Սպիտակ մազերիցդ ամաչի․ Ռազմիկ Աբրահամյանին վիրավորական արտահայտություններով ճանապարհեցին

Սպիտակ մազերիցդ ամաչի․ Ռազմիկ Աբրահամյանին վիրավորական արտահայտություններով ճանապարհեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի ունեցավ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։

Նիստի ավարտից հետո իրենց երեխաներին կորցնելու մեջ Աբրահամյանին մեղադրող կանայք վանկարկումներով ճանապարհեցին նրան։ Նրանցից մեկն ասաց՝ սպիտակ մազերիցդ ամաչի, եւ արեց վիրավորական արտահայտություններ ։

Ապա շարունակեց․ «Մենք ստանալու ենք մեր էրեխեքին։ Սպիտակ մազերիցդ ամաչի»։

Աբրահամյանին ուղեկցողներից մեկը կանանց խոսքերին արձագանքեց՝ հարցնելով․ «Ձեզ ո՞վ ա վարձել»։ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանին էլ ասաց, թե բռնի պաշտպանյալի ձեռքն ու գնա մանկան տուն։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսանալով ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: