Կան ուժեր, որոնք շահագրգռված են, որ թափառող շներն ավելանան․կարծում են քաղաքապետարանում 

Կան ուժեր, որոնք շահագրգռված են, որ թափառող շներն ավելանան․կարծում են քաղաքապետարանում 

Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»  ՀՈԱԿ-ի պետ Արմեն Բեգոյանը և ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժն այսօր հրատապ ասուլիս էին հրավիրել։ Պատճառը պաշտոնական առիթն այն էր, որ շուտով հատում են Երևանում թափառող 1000 վիրահատված շան սահմանագիծը, իսկ ոչ պաշտոնականն այն, որ այսօր «Լույս» խմբակցության անդամները անակնկալ այցելել էին ՀՈԱԿ և այնտեղ անմխիթար սանիտարահիգիենիկ վիճակ ու պայմաններ արձանագրել՝ հաստատելով մեր՝ «Քաղաքապետարանի ՀՈԱԿ-ը դառնալու է «Յունիգրաֆ» 2» վերնագրով հոդվածում ներկայացված շատ մեղադրանքներ։

Մասնավորապես, որ  վիրահատական սենյակում կենդանիների պահման ստանդարտներից և ոչ մեկը պահված չեն․ չկան սանտիտարհիգեինիկ պայմաններ, դեղորայքի կեսը հատակին է, կեսը՝ սեղանին է։  Սառնարան կար, սովորական սառնարան, որը ինչպես պնդում էին ավագանու անդամների՝ պետք է լինի հատուկ։ Նախասրահում տեղադրված վանդակներում էլ խցկված են 3-4 կենդանիներ, շների վանդակներին գրված չէ, թե շունը որտեղից է վերցված և ուր է հետ գնալու։

Քաղաքապետարանի սույն պաշտոնյաները, որոնք  ամեն առիթով լրագրողներին հրավիրում են գալ կենտրոն՝ տեսնելու, թե ինչպես իրենց մոտ ամեն ինչ լավ է ու հրաշալի և այսօր էլ հրավիրեցին, ակնհայտորեն սրտնեղել էին «Լույս» խմբակցության ավագանու այցից։ Նախ,ՀՈԱԿ-ի ղեկավար Արման Բեգոյանը  միալար հավաստիացնում էր, թե իրենց վատաբանում են, չարախոսում։ Տպավորություն է ստացել, որ դա կազմակերպված շանտաժ էր՝ , իր խոսքով՝ «մրեցնելու» քաղաքապետարանի ու ՀՈԱԿ-ի աշխատանքը։ «Լույսի» ավագանուն էլ կոչ է անում  սկզբից հասկանալ, հետո եզրակացություն անել։ Այն էլ՝ ուղիղ եթերից։ 

Պատմեց, որ առավոտյան 9-ից գիշերվա ժամը 22-ը աշխատում են։  Ավելին՝ ասաց, որ դրանք աննախադեպ աշխտանքներ են, քանի որ նման ծավալով աշխատանքներ երբեք Հայաստանի Հանրապետությունում չեն կատարվել։ «Ամենայն ազնվությամբ և մի փոքր էլ անհամեստությամբ ուզում եմ նշել, որ ՀՈԱԿ-ի աշխատակազմը, որ ստեղծվել և ձևավորվել է, կարողանում է աշխատանքից դուրս նաև, կամավորության սկզբունքով կատարել այս առաջին 1000 շան գլխաքանակի կանոնակարգման և պատվաստման միջոցառումները»,-ասաց Արմեն Բեգոյանը։

Իրենց նորաստեղծ թիմի վատն ուզողների ու չարակամների, որոշ «կենդանասերների» իրենց հասցեին հնչած հերյուրանքների ու դրանց հեղինակներին մասին ինչ-ինչ ակնարկներ անելուց հետո ՀՈԱԿ-ի տնօրենը պարզազպես հայտարարեց, որ կան մարդիկ, որոնք «հակված են, որ Երևանում երբեք չլուծվի թափառող կենդանիներ հարցը։ Եվ դրանից ելնելով՝ որոշ մարդիկ, տեղի, անտեղի, հասկանալով, որ, այո, ստացվեց, քաղաքապետարանի մոտ, ամեն առիթ և անառիթ դեպքերով ցեխ են շպրտում թե՛ քաղաքապետարանի, թե՛ քաղաքապետի, թե՛ ՀՈԱԿ-ի աշխատանքների վրա»։ 

Ապա  Խաչիկ Հակոբյանը հայտարարեց՝ ասելով, որ ՀՈԱԿ-ը իր գործունեությունն իրականացնում է բացարձակապես ինքնարժեքային սկզբունքով և այս ընթացքում բազմաթիվ թշնամիներ են ձեռք բերել։ Նաև շրջանցելով, տարբեր մենաշնորհային կառույցներին։ 

Նշենք, որ ՊՈԱԿ-ի պայմանների, մթնոլորտի, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի մասին հետևողականորեն գրում է «Հրապարակը»։ 

Խաչիկ Գալստյանն իր հրատապ ասուլիսին սա էլ չշրջանեց ու ասաց․« «Ընդամենը 10 օր առաջ լրատվամիջոցներից մեկը էն բոլոր կետերը, որոնք, իբր բացահայտել են այսօր ավագանու անդամները, մամուլում կար և հստակ պարզաբանում էր տրվել։ Եվ ենթադրում եմ, որ մեր գործընկերների անակնկալ այցը նրան էր, որ այն, ինչ գրված էր մամուլի նյութում, իմիտացիա ստեղծվեր, թե իրականություն է։ Հրավիրում եմ լրատվամիջոցներին աշխատանքային ցանկացած պահի այցելել»։

Իհարկե, «Հրապարակի» այն հարցին, թե, փաստորեն, Դուք հայտարարում եք, որ «Լույս» խմբակցության ավագանու անդամներն աշխատում են «Հրապարակ» թերթի համա՞ր, քաղաքապետարանի պաշտոնյան իսկական դիվանագիտական պատասխան տվեց՝ ասելով․«Եթե նկատեցիք, մենք որևիցե շաբաթաթերթի անուն չկոնկրետացրեցինք, որովհետև մեկ աղբյուր դնում է, բազմաթիվ աղբյուրնեով տարածում են։ Ես ասացի, որ տպագիր մամուլում ունեցել ենք նման սուբյեկտիվ գնահատականներ»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ, փաստորեն, անակնկալ այցեր չեք սիրում, միայն հրավիրովի, Խաչիկ Հակոբյանն ասաց, թե այցին դեմ չեն, մեղադրանքներին են դեմ։

Ի դեպ, քաղաքապետարանի պաշտոնյայի հայտարարությամբ․  «Լույսի» անդամները այնպիսի կադրերով էին «լայվ» մտել, որ սառնարանը չերևա։ Մինչդեռ, «Լույս» խմբակցության անդամները բավականին երկար կանգնել էին սառնարանի մոտ և ՀՈԱԿ- աշխատակցուհուն հարցնում էին այնտեղ առկա դեղերի մասին։

Ինչ վերաբերում է «Լույսի» մեղադրանքներին, ապա Բեգոյանն ասում է՝ «հինգ կենդանի, միգուցե ձագեր»։ Խաչիկ Հոկոբյանն էլ պայմանների մասով ասաց, թե թափառող կենդանիների վիրահատություններն իրականացվում են նաև դաշտային պայմաններում։ «Այսինքն՝ կաֆելի գույնը, մետլախի ռելիեֆը բացարձակ կապ չունեն ծրագրի արդյունավետ իականացման համար»։ 
Մեկ այլ մեղադրանքի առնչությամբ, որն արել էր ԱՄՆ-ից Հայաստան եկած մի կամավոր՝ Հրանտ Մարտիրոսյանը։ Որ հիվանդ շան ձագերին տարել են արևի տակ պահել, երբ ինքը ասել է, որ ձագերը հիվանդ են լեյշմանիոզով։

Արևի տակ պահելու մասին  ոչինչ չասացին, բայց գլխավոր անասնբույժն ասաց, որ այդ շները ենթակա են ոչնչացման՝ որպես համաճարակաբանական վարակի աղբյուր։Այստեղ կենդանասեր լրագրողը նկատեց, որ այդ հիվանդությունը բուժվում է։

Միակ տրամաբանական բացատրությունը սույն ասուլիսից այն էր, թե ինչու քաղաքապետարանը չի սպասել մինչև նորմալ շենքային պայմաններ ունենան և իր աշխատանքները մարտին սկսել է  կենդաբանական այգու և  Գյուղակադեմիայի կողմից տրամադրված կլինիկաներում։

Մասնավորապես, «Այլևս սպասելու տեղ չունեինք, որովհետև ամեն երակարացված մեկ-երկու ամիսը դա ևս 1000-2000 թափառող կենդանին է արդեն եղածներին»,-ասում է Արմեն Բեգոյանը։ Ըստ նրա՝ միջին հաշվարկներով՝ դա կլիներ ևս 4000 շուն Երևան քաղաքում։ 
Հետևաբար, աշխատանքները սկսել են՝ ելնելով հրատապությունից։ Նաև Արմեն Բեգոյանն ընդունեց, որ, այո, ՀՈԱԿ-ի պայմաններն անբավարար են։ Նշենք, որ քաղաքապետարանի ընդդիմադիր անդամները ոչ թե շենքային պայմաններից էին բողոքում, այլև սանիտարահիգիենիկ պայմաններից։