Ինչով է կարեւոր տավուշյան պայքարը

Ինչով է կարեւոր տավուշյան պայքարը

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Տավուշում, մեծ հաշվով, անակնկալ պետք է որ չլիներ։ Ընթերցողները թերեւս կհիշեն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության տեքստի տարբերակները երբ հանրայնացվեցին, այնտեղ նշված էր նաեւ այն գյուղերի մասին, որոնք «Հայաստանը պետք է վերադարձներ» Ադրբեջանին։ Հետո այդ դրույթը հանվեց, որովհետեւ իշխանությունը վախեցավ աղմուկից եւ իշխանափոխությունից։ Ասվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ այդ հարցը չքննարկել, ու էլի հազար ու մի բան։ Սակայն իրականում կյանքը ցույց տվեց, որ հենց այդ տարբերակով է ամեն բան առաջ գնում։ Մյուս հարցերը, թե ինչու, ինչպես եւ այլն, հետագայում պետք է քննարկվեն, ու հիմա առաջնահերթը ոչ թե ճառ ասելն է, այլ զանգ կախելը։ Առհասարակ, եթե ավելի խորանանք, ապա գործընթացը, որը հիմա մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի անունը դնում են սահմանազատում, իսկ իրականում դա սահմանազատում է միակողմանի զիջումների համադրությամբ, Տավուշի այս մեկ դրվագով չի ավարտվելու։ Հաստատ, էլի նոր «խնդրահարույց դրվագներ» լինելու են։ Սա նկատի ունենալով կարեւոր է, որպեսզի արդեն այժմվանից իմանանք, թե ինչ է տեղի ունենալու, եւ փորձենք հասկանալ մեր անելիքը։ Իհարկե, ամեն մի թիզ հողի համար պետք է պայքարել։ Սա անբեկանելի է։

Հայաստանը չունի այնքան տարածք, որպեսզի «լավություն» անի կամ իր գոյության իրավունքն ինչ-որ ժամանակի համար «փրկագնի»։ Մյուս կողմից էլ, պայքարը, ինչպես արդեն ձեւակերպվել է համացանցում, չպետք է թողնել միայն մեկ բարձրաստիճան եկեղեցականի ու 300 գյուղացիների հույսին, որոնք պայքարում են, որ այս լուսավոր դարում տնավեր չմնան՝ իրենց արցախցի հայրենակիցների նման։ Արդեն պարզ է, որ իշխանությունների վրա որեւէ հույս դնելն անիմաստ է ու կործանարար։ Հետեւաբար, հասարակությունը պետք է փորձի ինքն իր խնդիրները լուծել իր կարողացածի չափով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հաջողության կհասնի, հանուն սեփական խղճի, Աստծո եւ սերունդների առաջ վաղը, մյուս օրը պարզճակատ կանգնելու՝ ե՛ւ խարանի, ե՛ւ աղվեսադրոշմի չարժանանալու համար։ Այս համատեքստում գետնի վրա դիմադրությունը պետք է զուգորդվի հատկապես ռեգիոնալ ու միջազգային մամուլում հարցի հանրայնացմամբ, աղմուկով, որպեսզի որոշակի հանրային տրամադրություններ ձեւավորվեն դրսում, եւ հանուն հումանիզմի «ռեմիքս տարբերակով միակողմանի զիջում-սահմանազատումն» առկախվի։

Միայն թեկուզ իշխանական այն թեզը, որ Ադրբեջանը եթե այդ գյուղերը չստանա, ապա լեգիտիմ իրավունք կունենա Հայաստանի դեմ պատերազմ սկսելու, բավարար է, որպեսզի ապացուցված համարվի, որ Հայաստանի վրա ճնշում բանեցնելով, շանտաժով ու պատերազմի սպառնալիքով է փորձ արվում իրականացնել գործընթաց, որն արդեն իսկ իր հիմքում չի կարող լինել օրինական, որովհետեւ իրականացվում է, ըստ ամենայնի, բռնության գործադրմամբ, խաղաղության գործընթացի կոպտագույն ոտնահարմամբ։ Ի վերջո, պետք է արդեն այսօրվանից հասկանալ, որ սահմանազատում-սահմանագծումից հետո օրակարգում դրվելու է առհասարակ այն հարցը, թե 29,8 կամ 29,743 հազար քառ․ կմ-անոց Հայաստանը որքանով է կենսունակ լինելու այն իրականության մեջ, որը կա այժմ աշխարհում եւ ռեգիոնում։ Այսօրվա պայքարը, հետեւաբար, վաղվա Հայաստանի կենսունակության բանաձեւն է ապահովելու կամ այսօրվա անգործությունը վաղվա Հայաստանի՝ «բանանային ռեսպուբլիկա» լինելու հեռանկարն է ամրագրելու։