Դպրոցում մի տղա ունեինք՝ Սվեծիկ էինք ասում

Դպրոցում մի տղա ունեինք՝ Սվեծիկ էինք ասում

Ո՜նց չեմ մոռանում․  դպրոցում մի տղա ունեինք՝ սպիտակ, փափլիկ ձեռքերով, ճերմակ թուշիկներով, կարմիր պռոշներով, աղջկական ձևավորված կլորությամբ։  Նրան Սվեծիկ էինք ասում։ Մականունն այնպես էր կպել նրան, որ հիմա չեմ հիշում իսկական անունը։ Երբ ասում էինք Սվեծիկ, գնում, բողոքում էր դպրոցի տնօրենին, դասղեկին՝  թե բա  ինձ հայհոյում են։ Բողոքում, հետո «դմակը տրտինգ տալով» դուրս էր գալիս կաբինետից ու․․․ ձեն եմ տալիս՝ Սվեծիկ, էս որտե՞ղ էիր։ Տնօրենը նրա հետևից դուրս էր գալիս, որ «հայհոյողներիս պորտը տեղը դնի» ու լսում է բառերս։ Ականջս ձգում ու ասում է՝ խելոք մնա, իսկ Սվեծիկին էլ ասում է՝ արա, դու տղա չե՞ս, դու էլ իրեն հայհոյի։ Էս Սվեծիկս տանում, բերում հայհոյում է ինձ՝ շորերդ թանաքոտվի։ Կես դար առաջվա պատմություն է, թանաք, գրիչ էինք օգտագործում։ Հիմա էս մեր տնօրենը, որ մի լ«ավ մուժիկ է»,  մեզ է նայում ու քմծիծաղում՝ Սվեծիկ, որ Սվեծիկ։ 

Հիմա երկիրս նույն պատմության մեջ է։ Նիկոլ Փաշինյանը հա գնում ու «բողոքում է ոստիկաններին» , թե իրեն հայհոյում, տեղ- տեղ էլ վիրավորում են ։ Պատերազմից հետո մեր հազարավոր  վիրավոր հաշմանդամներին թողած, ընկել են Նիկոլին վիրավորողների հետևից։ Ֆեյսբուքում ընկնում են սրա, նրա հետևից ու ասում՝ խի՞ եք ասում կապիտուլյանտ կամ էլ մի ուրիշ բան։ Վարչապետ մարդ ես, մեր լրիվ օրենքները քո ուզածով սարքում, դզում, փչում ես, ում ուզում՝ հանում, ում ուզում՝ դնում ես։ Այսինքն ամեն ինչ, պետական բոլոր լծակները քո ձեռքին են։

Ու այդքանով հանդերձ Վիքիպեդիայում կենսագրությանդ մեջ գրված է․ «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրվել[10][11][12]» ։ Ղեկավարը, տեր ու տնօրենը դու ես, էլի կենսագրությանդ մեջ չես կարողացել սղղցնես, որ նախկիններն են կապիտուլյանտ, չնայած բանավոր ասում ես։ Հիմա դա փաստացի արձանագրվել է, բայց վիրավորանք ես համարում, որ ասում են կապիտուլյանտ։ 

Բացում եմ կապիտուլյացիայի բացատրությանը նայում, գրված է․ 
«կապիտուլյանտի, [գոյական]- Դժվարություններից դավաճանորեն նահանջող, անձնատուր լինելու՝ թշնամուն հանձնվելու պատրաստ մարդ»: 

Լավ բա էդ մարդիկ իրենց հողը հանձնողին ի՞նչ ասեն։ Ասե՞ն՝ շորերդ թանաքոտվի՞։ Արար աշխարհը մեզ վրա չի՞ ծիծաղի, որ մեր ձեռքից քո օրոք տուն ու տեղներս, հողը ձեռքներիցս առել են, գլխիդ մազերի չափ էլ զինվոր են կոտորել ու քեզ ,, գլխներիս դրած, ման տանք,, ։ Չե՞ն ասի, սրանք նախի՞ր են, թե՝ ազգ։