Ինչով են զբաղված համայնքների միությունը եւ միության նախագահը

Ինչով են զբաղված համայնքների միությունը եւ միության նախագահը

Հայաստանի համայնքների միությունն առաջներում ամենաակտիվ հասարակական կազմակերպություններից էր: Հատկապես ՏԻՄ ընտրություններից առաջ եւ հետո միության նախագահ Էմին Երիցյանն ակտիվ հայտարարություններ էր անում` պաշտպանելով ՏԻՄ կառույցների եւ ղեկավարների շահերը, ասուլիսներով էր հանդես գալիս, խոսում համայնքային խնդիրների մասին, սակայն այժմ տպավորություն է, թե այդ կառույցը լուծարվել է:

Բանն այն է, որ 2022-ի մայիսի 24-ին կայացած միության ընդհանուր ժողովի ժամանակ ՔՊ-ն փորձեց իրեն ցանկալի նախագահ ընտրել, ինչի համար անհրաժեշտ էր նախ փոխել միության կանոնադրությունը, որպեսզի իր թեկնածուներին համապատասխանեցնի այդ պաշտոնի պահանջներին, բայց կանոնադրության փոփոխությունները չկարողացան անցկացնել` ձայները չբավարարեցին:

Ի դեպ, այդ պահին Համայնքների միության՝ իշխանությունների համար ցանկալի թեկնածուն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էր, ում ուզում էին նշանակել Երիցյանի փոխարեն: Այդ օրվանից մինչ օրս ո՛չ կանոնադրության փոփոխություններն են իրականացվել, ո՛չ միության նախագահ են ընտրել եւ այս կառույցն էլ, ըստ էության, կաթվածահար են արել: Ավելին` ՏԻՄ-երի մասին լավ տեղեկացված մասնագետը` Էմին Երիցյանը, այս ամենի արդյունքում պասիվացել է եւ անհետացել ասպարեզից: Իսկ ժամանակին նա օգտակար վերլուծություններ էր անում, մատնանշում օրենքի խախտումները: Մենք մի քանի հարց ենք ուղղել Էմին Երիցյանին:

- Պարոն Երիցյան, ինչո՞վ եք այժմ զբաղվում: Ինչո՞ւ եք այդքան պասիվացել:

- Ուղղակի հիմա ներքին ռեֆորմներ ենք պատրաստում: Դրա համար էլ երեւի այդպես է: Ուղղակի կանոնադրական եւ օրենսդրական փոփոխությունների փուլ է այժմ:

- Ի՞նչ փոփոխություններ, ինչի՞ համար:

- Խոշորացումներից հետո բավականին համայնքներ պակասել են: Կառավարման համակարգն էլ պետք է փոխվի:

- Ո՞ւմ նախաձեռնությամբ:

- Մենք մեծ համակարգ էինք, սակայն նույն մոդելով այլեւս չենք կարող շարունակել աշխատանքը:

- Փոփոխություններից հետո ակտիվանալո՞ւ է կազմակերպությունը, թե՞ պասիվ եք մնալու:

- Ես չեմ հեռանալու: Կառուցվածքը պետք է նորացվի, մարմինները հաստատվեն: Դրանից հետո նոր միայն հստակ կարող ենք խոսել:

- Երբվանի՞ց եք փոփոխությունների վրա աշխատում:

- Վաղուց էր պլանավորված: Առարկայական աշխատանքներ տանում ենք նախորդ տարվանից:

- Բացի օրենսդրական փոփոխություններից, ինչո՞վ եք զբաղվում:

- Աշխատանքներ տանում ենք, ո՞նց չենք տանում: Ինտենսիվ աշխատում ենք:

- Ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը:

- Մեր ֆեյսբուքյան էջում կարող եք նայել: Դա անվերջ պրոցես է: Բոլոր ուղղություններով մենք աշխատում ենք:

- Իսկ օրենսդրական փոփոխությունների վրա, բացի Ձեզնից, ո՞վ է աշխատում:

- Ինչ ուղղություններ ունեինք, այդ ուղղություններով էլ աշխատում ենք` արտաքին ու ներքին, ինստիտուցիոնալ եւ այլն:

- Իշխանությունների հետ շփումներ չունե՞ք: Հրահանգ, առաջարկ չե՞ք ստացել նրանցից:

- Ո՞նց կարող է նման բան լինել: Մենք ՀԿ ենք, որը համագործակցում է բոլոր կազմակերպությունների հետ:

- Օրինակ, հիմա ո՞ր կազմակերպությունների հետ եք համագործակցում:

- Դրանք շատ են, բոլորի հետ էլ համագործակցում ենք` ոլորտային:

- ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ինչո՞ւ եք պասիվացել:

- Մենք ՏԻՄ-երի հետ կապված ոչ մի իրավունք չունենք:

- Երբվանի՞ց:

- Դա իրավական հարց է:

- Իսկ առաջիկայում ե՞րբ կլինի համագումար:

- Շուտով:

- Ե՞րբ:

- Առաջիկայում:

- Գուցե կանոնադրության փոփոխություններն անում եք այն նպատակով, որ միության նախագահ ընտրվի որեւէ համայնքի ղեկավա՞ր:

- Ցանկացած մեկն էլ կարող է դառնալ, ոչ մի խնդիր: Հիմա էլ կարող է դառնալ: