Զինվորը ոտքի կանգնեց

Զինվորը ոտքի կանգնեց

Տարիներ առաջ` մինչև Նիկոլի գալը, օնլայն հարթակում մի դեպք էին պատմում, որը մինչև հիմա տառ առ տառ հիշում եմ։ 2016 թվականն էր։ Ժամանակաշրջան, երբ զինվորը, հրամանատարը Աստված էր հայի համար։ Ո՞վ էր պատկերացնում, որ կարող է գալ մի օր, երբ զինվորի հրացանը չի կրակի, զինվորը թույլ կտա, որ թշնամին անարգել իր տունը մտնի։ Մեր զինվորն անգամ բահով է թշնամուն քշել, եղանով թռչող սարք բռնել, կրծքով կանգնել տանկի փողի դեմ․․․ Հիմա այդ ի՞նչ եղավ, որ զինվորը հետ քաշվեց, նահանջեց, թույլ տվեց․․․ 

Զինվորական կյանքին քիչ թե շատ տեղյակ լինելով, ասեմ, որ զինվորը հրաման կատարող է։ Հնարավոր չէ, երբ կոչումով բարձրը զինվորին ասի՝ կատարել, անխոս չենթարկվի։ Այս դեպքը հենց դրա համար եմ հիշեցնում, որ ձեզ համար հասկանալի լինի, որ հրաման տվո՛ղը պետք է պատասխան տա՝ զորքը հետ քաշելու, թշնամուն մեր տուն բերելու համար։ Ամենաբարձր հրաման տվողը։ Եվ ծիծաղելի է պատերազմի պարտության մեջ մեղավորներ փնտրել զինվորականության մեջ։ Եվ այսպես, 2016 թ․

«Ավտոբուսի վերջում մի զինվոր էր նստած: Կանգառում նիհար, երիտասարդ ու մռայլ դեմքով մի լեյտենանտ բարձրացավ ավտոբուս: Զինվորն արագ կանգնեց.

-Նստեք պարոն լեյտենանտ:

-Նստիր զինվոր ջան (հոգնածությունը փոխվեց շնորհակալական ժպիտի)։

-Չէ՜ էլի, եկեք նստեք։

-Զինվո՛ր, նստե՛լ:

-Լսում եմ պրն. Լեյտենանտ:

Ամբողջ ավտոբուսը «նստել» հրամանի վրա պտտվեց նրանց կողմը: Բոլորի դեմքին ժպիտ կար: Ու ամենահուզիչն այն էր, որ բոլոր ուղևորներն էլ ակամայից ոտքի էին կանգնել։ Ու հրամանից հետո՝ նստել, զինվոր, բոլորը նստեցին իրենց տեղերում»։  

Ահա այսպիսի հարգանք, ակնածանք կար զինվորական կոչումների նկատմամբ։ Հիմա գեներալին ասֆալտին փռելով քարշ են տալիս ու զինվորից կարգապահություն պահանջում։ Ստորացնում, նսեմացնում են հերոսին, զինվորից պահանջում հերոսություն։ 

Մեր զինվորը կատարում էր կոչումով բարձր զինվորի հրամանը։ Այդ ինչպե՞ս եղավ, որ տարիներ անց նա առանց հրամանի հետ քաշվեց, նահանջեց։ Այդ ինչպե՞ ս եղավ, որ նա թույլ տվեց, որ թշնամին գա ու ծվարի իր հարազատների տների շուրջ ու փողը պահի այն ճանապարհի վրա, որտեղով անցնում է իր երեխան։ Ինչպես Սարոյանը կասեր՝ ինչ որ բան այն չէ։ Ու բոլորը գիտեն՝ ,,ինչ որ բան այն չէ,, - ն որն է։ Մեծ լռությանը հաջորդում է պայթյունը։ Պատմությունը, ինչ կերպ էլ քողարկվի, նորածին երեխայի պես լույս աշխարհ է գալու ու պատմելու այն, ինչ այսօր մեզ համար փակ է։