Նոր հայացք

Նոր հայացք

Եթե նորովի ես նայում կյանքին, պետական համակարգերին, պետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, ապա պետք է նոր հայացք որդեգրվի նաեւ հարեւանների հետ հարաբերությունների, պատմական անցքերի, մեր պատմության ցավալի էջերի հետ կապված։

Պետք է ազատվել բոլոր տաբուներից ու կաղապարներից։ Ազատ ու անկաշկանդ քննարկել բոլոր խնդիրները, լսել ամենաանընդունելի թվացող կարծիքները եւ կայացնել ամենաբեկումնային որոշումները։ Չվախենալ հանրային մեղադրանքներից եւ չգնալ էժան պոպուլիզմի, պետական շահը տասնամյակներով ձեւավորված կարծրացած մոտեցումներին ստորադասելու ճանապարհով։ Իհարկե՝ ոչ ոք չի մոռացվել, եւ մեր ժողովուրդը միշտ հիշելու է ու խնկարկելու 1915 թվականի զոհերի հիշատակը։

Դա համազգային ցավ է, որ հետագա սերունդները եւս կրելու են իրենց մեջ։ Բայց այդ ցավը չպետք է խանգարի մեզ ապրել, զարգանալ, բնականոն հարաբերություններ հաստատել հարեւանների հետ, բաց սահմաններ ունենալ, ինտեգրվել աշխարհին։ Ի վերջո, աշխարհի գրեթե բոլոր երկրներն իրենց սահմանակիցների հետ ունեն պատմական վեճեր, թյուրըմբռնումներ, վիրավորանք ու ցավ, որի ակունքներն անցյալում են։

Բայց այն ժողովուրդները, որոնք հասկացել են, որ պատմությունը չի կարող դառնալ կրկնակի բեռ իրենց ապագայի, իրենց պետության զարգացման ճանապարհին, հաղթահարել են այդ ցավն ու նայել առաջ։ Հարթել են հարեւանների հետ հարաբերությունները, ներել ու հաշտվել, ինչ-որ հարցերում զիջել, որ շահեն ավելի մեծ ու կարեւոր մի բան՝ ապագա։ Հիշողությունը չի կարելի շփոթել հիշաչարության հետ, զոհերի հիշատակը վառ պահել՝ չի նշանակում սերունդների կյանքը մատաղ անել 100 տարի առաջվա դեպքերին։ Պետք է գտնել համակեցության բանաձեւը, որ պետությունը դուրս գա այս փակուղուց եւ զարգանա։ Ե՞րբ, եթե ոչ հիմա։