Կորսված գարուն vs կորսված սերունդ

Կորսված գարուն vs կորսված սերունդ

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տերպետրոսյանական շրջանակներում կյանքի կոչվեց «Հայաստանի կորսված գարունը» վավերագրական կինոնկարը: Էմոցիոնալ ազդեցության տեսակետից այն հաջողված էր, եւ իմ այն ժամանակվա կարծիքով՝ նաեւ ճշմարիտ: Ինչո՞ւ այն ժամանակվա կարծիքով: Որովհետեւ մինչ այդ, 10 տարի՝ սկզբում որպես լրագրող, իսկ հետո հասարակական կազմակերպության անդամ, ես պայքարել էի ընդդեմ իշխանությունների՝ հանուն օրինականության, արդարության եւ մարդու իրավունքների: Ու այդ օրը մտածում էի, որ մենք մեծ քայլ ենք կատարում դրանց ընդառաջ: Ինքս էլ կեսօրից գտնվել եմ Մյասնիկյանի արձանի մոտ եւ հեռացել եմ կեսգիշերն անց: Հեռացել եմ զուտ առողջական խնդրի պատճառով. նախկին հիվանդությունս էմոցիոնալ ազդեցությամբ գլուխ էր բարձրացրել այդ գիշեր: Ու այլեւս ոտքի վրա մնալ չէի կարողանում: Ինչեւէ, թե՛ այդ օրը եւ թե՛ դրանից տարիներ անց ես եւս կարծում էի, որ Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատվությունը եւ ողբերգության ողջ բեռն ընկնում է միայն Ռոբերտ Քոչարյանի եւ նրա իշխանության վրա: 

Բայց ամեն ինչ փոխվեց 2021 թվականին: Իսկ մինչ այդ, 2008 թվականից 10 տարի անց՝ 2018-ին, մենք հաջողության հասանք, եւ նախկին իշխանությունը հեռացվեց: Վարչապետ կարգվեց Փաշինյան Նիկոլը, որը 2008 թ. մարտի 1-ին համարյա թե միանձնյա ղեկավարում էր փողոցային շարժումը: Հիշենք՝ Լ. Տեր-Պետրոսյանին սեփական առանձնատուն բերման ենթարկելուց հետո շարժման ղեկավար կազմից շատ քիչ մարդ էր մնացել փողոցում: Իսկ Ալ. Մյասնիկյանի արձանի շուրջը հավաքված ժողովուրդն էլ այլեւս Տեր-Պետրոսյանինը չէր, ինչպես ասել էր ինքը՝ Տեր-Պետրոսյանը: Եվ Նիկոլը դարձավ այն անձը, ով իր վրա վերցրեց զանգվածների «ղեկավարումը»:

Ինքն էլ հրաժարվեց ժողովրդին հանել այդ տարածքից եւ տեղափոխել մեկ այլ վայր, ինչպես առաջարկում էր ոստիկանությունը: Հիշենք նաեւ՝ նա այն անձն էր, ում հոգին փառավորվում էր ոստիկաններից խլված վահանների տեսքից: Իսկ ավելի քան 12 տարի անց նույն այդ անձի՝ Փաշինյան Նիկոլի, «գերագույն գլխավոր» հրամանատարությամբ մենք պարտվեցինք արցախյան երրորդ պատերազմում: Եվ երբ 2021 թվականի փետրվարի վերջին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով վերջինիս հրաժարականը, Փաշինյանը դա անվանեց ռազմական հեղաշրջում (ավելի ուշ այն վերանվանեց ռազմական հեղաշրջման փորձ): Եվ դատապարտեց զինվորականների միջամտությունը երկրի քաղաքական կյանքին:  

Ու այդ ժամանակ մենք հիշեցինք, որ 2008 թվականի փետրվարին Տեր-Պետրոսյանի հետ միասին Փաշինյան Նիկոլն Ազատության հրապարակում գոռում էր՝ «Մանվել, Մանվել», «Գագիկ, Գագիկ»: Իսկ Մանվելն ու Գագիկը ՀՀ պաշտպանության փոխնախարարներ էին, որոնք խոսք էին տվել միանալ հրապարակում հավաքված ժողովրդին: Հետո դրժեցին այդ խոսքը, եւ Մանվելը դրա համար վճարեց ի վերջո իր կյանքով: Վճարեց արդեն Փաշինյան Նիկոլի վարչապետության օրոք: Իսկ Գագիկը դարձավ նիկոլական ուսապարկերից մեկը: Բայց տվյալ դեպքում դա չէ էականը: Այլ այն, որ 2008 թվականի փետրվարին, ընդդիմադիր գործիչ Փաշինյան Նիկոլի կարծիքով, պաշտպանության փոխնախարարների միանալը բողոքող ժողովրդին թույլատրելի էր: Թույլատրելի էր նաեւ ռազմականացված կառույցի՝ երկրապահի միանալը: Իսկ 2021-ին, Փաշինյան Նիկոլի «գերագույն գլխավոր» հրամանատարությամբ ծանր ու խայտառակ պարտությունից հետո, վարչապետ Փաշինյան Նիկոլի համար համանման երեւույթը դատապարտելի էր: 

Բայց քանի որ ՀՀ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնող Փաշինյան Նիկոլը՝ իր ողջ իշխանությամբ հանդերձ, լռվել է 2008 թվականի մարտի 1-ի օրվա մեջ, ապա նա պետք է անպայման ծաղիկներ դներ այդ օրվա զոհերի հիշատակին: Որովհետեւ դա խորհրդանշական օր է իր համար՝ առաջին անգամ փորձարկվեց բողոքող ժողովրդի առաջնորդ լինելու իր տեսլականը: Իսկ ողբերգությամբ ավարտվելն էլ, բնականաբար, ավելի է մեծացնում այդ օրվա «արժեքը»: Եվ այդ պատճառով էլ այն «նիկոլաբար» հիշվելու է այնքան ժամանակ, որքան ժամանակ վարչապետի պաշտոնին մնալու է հենց ինքը: Իսկ նրանք, ովքեր կինոնկար էին սարքել Մարտի 1-ի կապակցությամբ, նույնը դժվար թե անեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածի առնչությամբ: Դժվար թե անեն, քանի որ բազմաթիվ հայաստանցիների նման իրենք եւս (սա ենթադրաբար եմ ասում) 2018-ի ապրիլյան իրադարձություններն ավելի են կարեւորում, քան արցախյան առաջին ազատամարտը:

Դա, համենայնդեպս, երեւում է գործող իշխանության նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա 2008-ի մարտի 1-ի 10 զոհերն ավելի «նշանակալի» են, քան 2020 թվականի պատերազմում մի ողջ սերնդի կորուստը: Ինչը, թեկուզ պաշտոնական տվյալներով, կազմեց 4 հազար մարդ՝ որպես զոհված ու անհայտ կորած: Եվ դա պետք է որ բնական լինի մի երկրում, որտեղ բնակչության հսկայական զանգվածի համար «ժողովրդավարություն» կոչվածը մի կողմ է, հայրենիքի ճակատագիրը՝ մեկ այլ՝ ոչ կարեւոր կողմ: Ավելացնեմ, որ «ժողովրդավարություն» կոչվածն էլ ոչ թե իրական է, այլ կեղծ: Իսկ իրականը մեկ մարդու միանձնյա, բռնապետականին բնորոշ կառավարումն է: