Սպասարկման կետերը վերածվում են կուսակցական գրասենյակների, իսկ քաղաքը տուրիստական բում է ապրում

Սպասարկման կետերը վերածվում են կուսակցական գրասենյակների, իսկ քաղաքը տուրիստական բում է ապրում

Հանրապետության երկրորդ քաղաքում  նախընտրական եւ տուրիստական եռուզեռ է։ Քաղաքը ոչ միայն զբոսաշրջիկների, այլև քաղաքական գործիչների համար է գրավիչ դարձել։ Գյումրու կենտրոնական փողոցներում տեղակայված  տարածքները նրանց կողմից օր առաջ ձեռք գցելու հարմար պահն է։ Համավարակի օրերին տնտեսության անկման հետևանքով փակված հայտնի սպասարկման կետերը՝ խանութներ, սրճարաններ, վերածվում են կուսակցական գրասենյակների։ Քաղաքի կենտրոնական հատվածում են արդեն իսկ տեղակայվել  «Վերածնվող Հայաստան» եւ «Հայրենիք» կուսակցությունների գրասենյակները, իսկ ահա Վարդան Աճեմյան թատրոնի հենց դիմաց՝ նախկին հայտնի սրճարաններից մեկի տարածքում է հանգրվանել Մհեր Արմենիայի «Ազգային ձայնը»։

Մյուս կուսակցությունները նույնպես դիրքավորվելու համար տարածքների փնտրտուքի մեջ են։ Վերջերս փակված հագուստի խանութներից մեկում շինարարություն է։ Շինարար վարպետը կարճ պատասխանեց՝ ընտրություն է։

Ուշագրավ է նաև, որ, չնայած քաղաքական լարված մթնոլորտին եւ բազմաթիվ սպասարկման կետերի փակմանը, ի հակադրություն նախորդ տարվա, Գյումրին այս տարի տուրիստական բում է ապրում։ Շրջելով Գյումրու կենտրոնական փողոցներով՝ հաճելի զարմանք ապրեցինք․ զբոսաշրջիկների անդադար հոսքը, փողոցների մարդաշատությունն աչք զարնող է։Հարցումներից պարզեցինք, որ մարդիկ հոգնել են քաղաքական անկայուն վիճակից, մշտնջենական թվացող համավարակից, չսպառվող հոգսերից եւ փոքր-ինչ լիցքաթափվել են ուզում։ Գյումրին մարզերի եւ մայրաքաղաքի բնակիչներին այդ հնարավորությունը լիարժեք տալիս է։Հարցին՝ մի՞թե Գյումրիում խնդիրներ չկան, սոցիալական առումով ամենից խնդրահարույց քաղաքն է, զբոսաշրջիկներից շատերի պատասխանը եղավ՝ քաղաքն առանձնահատուկ է։ Թերևս այդ մտքի հետ մասամբ կարելի է համաձայնել։ Խորթ աչքի համար Գյումրին իրապես բացառիկ է, եթե այնտեղ չես բնակվում եւ խորքային խնդիրները քեզ չեն անհանգստացնում։ 

«Այս պահին պետք է ասենք, որ մեր սպասելիքներն արդարանում են, որովհետև արդեն սեզոնի բացմամբ հստակ երևում է, որ Գյումրին թրենդային ուղղություն է։ Հիմնականում աշխատում ենք ներքին շուկայում, հյուրերն ու զբոսաշրջիկները ներքին զբոսանքի, քաղաքային տուրի միջոցով փորձում են իրենց համար բացահայտել մեր քաղաքը։ Մենք էլ որպես գյումրեցի եւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ  շատ ուրախանում  ու հպարտանում ենք ։ Մենք շատ հետևողական ենք, որպեսզի Գյումրին ճիշտ եւ գրագետ ներկայացվի, որովհետև երբեմն ոչ տեղացի զբոսավարների կողմից փաստերը, թվագրությունն ու տեղանքը աղավաղվում է։ Հենց այս պահին Գյումրու փողոցները, թանգարանների բակերը լեփ-լեցուն են։

Դպրոցականները ժամերով հերթ են կանգնում, որպեսզի մտնեն Շիրազի, Իսահակյանի, Ֆրունզի տուն-թանգարաններ կամ պատկերասրահներ։ Հյուրանոցներում եւ հյուրատներում նույնպես մեծ ակտիվություն է, որն ուղիղ կապով կապվում է ռեստորանների եւ սրճարանների գործունեության հետ»,-մեզ հետ զրույցում ուրախությամբ ասաց «ՄարՄար» զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը՝ նշելով, որ զբոսաշրջության  ակտիվության ալիքը նկատվում է ողջ մարզում, քանի որ լինում են դեպքեր, երբ Գյումրու հյուրատները ծանրաբեռնված  լինելու պատճառով  զբոսաշրջիկներըը հյուրընկալվում են համայնքներում եւ  ակամայից տարվում գյուղական տուրիզմով։