Արդարությունը, վերջիվերջո, պիտի հաղթի, խի էս քրջոտնե՞րն են որոշում՝ ինչ պիտի կատարվի

Արդարությունը, վերջիվերջո, պիտի հաղթի, խի էս քրջոտնե՞րն են որոշում՝ ինչ պիտի կատարվի

Շուրջ 5 ամիս է, ինչ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է։ Այս ընթացքում նա հասցրեց ԱԺ պատգամավոր դառնալ, ապա բանտից մասնակցել Գորիսի համայնքային ընտրություններին ու հաղթել։ Հետո մանդատը վայր դրեց, որ ստանձնի քաղաքապետի պաշտոնը։ Եվ թվում էր, թե համայնքապետ ընտրվելը բավարար հիմք է, որպեսզի նախաքննության մարմինը կամ դատարանը փոխի խափանման միջոցը, եւ դատավարությունն ընթանա նրա ազատության պայմաններում, մինչեւ դատարանը կորոշի՝ մեղավո՞ր է նա, թե՞ ոչ։

Սակայն իշխանությունն անօրինական հետապնդումներից ձեռք չի քաշում, հակառակը՝ Գորիսի ընտրված քաղաքապետին «միացան» նաեւ Վարդենիսում ավագանի անցած կուսակցական ցուցակի առաջին համարը՝ Արամ Հարությունյանը, Վանաձորում հաղթած թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանը, նույն ճանապարհի վրա է Բերդի ընտրված թեկնածուն։ Իշխանությունը քրեական-քաղաքական հետապնդումներ է իրականացնում իր ճանապարհին կանգնած բոլորի նկատմամբ՝ առանց օրենքի ու օրինականության, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու։ Եվ քաղաքական հետապնդումների ենթարկվողները կարողանում են բերդից դուրս գալ միայն «մուծվելու» կամ Սահմանադրական դատարանի որոշումների արդյունքում, ինչպես տեղի ունեցավ Առուշ Առուշանյանի ընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի դեպքում․ նրանք «Հայաստան» դաշինքի անդամներ են, ԱԺ պատգամավորներ եւ շուրջ 5 ամիս կալանավորված էին օրենքի կոպիտ խախտումներով, ինչն անգամ իշխանական ՍԴ-ն ստիպված եղավ արձանագրել։ Նրանց անձեռնմխելիության հանգամանքը հաշվի չէր առնվել, եւ դատախազությունն ապօրինաբար հայտարարել էր, որ մինչեւ մանդատը ստանալը հարուցված քրեական գործերի դեպքում ԱԺ մտնելու եւ անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն չկա։

ՍԴ-ն ասաց, որ սխալվում եք․ նրանց՝ պատգամավոր դառնալու պահից սկսում է գործել պատգամավորական անձեռնմխելիության դրույթը, եւ դուք պարտավոր էիք դիմել ԱԺ-ին ու ստանալ այդ թույլտվությունը։ Ի դեպ, դա ստանալն անգամ բարդ էլ չէր լինի, քանի որ «Քաղպայմանագիրն» ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն եւ ցանկացած՝ անգամ սահմանադրական օրենքները կարողանում է անցկացնել, առանց ընդդիմության ձայների։ Այ, եթե հունիսի 20-ի ընտրություններում ՔՊ-ն մի քիչ պակաս ձայներ ստացած լիներ եւ որակյալ մեծամասնություն, այսինքն՝ երկու երրորդի չափ ձայներ չունենար, ապա երբեմն ընդդիմությունը կկարողանար խափանել այս անօրինական եւ հակապետական ծրագրերի իրականացումը։ Սակայն մեր ժողովուրդը եւ Տիգրան Մուկուչյանն այլ կերպ տնօրինեցին։ Ինչեւէ, իշխանությունը սկսել է ռեպրեսիվ մեթոդներն ավելի ինտենսիվորեն օգտագործել եւ համայնքապետերի ու տարբեր համայնքների ընտրված ավագանիների նկատմամբ իսկական տեռոր է կիրառում։ Բայց այդ շարքում առաջինը, անշուշտ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է, որին բանտում պատանդ են պահում ու թույլ չեն տալիս իրականացնել ընտրված քաղաքապետի իր պարտականությունները։ Ի դեպ, նրան պահում են ԱԱԾ-ի «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, իսկ դատերն ընթանում են Գորիսում։ Ամեն անգամ պետությունը հսկայական ծախսեր է անում նրան Գորիս տեղափոխելու, ապա նույն օրը Երեւան հետ բերելու համար։ Սրա պատճառն էլ այն է, որ չեն ուզում Գորիսի բանտում նրան պահել, որպեսզի հանկարծ արտոնյալ պայմաններ չստեղծվեն Առուշանյանի համար։ Այսինքն՝ նախնական կալանքը որպես պատիժ են կիրառում։
Մենք զրուցեցինք Առուշ Առուշանյանի հոր՝ Գագա Առուշանյանի հետ, հետաքրքրվեցինք՝ որեւէ նորություն կա՞ Գորիսի քաղաքապետի գործով։ Նա ասաց, որ ամեն բան նույնն է՝ դեկտեմբերի 27-ին հերթական դատական նիստն է կայանալու, եւ հույս հայտնեց, որ արդարությունը կվերականգնվի․ «Արդարությունը, վերջիվերջո, պիտի հաղթի, խի էս քրջոտնե՞րն են որոշում՝ ինչ պիտի կատարվի։ Ինչ վերաբերում է Առուշի ընկերների ազատ արձակմանը, նորմալ եմ դրան նայում, նրանք պատգամավորներ էին եւ պիտի ազատ արձակվեին»։

Գագա Առուշանյանից հետաքրքրվեցինք նաեւ Գորիս խոշորացված համայնքի կառավարումից, որը, փաստորեն, համայնքապետ չունի։ «Բնականոն իրենց աշխատանքին են անցել, ամեն մարդ գիտի իր գործը, որեւէ խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը։