Քաղաքապետարանը փաստաթուղթը գաղտնի է պահում

Քաղաքապետարանը փաստաթուղթը գաղտնի է պահում

Երևանի քաղաքապետարանը գաղտնի է պահում քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանի կողմից տրված պարգևավճարների ցուցակը։ Հիշեցնենք՝ մենք գրել էինք, որ քաղաքապետարանը կրկին պարգեւավճարներ է բաշխում աշխատակազմի եւ վարչական շրջանների աշխատողներին, բայց միայն յուրայիններին։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը վարչական շրջանի աշխատակազմի մոտ 20 տոկոսին ընդհանրապես պարգևավճար չի տվել եւ եղած գումարը բաժանել է իր մոտիկներին։

Ընդ որում, ուշագրավ է, որ պարգեւավճարների բաշխումը կատարվում է խախտումներով՝ հրամանը ստորագրում է ոչ թե քաղաքապետը, այլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանը, որը Ավետ Պողոսյանի մորաքրոջ տղան է։ Առհասարակ, վարձատրության հետ կապված փաստաթղթերը հրապարակման ենթակա են, սակայն երիտասարդ իշխանավորները բազմաթիվ անօրինական նորամուծությունների շարքում, սա էլ դարձրեցին հրապարակման ոչ ենթակա։ Մենք գրավոր հարցումով քաղաքապետարանից պահանջել էինք ներկայացնել պարգևատրվածների ցանկը, ապա խնդրել էինք պարզաբանել, թե արդյոք աշխատակազմի ղեկավարը իրավասու է համայնքային բյուջեն տնօրինել և պարգևավճարներ տալ։ Քաղաքապետարանից պատասխանել են․

«Տեղեկացնում ենք, որ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համայնքային ծառայողի խրախուսումը իրականացնում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Միաժամանակ, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, համայնքային ծառայության գլխավոր խմբի և առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, իսկ առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում` աշխատակազմի քարտուղարը։ Քանի որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կարգադրությունները պարտադիր հրապարակման ենթակա չեն և միաժամանակ պարունակում են անձնական տվյալներ,  ցանկը տրամադրել չենք կարող։ Տեղեկացնենք նաև, որ պարգևատրվել է վարչական շրջանների աշխատակիցների շուրջ 98 տոկոսը»:

Այսինքն՝ փաստացի քաղաքապետարանը գաղտնի է պահում պարգևատրվածների ցանկը՝ պարզաբանելով, թե իբր անձնական տվյալներ են պարունակում։