստանի ապագան: Իրավիճակը նախ պետք է փոխվի: