Այստեղ են ասել, որ «եզը ընկնում է, դանակավորները շատանում են»

Այստեղ են ասել, որ «եզը ընկնում է, դանակավորները շատանում են»

ՀՀ արդարադատության նախկին նախարարը գրառում է արել․

Hovhannes Manoukian

1 hr ·

Այսօրվա տեղեկատվությունը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու մասին սովորական լուր չէր, ասենք Միհրան Պողոսյան անուն ազգանունով քաղաքացու մասին, ով լքում է երկիրը անձնական նկատառումներով։ Սա որևէ փոքրամասնության ներկայացուցչի կամ նմանը ներկայացողի խորամանկ քայլ, կամ Հայաստանի հետ օրգանական կապի բացակայությամբ մեկի դիմում չէր, ով ցանկացած պահի կարող է խոնարհվել այլ երկրի դրոշի առջև՝ որպես երեխայի օրվա հացը ապահովելու ծայրահեղ միջոց։ Սա երբեմնի խրոխտ «գեներալի» գրավոր դիմումն էր, «գեներալի», որից սարսափում էին շատերը, որն անպարտելիությունը սեփական կենսակերպ էր դարձրել ու համարյա սեփական հիմնն ու դրոշն ուներ իրենը համարող երկրում։ Սա մի «գեներալի» ողբերգություն է, ով կաշին փրկելու կամ ժամանակ շահելու համար քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից․ քայլ, որը թեևս երրորդ հանրապետության որևէ պետական կամ քաղաքական գործիչ թույլ չի տվել իրեն՝ անկախ հայրենիքում ունեցած խնդիրների բարդությունից․․․
Ոչ վաղ անցյալում «գեներալի» մտքով չէր անցնի, որ ճամբարական ու վտարանդի է դառնալու, այնքան է վախենալու իր երկրի օրենքից, որ օֆշորի տրոպիկական ու թմրեցնող ապօրինությունները փոխելու է ցուրտ Ռուսաստանով, միայն թե չգա իր երկիր։ Սա այն «գեներալի» պատմությունն է, որի համար գլխիվայր շուռ է եկել «Ի՞նչ ես արել հայրենիքիդ համար» նախադասությունը՝ դառնալով «Ինչ է արել հայրենիքը քեզ համար»։ Հայրենիքը թույլ էր տվել, որ նա «անկախ պետություն» խաղար ու մտածեր, որ այդպես է եղել ու այդպես է լինելու միշտ․․․Մինչև․․․ այդ մինչևի մասին էր մոռացել «գեներալը», ով այսօր իր ուսադիրները տվողից է հրաժարվում, իր պատկերացումներից է հրաժարվում, իր հայրենասիրությունից է հրաժարվում, հրաժարվում է իր երազած տղայի կերպարից, որն այնքան հմտորեն էր խաղում․․․ Հայրենիքը սիրելը մինչև Ռուսաստանն է փաստորեն, հետո կարելի է դառնալ շարքային Միհրան Պողոսյան, որի տարբերությունը Գոնսալեսից արդեն որևէ մեկին չի հետաքրքրում․․․

Նախկին նախարարին հիշեցնենք իր տրված գնահատականը Միհրան Պողոսյանի մասին․

14:39, 27 Նոյեմբեր, 2014
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին բնութագրում է որպես շատ լավ աշխատողի: Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը, պատասխանելով տարածված լուրերին, թե իր և Պողոսյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն և վերջինը չի ենթարկվում իրեն, նշեց. «Արդարադատության նախարարության բոլոր ծառայությունները նորմալ են աշխատում: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին պետք է բնութագրեմ որպես շատ լավ աշխատողի, որովհետև այդ համակարգը հստակ է աշխատում, իսկ այն դժգոհությունները, որոնք վերջին շրջանում կան, հիմնականում թերի օրենսդրական կարգավորումների արդյունք են, ինչի ուղղությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը: Անդրադառնալով Պողոսյանի ունեցվածքի վերաբերյալ հարցին՝ Մանուկյանը նշեց, որ դա նախարարի և ծառայության պետի հարաբերություններին չի վերաբերում:

ՀԳ Միհրան Պողոսյանի մասին ո՞ր ասածիդ հավատանք, պարոն նախկին նախարար․․․ Այստեղ են ասել, որ «եզը ընկնում է, դանակավորները շատանում են»

Հիշեցնենք, որ քրգործի շրջանակներում որպես մեղադրյալ հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի Դաշնությունից։