Մեզ անհրաժեշտ են նոր տիպի ՀԿ-ներ

Մեզ անհրաժեշտ են նոր տիպի ՀԿ-ներ

Ժամանակակից պետություններում հասարակության ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար ստեղծվում են հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ): Դրանք հիմնականում սոցիալական խնդիրներ են, որոնք իշխանությունները չեն նկատում, կամ դրանց ուշադրություն դարձնելու հերթը չի հասնում: Այսպիսով ստացվում է, որ ՀԿ-ները կապող օղակ են իշխանության եւ հասարակության միջեւ: ՀԿ ոլորտի զարգացմանը զուգընթաց, առանձին սոցիալական խնդիրներից սովորաբար անցում է կատարվում ավելի ամբողջական խնդրի՝ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Դա նշանակում է, որ ՀԿ-ների կողմից խնդիր էր դրվում՝ ձեւավորել պահանջատեր հասարակություն: Այսինքն, այնպիսի հասարակություն, որ վերահսկողություն կսահմաներ իշխանությունների (հիմնականում՝ տեղական) գործունեության նկատմամբ: Այդպես էր նաեւ Հայաստանում: 

Բայց, ինչպես ասվում է, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: 2018-ի մայիսի 8-ից Հայաստանում ձեւավորվեց, այսպես կոչված, ժողովրդի իշխանություն, եւ իշխանությունների գործունեությունը վերահսկող պահանջատեր հասարակություն ձեւավորելու խնդիրը մղվեց երկրորդական-չորրորդական պլան: Իսկ այս կամ այն խնդիրը լուծելու համար քարոզչական ակցիաներ կազմակերպելու փոխարեն ՀԿ-ներն սկսեցին տեղավորվել գործադիրում, այնուհետեւ՝ նաեւ խորհրդարանում: Այսինքն, անմիջականորեն մասնակցեցին պետական կառավարմանը: Իսկ պետական կառավարումը ենթադրում է քաղաքականության մշակում եւ իրականացում, ինչը, իր հերթին, նշանակում է զուտ քաղաքական գործունեություն:

Սակայն այնպես չէ, որ դա տեղի ունեցավ միանգամից եւ անսպասելիորեն՝ երկնքից թափվող մանանայի նման: Նախկինում իշխանությունների հետ համագործակցելուն միտված գործունեությունն առանձին դեպքերում վերածվում էր նրանց դեմ մղվող պայքարի: Արդյունքում ՀԿ-ները վերածվում էին ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դաշնակիցների, այսինքն՝ հանուն իշխանության ձեռքբերման քաղաքական պայքարի մասնակիցների:

Առաջին անգամ համարյա թե ակնհայտորեն այդ երեւույթը դրսեւորվեց 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, երբ քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու անվան տակ ՀԿ-ների մեծամասնությունն անթաքույց զբաղվեց ընդդեմ այդ փոփոխությունների («Ոչ»-ի) քարոզչությամբ: Իսկ արդեն 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների օրերին արեւմտյան դրամաշնորհներ ստացող ՀԿ-ները կամ գոնե դրանց մեծամասնությունն անթաքույց մասնակցեց գործող իշխանությունը մերժելու քաղաքական պայքարին: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Քայլ արա, մերժիր Սերժին» քարոզարշավին եւ փողոցային անհնազանդության ակցիաներին զուգահեռ, ձեւավորվեց ու նույն նպատակին ծառայեց քաղաքացիական հասարակության «Մերժիր Սերժին» շարժումը:

2018-ի մայիսին ձեւավորված եւ նույն թվականի դեկտեմբերին ամրապնդված «փաշինյանական ժողովրդավարության» բազմաթիվ սխալներ ու անօրինականություններ երկու եւ կես տարի համարյա թե չէին նկատվում նախկինների օրոք խիստ ակտիվ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից: Օրինակ, Սահմանադրական դատարանի մի քանի անդամի (արդեն նախկին) նկատմամբ իշխանության գործադրած ողջ ապօրինությունը նրանց չարթնացրեց լեթարգիական քնից: Եվ եթե չլիներ 2020 թվականի աշնանային պատերազմում մեր խայտառակ պարտությունը, ապա կարծում եմ, որ դրանք այդպես էլ կմնային անցյալի դեմ պայքարի փաշինյանական «մահճում»: Միակ երեւույթը, որ նրանց մեկ-մեկ մղում էր ակտիվության, «ժողովրդի» իշխանության հետ նախապես պայմանավորված այս կամ այն փոփոխության կատարման հետաձգումն էր կամ չեղարկումը:  

Կարծում եմ, որ Հայաստանում տիրող նոր իրավիճակը հայաստանյան հասարակությունից պահանջում է համապատասխան վերաբերմունք: Իսկ դա պետք է ձեւավորվի իրապես պահանջատեր հանրության կողմից՝ ի դեմս նոր բնույթի ՀԿ-ների: Ընդ որում, դրանք իրենց գործունեությունը կծավալեն ոչ միայն  փաշինյանական իշխանության օրոք, այլեւ Փաշինյանին հեռացնելուց հետո եւս:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ